Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը վստահեցնում է, որ Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվի որևէ թեկնածու, որն արժանի չէ այդ պաշտոնին, ընտրության չափորոշիչները հեղափոխական են. - «Ես բացառում եմ, որ ընտրությունների արդյունքում կանցնի այնպիսի թեկնածուն, որը չի համապատասխանի բարձր չափանիշների»:
Բարձր դատարանի դատավորների երեք թափուր պաշտոնում արդեն երկու թեկնածու է առաջադրվել։ Կառավարությունից` Վահրամ Ավետիսյանը, Դատավորների ընդհանուր ժողովից՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։
Կրքերը եռում են հատկապես Վահրամ Ավետիսյանի շուրջ։ Նա Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է, իսկ Ավետիսյանը, քաղբանտարկյալների ու իրավապաշտպանների պնդմամբ,2008 թվականից սկսած դակել է քաղաքական վճիռներ։
Նախկինների հետ սերտ կապված Դավիթ Ավետիսյանի որդու թեկնածությանը չի առարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հենց նրա գլխավորած նիստում միաձայն հաստատվեց իրավաբանական գիտությունների դոկտորի թեկնածությունը։
Նիկոլայ Բաղդասարյան. - «Պայմանական ասեմ իրավիճակ՝ եթե իքս թեկնածուի հոր նկատմամբ կան կոմպրոմատներ, կան նյութեր նախորդ իշխանության ձեռքերում, և դա կաշկանդի տվյալ թեկնածուն ճիշտ որոշում կայացնելու. այս ձևակերպումով մերժելը թեկնածությունը ընդունելի է: Այլ ձևակերպումով, որ ուղղակի հայրը նախկինում զբաղեցրել է պետական պաշտոն կամ կայացրել է այս կամ այն գործով դատական ակտը, ինձ համար անընդունելի է»:
Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների համար տարակուսելի է Վահրամ Ավետիսյանի դեմ ընդվզումը։
«Թեկնածուի մասին ինչո՞ւ պետք է կարծիք կազմել հոր կատարած աշխատանքով», - զարմանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, թեև ըստ պատգամավորի՝ Վահրամ Ավետիսյանի հայրն էլ բարոյականության օրինակ է. - «Բավականին լուրջ մասնագետ է Դավիթ Ավետիսյանը, բարոյական բարձր կերպար ունեցող անհատականություն: Եվ շատերը լավի կլիներ նաև, որ այդ մարդու բարոյական կերպարը օրինակ դարձնեն իրենց վարքագիծը կազմակերպելու համար: Նույն քաղբանտարկյալների փաստաբանները պետք է ասեն, կոնկրետ չգիտեմ որ գործով են ասում, թե, օրինակ, ինչ ապացույցներ են ներկայացվել դատարան, որոնք անտեսվել են դատարանի կողմից»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետորսյանին վրդովեցնում է «նախկիններ» որակումը։ Ասում է` արհեստական բաժանում է. քիչ չեն նախկինները, որ հանգրվանել են իշխանության գրկում եւ համերաշխ աշխատում են. - «Որդին կարող է կոնկրետ գործով, եթե կա շահերի բախում, ինքնաբացարկ ներկայացնել, չմասնակցել այդ գործով քննությանը: Վահրամ Ավետիսյանի հետ մենք աշխատանքային ընկերներ ենք համալսարանում: Ես չեմ կարող որևէ բացասական բան ասել»:
Վահրամ Ավետիսյանը Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական ամբիոնի վարիչն է։ Կառավարության թեկնածուի անցած ուղով, 2008 թվականի արյունալի իրադարձությունների ու դրան հաջորդած քաղաքական բանտարկությունների վերաբերյալ նրա դիրքորոշումներով իշխանական պատգամավորները հետաքրքրվել են անցած շաբաթ փակ հանդիպման ժամանակ։ Հարցերի պակաս չի եղել, բայց թե թեկնածուի պատասխաններից ինչ եզրահանգման են եկել, դեռ չեն հայտարարում։ Համարո՞ւմ են նրան արժանի թեկնածու, կառավարության թեկնածուի օգտին միաձայն կողմ կքվեարկեն, թե՞ աղմուկից հետո ընտրությունը կթողնեն յուրաքանչյուրի խղճին:
Նիկոլայ Բաղդասարյան. - «Ազգային ժողովը միայն փակ գաղտնի քվեարկությամբ կպատասխանի ձեր հարցին»:
«Իմ քայլը» խմբակցությունից Անդրանիկ Քոչարյանը ակնարկել է, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի որդու թեկնածության դեպքում իր կարծիքը կարող է տարբերվել մյուսներից։ Հիշեցրել է, որ ինքը մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ է եղել, իր քաղբանտարկյալ ընկերներն էլ առողջությունը կորցրել են դատական համակարգի ապօրինի որոշումների հետեւանքով։
Նիկոլայ Բաղդասարյան. – «Կառավորությունը լիազորություն ունի առաջադրելու թեկնածություն, իսկ Ազգային ժողովը լիազորություն ունի ընտրելու կամ չընտրելու»:
Իրավապաշտպանների խոշորացույցի տակ է նաև Վճռաբեկ դատարանի վարչական ու քաղաքացիական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի կենսագրությունը։ Երկարամյա դատավոր է եղել նախկինների օրոք, դժգոհում են իրավապաշտպանները՝ առաջարկելով, որ 15 տարվա մասնագիտական փորձով թեկնածուներին փնտրեն հետհեղափոխական շրջանում դատավոր նշանակվածների ցանկում։
Դատական իշխանությունը ունի լեգիտիմության պակաս, խոստովանում է Բաղդասարյանը, բայց Դատավորների ընդհանուր ժողովն այլընտրանք չուներ, թեկնածուն պետք է դատավորներից մեկը լիներ. – «Յուրաքանչյուր թեկնածուի դրական կամ բացասական կողմերը կքննարկվի: Ստեղ այլ խնդիր կա, որ դատական իշխանությունը ինքնին լեգիտիմության խնդիր ունի»:
Իսկ որտե՞ղ փնտրել անբասիր կենսագրությամբ, 15 տարվա մասնագիտական փորձառությամբ թեկնածուներին, որ նախկինների հետ աղերս չունենան. – «Կարծում եմ, որ այդ թեկնածուներին պետք է ման գալ ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, այլև մեր էն գործընկերները, որ ժամանակին ստիպված լքել են Հայաստանի Հանրապետությունը: Եվ մենք նման պրոֆեսիոնալ իրավաբաններ ունենք»:
Երվանդ Խունդկարյանի թեկնածության վերաբերյալ էլ առարկություն չունեն ընդդիամդիր պատգամավորները։
Տարոն Սիմոնյանը այս դեպքում էլ պնդում է, որ նա համապատասխանում է ՍԴ դատավորի չափանիշներին։ Դատական համակարգն ամբողջությամբ նախկին է, ու այդ համակարգի վեթինգից հենց իշխանությունն է հրաժարվել . – «Դա արդեն բավարար հիմք է պնդելու համար, որ իշխանությունները դատական համակարգի դատավորներին նորմալ են համարում, որ նշանակվեն այնպիսի բարձր պաշտոններում, ինչպիսին, օրինակ, Բարձրագույն դատական խորհուրդն է կամ Սահմանադրական դատարանը»:
Տարոն Սիմոնյանը սիրով կքվեարկեր այս թեկնածուների օգտին, եթե «Լուսավոր Հայաստանում» քվեարկությանը մանսակցելու վերջնական որոշում լինի։ Սահմանդրական փոփոխությունները, որով ազատվել են դատավորները, ընդդիմադիր խմբակցությունը դեռ պետք է վիճարկի Սահմանադրական դատարանում, այս դեպքում գուցե նպատակահարմար չհամարեն քվեարկությանը մասնակցելը. – «Ուղղակի էդ պետք է հասկանանք. վիճարկելու ընթացքում մեր մասնակցությունը ընտրությանը նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ»:
«Բարգավաճ Հայաստանը» 2018-ին Խունդկարյանի օգտին քվեարկել է, երբ նա Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու էր, ՍԴ դատավորի պաշտոնում էլ կարծիք չի փոխվել, հիշեցնում է Գևորգ Պետրոսյանը։ Սահմանդրական դատարանի նոր կազմի ձևավորման գործընթացի օրինականությունը վիճարկում է նաեւ ԲՀԿ-ն. – «Պարզապես «Բարգավաճ Հայաստանը» դեռ չի քննարկել կոնկրետ թեկնածուի հետ կապված քվեարկությանը մասնակցելու խնդիրը, որովհետև մենք ի սկզբանե օրենսդրությանը հակասող ենք գնահատել Սահմանադրական դատարանի չակերտավոր վերակառուցման գործընթացը: Հիմա պետք է մենք քննարկենք, թե արդյոք տրամաբանական կլինի, որ մենք խոսելով, որ Սահմանադրական դատարանի այսպես ասած վերակառուցման գործընթացը հակաօրինական է, մենք հիմա փաստորեն մաս կազմենք էդ գործընթացին և մասնակցենք քվեարկությանը»:
Նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի պաշտոնանկությունից հետո Սահմանդրական դատարանում թափուր է երեք պաշտոն։ Երրորդ թեկնածուն դեռ հայտնի չէ, նրան կառաջադրի նախագահ Արմեն Սարգսյանը։
Ընտրությունները, ամենայն հավանականությամբ, աշնանը մեկնարկող Ազգային ժողովի հերթական նիստերում կլինեն, իսկ Սահմանադրական դատարանում մինչ թափուր տեղերի համալրումը նիստեր չեն կայանում քվորումի բացակայության պատճառով։
Այս պահին ՍԴ կազմում վեց դատավոր են, որից երկուսը՝ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը, արձակուրդում են։