Սահմանադրական փոփոխություններով Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը և աշխատանքից ազատված դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
Իրենց լիազորությունների դադարեցման օրինականությունը վիճարկելուց բացի պահանջում են, որ Ստրասբուրգի դատարանը միջանկյալ միջոց կիրառի Հայաստանի նկատմամբ։ Այսինքն իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումը քննելու ընթացքում դադարեցվեն սահմանադրական փոփոխությունները, և իրենք շարունակեն պաշտոնավարել։
Միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ ՄԻԵԴ-ից Հայաստանի կառավարությանը հարցեր են ուղղվել, «Ազատության» հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Այս իրավիճակում առաջադրված հարցերը, բնականաբար, վերաբերվել է ընթացող պրոցեսին, սահմանադրական բարեփոխումների իրավաչափությանը, սահմանադրական կարգավորումներին և այս ամբողջ ընթացքին, որի մասին մանրամասն փաստարկված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ուղարկվել է Եվրոպական դատարանին: Իհարկե, դիմումատուները պահանջում էին, եթե չեմ սխալվում, նաև ի թիվս այլի՝ կասեցում սահմանադրական [փոփոխությունների] պրոցեսի», - ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը:
Թե Հայաստանի ներկայացրած փաստարկներից հետո ինչ որոշում կընդունի ՄԻԵԴ-ը, հայտնի կլինի այս շաբաթ: Եղիշե Կիրակոսյանը կարծում է, որ այս դեպքում միջանկյալ միջոցի կիրառման, այն է՝ սահմանադրական փոփոխությունների դադարեցման համար բավարար չափով հիմնավորում չկա, դատարանի նախադեպերն են այդ մասին վկայում:
«Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը որպես կանոն, հիմնականում մեր ունեցած պրակտիկայի դեպքերում, սահմանափակվում է կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների դեպքում, երբ որ դիմումատուների իրավունքներին կարող է հասցվել անդառնալի հետևանքներ: Ուսումնասիրելով դատարանի պրակտիկան, գտնում ենք, որ այդ միջոցի կիրառման համար բավարար չափով հիմնավորում չկա», - նշեց Հայաստանի ներկայացուցիչը:
Իսկ եթե, այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը բավարարի դիմումատուների պահանջը, կարո՞ղ է պարտադրել Հայաստանին դադարեցնել սահմանադրական փոփոխությունների կատարման գործընթացը, թե՞ դրանք կարող են շարունակվել՝ անկախ որոշումից։
«Ես չեմ կարծում, որ նման կերպ կզարգանան իրադարձությունները: Իմ կարծիքը, եթե հարցնեք նաև որպես իրավաբանի, ով ծանոթ է Եվրոպական դատարանին որպես միջազգային դատական ատյանի, չեմ կարծում, որ դատարանը նման իրավասություններ ունի: Դա, ճիշտն ասած, արդեն որոշակիորեն նաև ինչ-որ սահմաններից դուրս կլինի», - ընդգծեց Կիրակոսյանը:
Ալվինա Գյուլումյանը չմանրամասնեց, թե որ խախտված իրավունքներն են վիճարկում Եվրոպական դատարանում, բայց ասաց՝ եթե Եվրոպական դատարանը բավարարի միջանկյալ միջոցի կիրառման պահանջը, ապա Հայաստանը պարտավոր է այն կատարել:
«Ազատության» հարցին՝ այսինքն շարունակեն պաշտոնավարե՞լ, մինչև լինի ՄԻԵԴ-ի որոշումը, Գյուլումյանը պատասխանեց. «Այո: Որևէ մեկնաբանություն դիմումի վերաբերյալ չեմ տալիս, մենք չորս հոգով ենք դիմել և միասնական մոտեցում ենք ուզում ցուցաբերել, պայմանավորվածություն կա, որ առանձին-առանձին չենք խոսի»:
Եղիշե Կիրակոսյանն ասաց՝ սահմանադրական փոփոխությունների դադարեցման պահանջի վերաբերյալ որոշումից հետո ՄԻԵԴ-ը կքննի դիմումատուների պաշտոնանկության իրավաչափությունը։
«Երկու տարբեր պրոցեսներ են, սա միջանկյալ միջոցի մասին, այսպես ասած, քննարկումն է, որն ավարտվելու է այս ընթացքում», - նշեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը:
Բարձր դատարանի նախագահի և երեք անդամի լիազորությունների դադարեցման սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են հունիսի 26-ից։ Սա վերաբերում է այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Հրայր Թովմասյանի լիազորությունները միայն նախագահի պաշտոնում են դադարել, որպես դատավոր շարունակվում են։ Վերջինս ավելի վաղ հայտարարել է՝ այդ իրավական ակտը առ ոչինչ է, իսկ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը պնդել են՝ իրենց լիազորությունները դադարեցվել են օրենքների խախտմամբ, և իրենց խախտված իրավունքների համար պայքարելու են մինչև վերջ։
Ալվինա Գյուլումյանը հիմնավորել էր նաև, թե իրենց լիազորությունները դադարեցված չեն կարող համարվել, քանի դեռ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություն չի կատարվել։
Ազգային ժողովն անհրաժետ փոփոխությունները կատարել է, բայց դեռ ուժի մեջ չեն։ Այս պահին ՍԴ-ում թափուր է երեք դատավորի պաշտոն, թեկնածուների առաջադրումները երկամսյա ժամկետում պետք է կատարվեն։