Մատչելիության հղումներ

ՀԱԿ ներկայացուցիչ. Վահրամ Ավետիսյանը ՍԴ է գնում՝ պաշտպանելու իր հոր շահերը


Մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ և հատկապես 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի դեպքերից հետո քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մի քանի տասնյակ մարդիկ դիմել են Կառավարությանը՝ հորդորելով հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Նրանք պնդում են՝ Սահմանադրական դատարանի բարեփոխումները պետք է ուղղված լինեն բարձր դատարանում անկախ դատավոր ունենալուն, մինչդեռ Ավետիսյանը չի համապատասխանում այդ հատկանիշներին: Ընդգծվում է նրա ոչ թե մասնագիտական հատկանիշները, այլ բարոյական պատասխանատվության հարցը, խոսվում է շահերի հնարավոր բախման մասին. Վահրամ Ավետիսյանի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը 2008-16 թվականներին զբաղեցրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը, քննել է նաև «Մարտի 1»-ին առնչվող գործեր:

Երեկ լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավորի թեկնածուն ասել է, որ չի պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի քավության նոխազը», այս պահին առաջադրումից հրաժարվելու որևէ հիմք չի տեսնում:

Այս թեմայի շուրջ Կարլեն Ասլանյանը խոսել է Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Ի՞նչ կապ ունի որդին հոր աշխատանքային գործունեության հետ: Վահրամ Ավետիսյանը հո չի՞ գնացել ամեն անգամ խորհրդակցական սենյակ՝ տեսնի, թե հայրը ինչ որոշում է կայացնում:

Արմեն Խաչատրյան. – Անդրադառնում եմ այդ անձնավորության բարոյակա՛ն կերպարին: Որովհետև Սահմանադրական դատարանի դատավոր նշանակելու համար օրենսդիրը սահմանադրական օրենքով, որը, գիտեք, բարձր քվեով անցնող օրենք է, սահմանել է չափորոշիչներ դատավորի համար: Ես չեմ կարող վստահել երկրի բարձրագույն դատարանը մի ընտանիքի անդամի, որի մեկ այլ անդամը հաստատել է հարյուրավոր ապօրինի դատական ակտեր: Ես չունեմ վստահություն, որ Վահրամ Ավետիսյանը, դառնալով դատավոր, չի շարունակի այդ ընտանիքի պրակտիկան:

Եվ ավելի կարևոր խնդրի կուզենայի անդրադառնալ: Հարյուրավոր քաղբանտարկյալների գործը, կամ այ հենց այս պահին Սահմանադրական դատարանում գտնվող [Քրեական օրենսգրքի] 300.1 հոդվածի վերաբերյալ վարույթը կարող է նաև առնչվել Վահրամ Ավետիսյանին, և ինքը գիտի, որ դա կարող է առնչվել: Այսինքն՝ ինքը գնում է մի դատարանում դատավոր աշխատելու, երբ ի սկզբանե իրեն հայտնի է շահերի հակասության մասին, և ինքը գնում է կա՛մ անգործության մատնվելու մեր պետության համար կարևորագույն խնդիրների վերաբերյալ կամ գործընթացով, կա՛մ գնում է իր կանխակալ վերաբերմունքով: Եվ ես ունեմ արդեն կանխակալ կարծիք՝ որպես քաղաքացի և նաև «Մարտի 1»-ի գործով շահագրգիռ անձ, որ Վահրամ Ավետիսյանը գնում է պաշտպանելու իր հոր շահերը: Նաև այս հակասությունն է կամ շահերի բախումն է, որը մեր մոտ առաջացրել է այն վստահությունը, որ մենք Սահմանադրական դատարանում չենք կարող ունենալ անձ, որը ի սկզբանե արդեն, նրա վերաբերմունքը այս գործերին մեզ համար հայտնի է:

Որովհետև ես նաև էն կանխավարկածով եմ գնում, որ տղան չպիտի՛ հորը դատապարտի, իսկ ինքը շատ լավ տեղյակ է, որ «Մարտի 1»-ի գործը այլևս Սահմանադրական դատարանում է, և ինքը ուզի թե չուզի պիտի առնչություն ունենա այդ գործին:

Այսինքն՝ այնքան շատ ու բազմաշերտ են Վահրամ Ավետիսյանի Սահմանադրական դատարանի դատավոր դառնալը բացառող հանգամանքները, որ, այնուամենայնիվ, հասարակության շատ ակտիվ մի շերտ արդեն երկու-երեք անգամ հայտարարություններով, նաև անհատապես հանդես են եկել այդ թեկնածության դեմ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG