Մատչելիության հղումներ

«Իմ քայլ»-ի պատգամավորը բացառում է ՍԴ այնպիսի դատավորի ընտրությունը, որն արժանի չլինի այդ պաշտոնին


Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը զրուցում է «Ազատության», Երևան, 2-ը օգոստոսի, 2020թ.
Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը զրուցում է «Ազատության», Երևան, 2-ը օգոստոսի, 2020թ.

Մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ և հատկապես 2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մի քանի տասնյակ անձինք դիմել էին Կառավարությանը՝ հորդորելով հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Նրանք պնդում են՝ Սահմանադրական դատարանի բարեփոխումները պետք է ուղղված լինեն բարձր դատարանում անկախ դատավոր ունենալուն, մինչդեռ Վահրամ Ավետիսյանը չի համապատասխանում այդ հատկանիշներին: Ընդգծվում է նրա ոչ թե մասնագիտական հատկանիշները, այլ բարոյական պատասխանատվության հարցը, խոսվում է շահերի հնարավոր բախման մասին. թեկնածուի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը 2008-ից 2016 թվականներին պաշտոնավարել է որպես Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ, քննել նաև «Մարտի 1»-ին առնչվող գործեր:

Վահրամ Ավետիսյանը մի քանի օր առաջ լրագրողներին ասել էր, թե չի պատրաստվում դառնալ «դատական համակարգի մեղքերի քավության նոխազը», այս պահին առաջադրումից հրաժարվելու որևէ հիմք չի տեսնում:

ՍԴ դատավորներին ընտրում է Ազգային ժողովը առնվազն 80 կողմ ձայնով, այսինքն՝ ընտրությունը կախված է իշխող մեծամասնության քվեներից:

Թեմայի շուրջ «Ազատություն»-ը զրուցել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ.

Նիկոլայ Բաղդասարյան. – Ես բացառում եմ այն տարբերակը, որ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի մի դատավոր, որը արժանի չի լինի այդ պաշտոնը կրելու: Կարծում եմ՝ սխալ ձևակերպում է, որ հոր պատճառով տղային չպետք է ընտրել, ձևակերպումը բացառապես կարող է լինել այն, որ արդյո՞ք թեկնածուն կարող է ունենալ այնպիսի կախվածություն, որ ազդեցության տակ լինելով՝ այլ որոշում կայացնի, ոչ թե այն, ինչ որ բխում է օրենքից, Սահմանադրությունից: Պայմանական ասեմ իրավիճակ՝ եթե իքս թեկնածուի հոր նկատմամբ կան կոմպրոմատներ, կան նյութեր նախորդ իշխանության ձեռքերում, և դա կաշկանդի տվյալ թեկնածուն ճիշտ որոշում կայացնելու. այս ձևակերպումով մերժելը թեկնածությունը ընդունելի է, այլ ձևակերպումով, որ ուղղակի հայրը նախկինում զբաղեցրել է պետական պաշտոն կամ կայացրել է այս կամ այն գործով դատական ակտը, ինձ համար անընդունելի է:

Վճռաբեկ դատարանի որոշ դատավորների մասին շատ-շատ բաներ կարող ենք ներկայացնել, բայց միաժամանակ դեմ եմ այն մոտեցմանը, որ հայրը այս անձնավորությունն է՝ տղային հետևաբար պաշտոն չտալ կամ տղային վանել մեր հասարակությունից:

«Ազատություն». – Վահրամ Ավետիսյանի դեպքում կա՞ մի փաստարկ, որ կարող եք նշել, որ ահա, այս պատճառով, օրինակ, չի համապատասխանում հեղափոխական չափորոշիչներին, որով պիտի ձևավորվի Սահմանադրական դատարանի նոր կազմը:

Բաղդասարյան. – Ես ուղղում մտցնեմ՝ ոչ թե փաստարկ, որ չի համապատասխանում հեղափոխության չափանիշներին, այլ փաստարկներ կան, որ նա համապատասխանում է կամ չի համապատասխանում սահմանադրական չափանիշներին, կամ ներքին պատգամավորի համոզմունքից:

Իսկ ինչ վերաբերում է բուն փաստարկին՝ եթե այս պահին փաստարկը ներկայացնեմ դրական կամ բացասական, կստացվի, որ կանխորոշում եմ իմ ընտրությունը:

«Ազատություն». – Դատավորների ընդհանուր ժողովն էլ առաջադրել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, որը, իշխանականների բառապաշարով ասեմ՝ նախկինների հետ, նախկինների օրոք աշխատել է, այսինքն՝ երկարամյա դատավոր է եղել, Վճռաբեկ դատարանի նախագահ է եղել, թեկուզ՝ Քաղաքացիական պալատի, և այս օրերին շատ է քննարկվում՝ այնպիսի թեկնածու ընտրել, որը նախկինների օրոք որևէ որոշում կայացրած չլինի, կապ չունենա: Այս իմաստով, ի վերջո ի՞նչ թեկնածու պետք է ընտրեք, որ առնչություն չունենա նախկին իշխանությունների հետ իր ծավալած գործունեությամբ: Երվանդ Խունդկարյանի դեպքում նույն խնդրին չե՞ք բախվում, ինչ Վահրամ Ավետիսյանի, օրինակ:

Բաղդասարյան. – Տեսեք, սահմանադրական մարմինները իրենք են առաջադրում թեկնածու, տվյալ դեպքում դատական իշխանությունը պետք է իր կազմից, դատավորներից առաջադրի որևէ թեկնածու, և այդ թեկնածուն պետք է համապատասխանի բարձր չափանիշներին: Այդ բարձր չափանիշներին համապատասխանող թեկնածուների քանակը բավականին քիչ է, այսինքն՝ իրենք պետք է ընտրեն այդ դատավորների կազմից: Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր թեկնածուի դրական կամ բացասական կողմերը կքննարկվեն:

Այստեղ այլ խնդիր կա՝ որ դատական իշխանությունը ինքնին լեգիտիմության խնդիր ունի: Այսինքն՝ դատական իշխանությունը ունի լեգիտիմության պակաս, և իմ կարծիքով՝ սա իմ անձնական կարծիքն է, որևէ մեկի հետ չհամաձայնեցված կարծիք է, որ Սահմանադրական հանձնաժողովը պետք է վերանայի Սահմանադրական դատարանի կառուցվածքը և ընտրության կարգը:

XS
SM
MD
LG