298 միլիոն ամերիկյան դոլար։ Առաջիկա օրերին աշխարհի խոշորագույն պետություններն ու Պարսից ծոցի արաբական միապետությունները այսքան գումար կտարամադրեն Լիբանանի կառավարությանը՝ օգոսոտոսի չորսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունների հետևանքները հաղթահարելու նպատակով։
Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին, Լիբանանի նախկին մետրոպոլիայի՝ Փարիզի նախաձեռնությամբ շտապ կարգով հրավիրված դոնորների հեռավար համաժողովի ընթացքում։
Տրամադրվող գումարը սակայն պայթյունների հետևանքով Լիբանանի կրած ուղղակի վնասների ընդամենը 20 տոկոսն է ի վիճակի փոխհատուցել։ Ֆրանսիայի իշխանությունները պնդում են, որ միջազգային հանրությունը Լիբանանին հետագայում ևս կշարունակի օժանդակություն տրամադրել, բայց՝ արդեն հստակ տնտեսական ու քաղաքական բարեփոխումների կյանքի կոչման դիմաց։
Երեկ կայացած դոնորների կոնֆերանսին մասնակցում էր նաև Միացյալ Նահանգների նախագահը, որը սակայն առայժմ չի հստակեցնում, թե որքան է կազմելու Լիբանանին հատկացվող ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը։
«Մենք կոնկրետ թիվ չենք ասել, սակայն այդ օգնությունը շատ նշանակալի կլինի։ Այն միտված կլինի մարդասիրական կարիքները հոգալուն։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է երկիրը վերապրել նման ողբերգությունը։ Տեղի ունեցած աղետի ծավալները, շատերի համոզմամբ, ուղղակի աննախադեպ են», - հայտարարել է Թրամփը։
Տեղի ունեցած պայթյունների հետևանքով Լիբանանի գլխավոր տրանսպորտային հանգույցը՝ Բեյրութի նավահանգիստը, գործնականում ոչնչացված է։ Չի բացառվում, որ դրա հետևանքով արդեն առաջիկա օրերին երկրում պարենային ճգնաժամ սկզիբ առնի։ Նման պայմաններում իր օժանդակությունն է առաջարկում ժամանակին Լիբանանը իր ենթակայության տակ պահած ևս մեկ պետություն՝ Թուրքիան։ Այս երկրի փոխնախագահն ու արտաքին գործերի նախարարը Բեյրութ ժամանեցին շաբաթ օրը։
«Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ Թուրքիան պատրաստ է օգնություն տրամադրել Բերյութի նավահանգստի և հարակից տարածքների վերականգման համար։ Բացի այդ, Թուրքիան պատրաստ է Մերսինի նահանգիստը ծառայեցնել Լիբանանին կարիքներին, որպես բեռների պահեստավորման և մաքսային ձևակերպումների կետ։ Քանի դեռ Բեյրութի նավահանգիստը չի վերականգնվել, Մերսին ժամանած բեռները կարող են ավելի փոքր նավերով տեղափոխվել Լիբանան», - հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Օքթայ Ֆուաթը։
Լիբանանի բնակչության մի զգալի մասը սակայն վստահ է, որ երկրին տրամադրվող օգնությունը կշարունակվի թալանվել կոռումպացված կառավարության կողմից, որի անդամների մասնագիտաան կարողությունների ամենավառ դրսևորումը, շատերի համոզմամբ, դարձան օգոստոսի 4-ի պայթյունները։
Շաբաթ օրվանից հազարավոր մարդիկ են դուրս գալիս Բեյրութի փողոցներ՝ պահանջելով ոչ կոմպետենտ կառավարության հրաժարականը և արմատական ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացում։ Լիբանանի ոստիկանությունը ցուցարարների դեմ մահակներ և արցունքաբեր գազ է կիրառում, ինչը սակայն առանձնապես չի օգնում։ Վերջին օրերին բողոքի ակցիաների մասնակիցներին մի քանի ժամով հաջողվեց գրավել սկզբում արտաքին գործերի, ապա տրանսպորտի նախարարությունների շենքերը։ Անցած գիշեր հիմնական բախումները ծավալվել էին Լիբանանի խորհրդարանին հարող տարածքում։
«Մարդիկ սնունդ չունեն, ջուր չունեն, նրանց տները ավերակների են վերածվել։ Այս մարդիկ նույնիսկ վերադառնալու տեղ չունեն։ Ինչպես ասում են՝ անհնարին է պայքարել մարդկանց դեմ, որոնք այլևս կորցնելու բան չունեն, - նշում է ցուցարարներից մեկը։
Գագաթնակետին հասած այս դժգոհության ֆոնին անվտանգության ոլորտի, ֆինանսական և պարենային ճգնաժամերին ավելացավ նաև կառավարականը։
Վերջին 48 ժամերին հրաժարական են ներկայացրել Լիբանանի կառավարության 21 անդամներից չորսը՝ արդարադատության, ֆինանսների, տեղեկատվության և բնապահպանության նախարարները։
Լիբանանի 120 հոգանոց խորհրդարանի վեց պատգամավորներ ևս, բողոքելով երկրում տիրող կացության դեմ, հայտարարեցին մանդատները վայր դնելու մտադրության մասին։ Հրաժարական ներկայացրած պատգամավորների թվում է նաև հայազգի օրենսդիր Փոլա Յակուբյանը։
«Հաշվի առնելով այն բարոյական քայքայվածությունը, որում այսօր հայտնվել է ցանկացած լիբանանցի, ես դիմել եմ խորհրդարանի ղեկավարությանը՝ ներկայացնելով հրաժարականի իմ դիմումը», - հայտարարել է Յակուբյանը։
Այս ճգնաժամի ֆոնին Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը չի բացառում, որ երկրում կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվել, ինչը նշանակում է, որ պետական բյուջեի միջոցների մի մասը անխուսափելիորեն ուղղվելու է ոչ թե Բեյրութի վերականգնմանը, այլ ընտրական պրոցեսը կազմակերպելուն։
Միջազգային և տեղացի դիտորնդերից շատերի համոզմամբ սակայն, արտահերթ ընտրությունները չեն կարող լուծել երկրի առջև ծառացած խորքային խնդիրները։ Մասնագետների համոզմամբ, Լիբանանում առկա խնդիրների խորքային պատճառը երկրի կառավարման համակարգի յուրահատկություններն են։
1989 թվականին կնքված Թաիֆի համաձայնագրի դրույթներով, Լիբանանում իշխանության ճյուղերի բաժանումը ուղղակիորեն կապված է երկրի բնակչության կրոնական պատկերից։ Նախագահի պաշտոնում ընտրվում է բացառապես քրիստոնյա մարոնիտների համայնքի ներկայացուցիչը, վարչապետի պաշտոնը սուննի մահմեդականներինն է, իսկ խորհրդարանի խոսնակ կարող է դառնալ բացառապես շիա համայնքը ներկայացնող որևէ մեկը։
Այդ իրավիճակում բարձրագույն պաշտոններում նշանակումները իրականացվում են ոչ թե այս կամ այն գործչի մասնագիտական կարողությունների, այլ նրա կրոնական պատկանելության հիմքի վրա։