Մատչելիության հղումներ

Էրդողանի խոսնակը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին անարդյունավետ լինելու համար


Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալըն, արխիվ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալըն, արխիվ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, NTV հեռուստաալիքի եթերում պատասխանելով օրակարգային մի շարք հարցերի, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն ու թուրքական իշխանությունների դիրքորոշմանը:

Քալընը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին անարդյունավետ լինելու համար: «1992 թվականից ի վեր հիմնադրված Մինսկի խումբը 28 տարի է, ի՞նչ լուծում է տվել Լեռնային Ղարաբաղի հարցին»,-ասել է նա: Քալընը նաև ակնարկել է, թե «վերջին բախումները հրահրած ուժերը, անհանգստանալով Ադրբեջանի տնտեսական և քաղաքական հզորացումից, փորձում են նրան ճնշման տակ պահել»:

Խոսելով վերջին օրերին ամենատարբեր մակարդակներում ադրբեջանական իշխանություններին Թուրքիայի ցուցաբերած աջակցության, ադրբեջանցի պաշտոնակիցների հետ մշտական հաղորդակցության և փոխգործակցության մասին` Քալընը ընդգծել է. «Մեկ անգամ ևս շատ հստակ ուզում եմ նշել, որ այս հարցում մենք Ադրբեջանի կողքին ենք: Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության պայմանագիր ունենք: Այն կարող է ամրապնդվել և ընդլայնվել: Ադրբեջանին երբեք միայնակ չենք թողնի «սև» օրում»:

XS
SM
MD
LG