Վրաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի վերջին բախումներից:
Մարտական գործողությունների վայրից մինչև Վրաստանի սահմանը ավտոմեքենայով մեկ ժամվա ճանապարհ է, ուղիղ գծով մինչև Վրաստանի սահմանը 40 կիլոմետր է, իսկ ավտոճանապարհով մինչև Սադախլոյի մաքսային անցակետը` 55 կիլոմետր։
Վրաստանի պաշտոնյաների, փորձագետների կարծիքները, տեսակետները ի մի է բերել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայությունը։
«Արսենալի» ռազմական-վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր Իրաքլի Ալադաշվիլին ասել է, որ Վրաստանում լսվում էին Տավուշի մարզի սահմանին տեղի ունեցած կրակոցների ձայները։ Փորձագետի կարծիքով` հայ-ադրբջանական բախումը լայնածավալ հակամարտության դժվար թե վերածվի, ինպես ասենք 2016 թվականին, բայց նրան անհանգստացնում է ռազմավարական օբյեկտները թիրախավորելու հայտարարությունները, որոնք նախկինում չէին արվում։
«Հայաստանում հայտարարում են, թե կհարվածեն Ադրբեջանի ռազմավարական խոշոր օբյեկտի` Մինգիչաուրի ջրամբարի ամբարտակին, ինչը աղետալի հետևանքներ կունենա, Ադրբեջանում հայտարարում են, որ կարող են հարվածել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին, որն, ի դեպ, Թբիլիսիից հեռու է 137 կիլոմետր»,- ասել է Ալադաշվիլին` նշելով, թե իհարկե, բանը դրան չի հասնի, բայց նրա կարծիքով` հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է դուրս գալ տարածաշրջանային անվտանգության սահմաններից։
Արտաքին գործերի նախարար Դավիդ Զալքալիանին հայտնել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, նրանց փոխանցում է իր անհանգստություններն ու ցանկությունը՝ շուտափույթ թուլացնելու լարվածությունը։ Զալքալիանին նաև նշել է, որ անհրաժեշտ է վերականգնել հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջիններից մեկն է արձագանքել հայ-ադրբեջանական վերջին միջադեպին։
«Մեր տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև մեր բարեկամ ու գործընկեր երկրների` Ադրբեջանի և Հայաստանի ապագա զարգացման և բարգավաճման համար։ Նախագահը հուսով է, որ անհրաժեշտ միջոցներ կկիրառվեն, և իրավիաճակի հետագա զարգացումը կկանխվի խաղաղ բանակցությունների միջոցով»,- նշված էր Սալոմե Զուրաբիշվիլիի հուլիսի 13-ի հայտարարությունում։
Տավուշի մարզի սահմանային միջադեպը լայն արձագանք է գտել, քննարկվել է նաև սոցցանցերի հարթակում, վրացական մամուլում։
Մտահոգություններ են հնչել, որ հրթիռները կարող են ընկբել Վրաստանի տարածքում, որ կարող են վտանգի տակ հայտնվել նավթային միջազգային ծրագրերը։ Նշվել է նաև, թե որքան դժվարին վիճակում կհայտնի Վրաստանը, եթե թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը իրենց աջակցելու խնդրանքով դիմեն Թբիլիսիին։
Ընդդիմադիր «Լելո» շարժումը իշխանություններին նույնիսկ կոչ է արել միջնորդի դեր ստանձնել Բաքվի և Երևանի միջև։
Միջազգային հարաբերությունների փորձագետ, Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Գեորգի Գոբրոնիձեն, թվարկելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ զբաղվում են աշխարհի հզոր երկրները` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, հնարավոր է Իրանը ևս մի կողմ չի քաշվի, նաև ԵԱՀԿ-ի միջնորդական հատուկ խումբ կա` Մինսկի խումբը, այնուհանդերձ գտնում է, որ Վրաստանը ևս կարող է իր ներդրումն ունենալ խաղաղարար գործընթացում։
«Եթե դիտարկենք ոչ պաշտոնական դիվանագիտության տեսանկյունից, ապա կառավարական, քաղաքացիական կազմակերպությունների, միջազգային որոշակի ակտիվիստների մակարդակով Թբիլիսին շատ լավ հարթակ է հայկական և ադրբեջանական կողմերի համար։ Վրաստանը կարող է Թբիլիսին պլատֆորմ առաջարկել խաղաղ բանակցությունների համար։ Դա դրական դերակատարություն կունենա գործընթացում։ Կարող է ձևավորվել տարածաշրջանային խաղաղարար ձևաչափ, և գլխավորը՝ Թբիլիսիի շահերին է համապատասխանում որքան հնարավոր է դրական դերակատարություն ունենալ, որպեսզի իրավիճակի հետագա սրացում տեղի չունենա»։
Կասպյան էներգակիրների անվտանգ տեղափոխման կապակցությամբ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի պետական ՍՈՔԱՐ նավթային ընկերության փոխնախագահ Էլշադ Նասիրովը։ Շաբաթ օրը նա մասնակցել է ԱՄՆ-ում գործող Կասպյան քաղաքականության կենտրոնի կազմակերպած տեսակոնֆերանսին, որի ընթացքում ասել է` «եթե նայեք քարտեզին, ապա կտեսնեք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուփսա նավթատարերը, Բաքու Թբիլիսի-Էրզրում գազատարաը մոտ են գտնվում բախումների վայրիմ»։ Դրանցից բացի նաև Տրանս-Ադրիատիկ խողովակաշարը, որի վերջին հատվածը նախատեսվում է ավարտել գալիք աշնան վերջերին։
Նասիրովը արևմուտքին կոչ է արել օգնել պաշտպանելու էներգակիրների փոխադրումը։ «Օգտվելով առիթից` Վաշինգտոնի և մյուս գործընկերների ուշադրությունն եմ հրավիրում` մտածելու, թե որքան փխուն է տարածաշրջանը, և ինչպես ապահովել միջանցքի ռազմական և ֆիզիկական անվտանգությունը, որն ապահովում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»,- «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ` ասել է ՍՈՔԱՐ-ի փոխնախագահը։