Մատչելիության հղումներ

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել Երվանդ Խունդկարյանին


Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու է ընտրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին՝ 145 ձայնով:

Դատավորների ընդհանուր ժողովին երկու դատավոր էր առաջադրել իր թեկնածությունը, դիմումներից մեկը Երվանդ Խունդկարյանն էր ներկայացրել, մյուսը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը:

Սահմանադրական դատարանում երեք թափուր տեղերն առաջացել են մեկ ամիս առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ դադարեցվեցին Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։

Կառավարությունն ավելի վաղ ներկայացրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ ՍԴ դատավորի մյուս թեկնածուին էլ նախագահը պետք է առաջադրի։

Դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանին՝ 97 ձայնով:

XS
SM
MD
LG