Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերից «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը Ալիևի վարչակազմից պահանջում է վերջ տալ Հայաստանի հետ պատերազմի պահանջով ցույցերին մասնակցած ակտիվիստների ձերբակալություններին: Այս մասին ասվում է քաղաքական ուժի հայտարարության մեջ:
«Պատերազմական կոչերով փողոց դուրս եկած ադրբեջանցիների ցույցն Ալիևի վարչակազմը օգտագործում է ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների դեմ նոր բռնաճնշումների համար։ Ցավոք, հուլիսի 14-15-ի ցույցերը թույլատրել է անձամբ Իլհամ Ալիևը», - մասնավորապես ասվում է ադրբեջանական ընդդիմության տարածած հայտարարության մեջ:
Ալի Քերիմլիի գլխավորած` երկրի ամենատարեց քաղաքական ուժը հիշեցնում է, որ բազմամարդ այդ ցույցից հետո հուլիսի 15-ին՝ կառավարության անդամների հետ հանդիպմանը, նախագահ Ալիևն ընդդիմությանը, մասնավորապես «Ժողովրդական ճակատ» կուսակցությանը մեղադրել է ցույցի ավարտին սադրանքներ հրահրելու մեջ: Նա նաև իրավապահներին հանձնարարել է հետաքննել քաղաքական այդ ուժի անդամների գործունեությունը, այդ թվում` սոցիալական ցանցերում արված հրապարակումները:
Նախագահի հանձնարարությունից անմիջապես հետո ընդդիմադիր կուսակցության մի խումբ անդամներ հայտնվեցին ճաղերի ետևում, «բերման ենթարկվեցին նաև ընդդիմադիր ակտիվիստներ, ոմանք ավելի ուշ ազատ արձակվեցին, սակայն ձերբակալությունները շարունակվում են», տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը: «Ժողովրդական ճակատ» կուսակցության երկու անդամներին՝ Ասիֆ Յուսիֆլիին և Սեյմուր Ահմեդզադեին, մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորված են։ Ընդ որում, ինչպես նշում է «Թուրանը», մեղադրյալի աթոռին հայտնված ընդդիմադիրներից մեկը՝ ղարաբաղյան պատերազմի վետերան Յուսիֆլին, վերջերս է ազատ արձակվել բանտից 5 տարի այնտեղ անցկացնելուց հետո. - «Ցավոք, հուլիսի 15-ի ելույթը Իլհամ Ալիևի առաջին ատելության ելույթը չէ Ազգային խորհրդի և «Ժողովրդական ճակատ» կուսակցության դեմ: Մարտի 19-ից ի վեր իր գրեթե բոլոր ելույթներում նա նույն ագրեսիան է դրսևորում ընդդիմության նկատմամբ: Այդ պահից սկսած ավելի քան երեք տասնյակ լրագրողներ, հասարակական և քաղաքական ակտիվիստներ, այդ թվում` 22 կուսակիցներ ձերբակալվել և պատժվել են», - ասվում է հայտարարության մեջ:
Ընդդիմադիր ուժը շեշտում է, որ Ղարաբաղը վերադարձնելու պահանջով ցույցին կուսակցությունը լիովին աջակցել է, սակայն որևէ կերպ չի մասնակցել դրա կազմակերպմանը, որպեսզի իշխանություններին առիթ չտա այդ ամենը ընդդիմադիրների դեմ օգտագործելու համար:
«Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ կառավարությունը ինքը կսադրի և կճնշի առանց որևէ առիթի», - հայտարարել է ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությունը` կոչ անելով Ալիևի վարչակազմին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիրներին և մյուս անմեղ մարդկանց, որոնք ձերբակալվել են այդ ցույցերի ժամանակ:
Անցած շաբաթ Թովուզի շրջանում ռազմական անհաջողությունների, մասնավորաբար բարձրաստիճան զինվորականների մահվան ֆոնին` նախագահ Իլհամ Ալիևը ելույթ էր ունեցել, որում հերթական կոշտ հայտարարություններն էր հնչեցրել ընդդիմության հասցեին՝ կրկին նրանց անվանելով հինգերորդ շարասյուն և դավաճաններ: Ալիևին զայրացրել էր, մասնավորապես, ցույցի ավարտին խորհրդարանը գրոհելու փորձը, որը Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ նախաձեռնել էին ընդդիմության ներկայացուցիչները, որոնք իրենց հերթին կտրականապես հերքում են իրենց մասնակցությունն այդ զարգացումներին:
«Եվս մեկ անգամ նախազգուշացնում եմ՝ կրակի հետ մի՛ խաղացեք։ Սա ազգային հարց է, մեզ ոչինչ չի կանգնեցնի, ով և ինչ ասաց, որ խորհուրդը, որ Եվրոպայի խորհուրդը, որ կազմակերպությունը»,- անցած շաբաթ հայտարարում էր Ադրբեջանի նախագահը` խոստանալով այս անգամ ամենակոշտ միջոցները ձեռնարկել իր բնորոշմամբ «այդ թշնամական տարրերի» հակապետական գործունեությանը վերջ դնելու համար:
Մինչդեռ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ դիմել էին հայրենակիցներին` խնդրելով մի կողմ դնել տարաձայնությունները և դադարեցնել իշխանությունների հասցեին քննադատությունը՝ բանակի և պետության աջակցության գաղափարի շուրջ միավորվելու նպատակով: «Փոխանակ մեզ շնորհակալություն հայտնի, Ալիևը մեզ դավաճան է անվանում։ Փոխանակ քաղաքացիական համերաշխության կոչեր անի, պետության ղեկավարը զբաղված է թշնամիներ փնտրելով այնտեղ, որտեղ նրանք չկան։ Եթե իշխանությունները կարծում են, թե ընդդիմությանը չեզոքացնելով` նրանք կազատվեն ժողովրդի զայրույթից, ապա շատ սխալվում են», - ի պատասխան Ալիևի կոշտ ելույթի` հայտարարել է ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլին:
Մեկ այլ ընդդիմադիր առաջնորդ՝ Ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին, անընդունելի համարելով երկրի նախագահի կոշտ ձևակերպումները, ի պատասխան ասել է. - «Սեփական երկրում թշնամիներ փնտրելու փոխարեն իշխանությունները թող դիվանագիտությունն ակտիվացնեն և կանխեն Վաշինգտոնում հայկական սփյուռքի նախաձեռնած հակաադրբեջանական փաստաթղթերի ընդունումը»: