Մատչելիության հղումներ

Լիբանանի հայկական վարժարանը, բժշկական կենտրոնը պայթյունից բավականին վնասներ են կրել


Ուսումնական տարին կբացվի՞ Բեյրութի հայկական վարժարաններում, պարզ չէ, 650 սան ունեցող Ազգային միացյալ վարժարանի կրթական տնօրեն Գրիգոր Էքմեջյանն ասում է` «կարևորը ճշտել ենք, բոլոր սաներն անվնաս են մնացել», կփորձեն դասերը վերսկսել:

«Մենք Լիբանանի կրթության նախարարության որոշմանն ենք սպասում, բայցևայնպես մեր նախատեսումն է, որ սեպտեմբերի երկրորդ կեսին, եթե ամեն բան կարգին լինի, բնականոն իր վերամուտը կունենանք տարեշրջանի, այլապես համավարակի կամ այլ պատճառներով պիտի շատ հավանաբար հեռակա ուսուցման կարողությունները պատրաստենք», - ասաց նա:

Երեք տարի առաջ 14 միլիոն դոլարով կառուցված Միացյալ վարժարանի շենքը պայթյունից մեծ վնասներ է կրել, այսօր այստեղ էին Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և խորհրդարանական Լիբանան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը:

«Մոտավորապես եթե հիմա սկսեն աշխատանքները, և որևէ խոչընդոտ չլինի, 3 ամիս կպահանջվի, որպեսզի վարժարանի շենքը վերադառնա իր հին տեսքին: Հետաքրքրվեցի նաև` որքան գումար կարժենա, ասացին, որ մոտ 300 հազար դոլարի կարգի գումար կարժենա, բայց այստեղ տեղում կան այլ խնդիրներ, օրինակ` չկա ապակի, չկա շինարար, որ գա, աշխատի շենքի վրա, խնդիրները բավականին շատ են: Չգիտեմ` Հայաստանի Հանրապետությունը, հիմնադրամը նույնպես որքանով աջակցություն կկարողանա ցուցաբերել, բայց ամեն դեպքում հետամուտ ենք լինելու, փորձելու ենք հնարավորինս աջակցություն ցուցաբերել», - ասաց Հակոբյանը:

Ի դեպ, վարժարանում է պահեստավորված Արցախի կառավարության օգնությունը լիբանանահայ համայնքին: Հայաստանն արդեն, հիշեցնենք, 40 տոննա աջակցություն` դեղորայք ու սնունդ է հասցրել Լիբանանի կառավարությանն ու տեղի հայ համայնքին: Հատկապես բժշկական պիտույքների կարիքը մեծ է, ասում է «Կարագյոզյան» կենտրոնի տնօրեն Սերոբ Օհանյանը: «Կարագյոզյանը» բարեսիրական հիվանդանոց է, որ տասնամյակներ շարունակ անվճար բուժօգնություն է տրամադրում Լիբանանի կարիքավորներին, կապ չունի` հայ են, թե ոչ:

«Մեր կենտրոնը բաց է բոլորի համար` հայ, ոչ հայ, լիբանանցի և ոչ լիբանանցի, սիրիացի, իրաքցի, իբրև բուժհաստատություն մեր սրտերը բաց են բոլորի համար: Անշուշտ, անձնակազմը` բժիշկներ, բուժքույրեր, սոցիալական, ընկերային գործիչներ, բոլորը հայ են», - նշեց Օհանյանը:

Պայթյունից այս բուժհաստատությունն էլ է տուժել: Հաջորդ օրը, սակայն, կարողացել են շուրջ 350 հոգու սպասարկել: «Կարագյոզյան» կենտրոնի ներսում, բակում խիտ հերթեր են, սպասողները հայեր են և փախստականներ:

Բուժքույր Վարդուհին է ընդունել Սիրիայից փախստական Աիդայի բոլոր 6 աղջիկների ծնունդը: Բուրջ Համուդում գործող հայկական բարեգործական հիվանդանոցները պայթյունի ու դրան հաջորդած օրերին աներևակայելի ծանր օրեր են անցկացրել, ասում է Լիբանանի օգնության խաչի Պուլղուրճյան ընկերաբժշկական կենտրոնի աշխատակիցը. - «Մկանները պատռված էին, դեմքերը պատռված էին, շատ ցավալի է, ջանացինք մեր ունեցած կարողություններից շատ ավելին տալ»:

Բժիշկները հիվանդներին սպասարկել են նաև դրսում` գետնին, այլ տարբերակ չկար, ասում է աշխատակիցներից Կարոլ Քուզոյանը. - «Դրսում սեղան էինք փռել, ապրանք էինք դրել, որ արագ գործերը դրսում աշխատեինք, ունեինք կամավոր երիտասարդներ, ովքեր գաղափար ունեին շտապօգնությունից, դրսում շատ արագ ձևով օգտակար էին դառնում ժողովրդին»:

Բեյրութի պայթյունից 13 հայ մահացավ: Շատերը մահացան պարզապես փլուզված հիվանդանոցների ու փակված ճանապարհների պայմաններում, նրանցից շատերը բուժօգնություն չստացան. - «Ահավոր էր վիճակը, Վարուժան Թոսունյանը մահացավ տան մեջ արյունլվա...»:

Տիկին Արփին Լիբանանի օգնության խաչից է, ապրում է Ռաբատ փողոցում, որտեղ ամենամեծ ավերներն են: Մահացածների ընտանիքների, վիրավորների հոգսերով է ապրում, ցուցակագրել է բոլորին, որ կարողանա բոլորի համար օգնություն կազմակերպել: Ասում է` պայթյունը երբ որոտաց, «ես ինձ արագ դասավորեցի, որ հասնեմ մյուսներին»: «Ամուսինս նստեց գետնին` աստիճանների վրա, ես վրայից ցատկեցի, ինչպես ցատկեցի չգիտեմ, գլորվեցի աստիճաններով ներքև, տեսա, որ արյունլվա, մի քիչ ինքս ինձ դասավորեցի, որ կարողանամ հասնել ուրիշներին»:

Ավերակ թաղամասը լի է կամավորներով, պատուհանները ժամանակով պոլիէթիլենով են փակվում, երիտասարդները տուժածների դեղատուփերն են քրքրում, որ ջրից, սննդից բացի, անհրաժեշտ դեղորայք հասցնեն:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG