Հունաստանը նախօրեին ևս մեկ անգամ խստորեն քննադատել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մահմեդական մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը։
Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «մանր և ավելորդ» է անվանել Անկարայի քայլը։
Երեկ Աթենքում նա ընդունել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին։
«Այդ որոշումը մեզ վիրավորել է ոչ միայն որպես ուղղափառ հույների, այլև որպես աշխարհի քաղաքացիների, սա հույն-թուրքական խնդիր չէ, սա նույնիսկ թուրք-եվրոպական խնդիր չէ, սա համաշխարհային խնդիր է», - ասել է Հունաստանի վարչապետ Միցոտակիսը:
Աթենքը Եվրամիությանը կոչ է անում ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել Միջերկրականում գազի արդյունահանման ակտիվություն նախաձեռնած Թուրքիայի նկատմամբ։
Միցոտակիսի փոխանցմամբ, Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելով՝ Թուրքիան ընտրում է արևմտյան աշխարհի և արժեքների հետ կապերը խզելու ուղին։
«Հունաստանն այդ արարքին կտա համարժեք պատասխան բոլոր մակարդակներում», - ասել է Միցոտակիսը։
Հունաստամի վարչապետին միանշանակ սատարել է Կիպրոսի նախագահը։
«Պարզապես անհասկանալի է, թե ինչպես կարելի է արդի ժամանակաշրջանում այդօրինակ անպարկեշտ ձևով արհամարհել մշակութային ժառանգությունը», - ասել է Նիկոս Անաստասիադեսը։
Թուրքիայի դատարանն օրերս վճռել է, թե երբեմնի քրիստոնեական եկեղեցի, բյուզանդական ճարտարապետության գլուխգործոց Սուրբ Սոֆիան 1934 թվականին թանգարան դարձնելու որոշումը հակասել է օրենքին։
Հիմք առնեով դատարանի որոշումը՝ նախագահ Ռեջեփ Էրդողանն արձակել է կարգադրություն, որով Այա Սոֆիային վերադարձվել է մզկիթի կարգավիճակը։
Աթենքում հուսով են, որ Եվրամիության երկրները կհամաձայնեցնեն Միջերկրականում գազի արդյունահանման՝ հույների համոզմամբ ապօրինի ծրագիր իրականացնող Թուրքիայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու որոշումը։
Եվրամիության արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 2-ին Բեռլինում։