Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանը և ՍԴ երեք նախկին դատավորները հիմնական գանգատը ՄԻԵԴ կներկայացնեն մինչև օգոստոսի 28-ը


ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյան
ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյան

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք նախկին դատավորները իրենց խախտված իրավունքների վերաբերյալ հիմնական գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացնելու են մինչև օգոստոսի 28-ը:

«ՄԻԵԴ-ի պրակտիկայում ընդունված է. եթե դա շտապ է, մինչև հիմնական դիմումը ներկայացնելը կարելի է ներկայացնել միջանկյալ միջոցը կիրառելու դիմում: Որից հետո, եթե բավարարվում կամ չի բավարարվում, դու ժամանակ ունես քո հիմնական դիմումը ներկայացնելու: Հիմա մեզ մինչև օգոստոսի 28-ը ժամկետ է տրվել, որ էդ հիմնական դիմումը արդեն ներկայացնենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալվինա Գյուլումյանը:

Եվրոպական դատարան նրանք միջնորդություն էին ներկայացրել` պահանջելով սառեցնել սահմանադրական փոփոխությունները մինչև իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումի քննության ավարտը: Սակայն Եվրոպական դատարանն օրեր առաջ մերժել էր այս պահանջը:

Այս որոշման հրապարակմանը հաջորդել էր «Գյուլումյանը և մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ում ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանի հայտարարությունը, թե դիմումի քննությունը սկսվել է, շարունակվում է, և դատարանը կողմերին ժամկետ է տվել փաստաթղթեր ներկայացնելու համար, և այդ ժամկետը մինչև օգոստոսի 28-ն է: Այնինչ այդ ժամկետում հիմնական գանգատն են ներկայացնելու:

«Մինչև օգոստոսի 28-ը: Ես չեմ կարող ասել կոնկրետ որ օրը կներկայացնենք, որովհետև դա լուրջ փաստաթուղթ է, պետք է պատրաստվի: Առավել մանրամասն` հիմնավորումներով, հոդվածներով, կներկայացնենք», - ասաց Գյուլումյանը:

Սահմանադրական փոփոխություններով հունիսի 26-ից դադարել են Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները: Հրայր Թովմասյանը զրկվել է միայն ՍԴ նախագահի պաշտոնից, նա շարունակում է պաշտոնավարել որպես դատավոր: Իսկ մյուսներն ազատվել են դատավորի պաշտոններից:

Սահմանադրական փոփոխություններով դադարել են այն դատավորների լիազորությունները, որոնց ընդհանուր պաշտոնավարման 12 տարին լրացել է:

Ալվինա Գյուլումյանը պնդում է, որ իր դեպքում 12 տարվա ժամկետը չի լրացել, քանի որ 2014 թվականին է նշանակվել, և չպետք է գումարեին նախկին ժամկետում աշխատած տարիները:

Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց լիազորությունները դադարեցվել են խախտումներով, որոնց հետքերով մինչև Եվրոպական դատարան հասնելու են:

Սահմանադրական դատարանում երեք դատավորի թափուր պաշտոններում Կառավարության, Նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրումները կսկսվեն երկամսյա ժամկետում, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո։

Այս պահին դատարանի ինը հոգանոց կազմից չորս դատավոր է աշխատում, ինչը բավարար չէ նիստեր հրավիրելու համար։ Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են սահմանդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու նախորդ օրվանից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG