Մատչելիության հղումներ

Հայերը ադրբեջանական դեսպանատների մոտ խաղաղ ցույցեր են կազմակերպում. ըստ մասնակիցների` ադրբեջանցիներն արձագանքում են սադրանքներով


Արդեն երկու օր է` հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է տիրում, այդուհանդերձ աշխարհի մի շարք երկրներում հայկական համայնքի ներկայացուցիչները շարունակում են տեղի ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ցույցեր կազմակերպել։

Երեկ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան առջև հավաքված հայերը ծածանել են եռագույնն ու բղավել՝ «Ղարաբաղը մերն է»։ «Ազատության» հետ զրույցում մասնագիտությամբ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանն ասաց, որ խաղաղ ցույցն ինքնակազմակերպված է եղել, կեսօրին արդեն շուրջ 400 հայ է հավաքված եղել դեսպանատան առջև։

Պատմեց՝ դեսպանատան վերջին հարկերի պատուհաններից ադրբեջանցիներն իրենց դրոշն են ծածանել ու սադրել հավաքված խաղաղ ցուցարարներին, որպես պատասխան հայերը ձվեր են նետել շենքի ուղղությամբ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, երկու հայ ցուցարար բերման է ենթարկվել։ Բացի այդ, ըստ Թորգոմյանի` երբ ցույցն արդեն ավարտվել էր, և հայերը հեռանում էին, երթևեկության ընթացքում գտնվող հայկական մեքենաներին հավասարվել է պատուհաններից Ադրբեջանի դրոշներ ծածանող մեկ այլ մեքենա ու կրկին սադրել խաղաղ ցուցարարներին. - «Ու սկսեցին այդպես սադրել` դրոշը թափահարելով, վրա տվեցին այդ մեքենային, այդ մեքենայի մեջից իջան տղաներ, ու այդտեղ բախումը սկսվեց: Հետո որ հայերը վազելով գնացին, կային մի 20 հոգի, այդ ժամանակ մի հոգի փախավ վերև, ու դրան փաստորեն ծեծեցին և դրոշը վերցրին ձեռքից:

Երբ չկան ոստիկաններ, կանայք, մայրերը, երեխաները, բոլորը գնացել են, մնացել են ինչ-որ երիտասարդներ 20-25 տարեկան, ու ադրբեջանցիները դրոշներով վրա են գնում, բնականաբար բախում է լինում»:

Երեկ լարված իրավիճակ է եղել նաև ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ֆեյսբուքյան տարբեր հայ օգտատերեր տեղից ուղիղ միացումներով ցույց էին տալիս, թե ինչպես են Ադրբեջանի դեսպանատան առաջ հավաքված հայերն ու ադրբեջանցիները բողոքի ակցիաներ կազմակերպել։ Հայերը մասնավորապես վանկարկել են` «Ալիև, ահաբեկիչ», «Արցախը մերն է», «Ադրբեջան ագրեսոր» և այլն։

Հայաստանի ժամանակով երեկոյան էլ Միացյալ Նահանգների հայաշատ Լոս Անջելեսում բողոքի ակցիա տեղի կունենա ադրբեջանական հյուպատոսարանի դիմաց։ Վաշինգտոնի երեկվա ցույցը լուսաբանած՝ «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Արուս Հակոբյանն է «Ազատությանը» մանրամասներ փոխանցում. - «Ցույցի մեկնարկից փոքր-ինչ հետո ոստիկանական ուժեր ավելացան տարածքում, քանի որ այնքան մոտ էին կողմերը` ընդամենը մեկ ճանապարհային գիծ էր բաժանում կողմերին, որ հնարավոր էր լինում անհատական շփումների, բանավեճերի մեջ մտնել, իհարկե վեճերն էլ ուղեկցվում էին հայհոյանքներով, փոխադարձ մեղադրանքներով: Ուրբաթ օրն էլ ադրբեջանցիներն էին ցույց իրականացրել Հայաստանի դեսպանատան դիմաց, իհարկե ավելի փոքր խմբով, բայց հայերը որևէ կերպ այդ ցույցը չէին խափանել»:

Երեկ հոլանդական Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած հայ երիտասարդների ուղղությամբ ադրբեջանցիները պլաստիկե շշեր ու քարեր են նետել. ցույցի մասնակիցներից մեկը մարմնական թեթև վնասվածք է ստացել։ «Ազատությանն» այս տեղեկությունը փոխանցեց Նիդերլանդներում ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչ Մասիս Աբրահամյանը` հավելելով, որ իրենք էլ առանձին՝ իրազեկման խաղաղ ակցիա են կազմակերպել մայրաքաղաք Ամստերդամի կենտրոնական Դամ հրապարակում, հնչել են ելույթներ, հայրենասիրական երգ ու պար, անցորդ օտարերկրացիներին բաժանվել են թռուցիկներ. - «Առաջին էջի վրա գրված էր` ինչն է նպատակը, ինչու ենք մենք ցույց անում, և դա այն է, որ Ադրբեջանն ագրեսիայի է դիմել Հայաստանի հանդեպ, իսկ էջի մյուս կողմում բացատրել էինք` ինչ է ընդհանրապես իրենից ներկայացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչու են Հայաստանն ու Ադրբեջանն այս պահին հակամարտության մեջ»:

Ադրբեջանի կողմից Հայաստանի խաղաղ բնակավայրերի գնդակոծումից հետո աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի ինքնաբուխ ակցիաներն, ըստ ֆրանսաբնակ Ժիրայր Թորգոմյանի, աննախադեպ են։ Ասում է` 10 տարուց ավելի է, ինչ ապրում է Փարիզում, բողոքի գրեթե բոլոր ցույցերին մասնակցել է, բայց այսպիսի համախմբում դեռ չէր տեսել. - «Շատ հավաքներ են տեղի ունեցել, 2008 թվականի մարտի 2-ին, 13 թվականին, 16-ին ապրիլյանի ժամանակ, բայց այս համախմբվածությունն աննախադեպ էր նրանով, որ նախ շատ տարբեր խմբեր մասնակցեցին, և տեղի ունեցավ մի քանի ժամվա ընթացքում: 450 հոգի Փարիզում հավաքվել, արդեն այստեղ արձակուրդային շրջան է, մի քանի ժամվա ընթացքում որպես միասնականություն, այո, մենք ունենք նոր հայություն»:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը կոչ է արել հայերին չտրվել սադրանքների, չկազմակերպել ու չմասնակցել իրենց հետ չհամաձայնեցված ցույցերի ու հասարակական վայրերում պահպանել հակահամաճարակային կանոնները։

Վրաստանում հայկական «Ալիք Մեդիա» կայքի փոխանցմամբ՝ հայ համայնքի նախաձեռնությամբ մի խումբ վիրահայեր Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան առջև նաև Վրաստանի հայերին են ուղերձ հղել՝ չտրվել սադրանքների, Վրաստանում «հաշիվներ չպարզել», ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն։

XS
SM
MD
LG