Մատչելիության հղումներ

Թուրքիայի դատարանը չեղարկեց Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տվող որոշումը


Ուղղափառ քրիստոնեական աշխարհի կարևորագույն կառույցը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ճանապարհին այլևս արգելք չկա: Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը՝ պետական խորհուրդը չեղարկել է 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել:

Դատարանը վճռել է՝ Այա Սոֆիան Ֆաթիհ Սուլթան Մեհմեդ հիմնադրամի տնօրինության տակ է և հանրության համար նախատեսված է եղել իբրև մզկիթ: Պետական խորհուրդի հիմնավորմամբ, կառույցը սեփականության վկայականում գրանցված է որպես մզկիթ և գույքի տնօրինումն այլ նպատակով անօրինական է:

Որոշման հրապարակումից մոտ մեկ ժամ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, ըստ որի Սուրբ Սոֆիայի տաճարի տնօրինումը հանձնվում է Կրոնական գործերի նախագահությանը և այն կվերաբացվի պաշտամունքի համար որպես մզկիթ:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ակնկալվում է, որ Այա Սոֆիայում առաջին նամազը՝ հավատացյալների աղոթը, տեղի կունենա խորհրդանշական օր՝ հուլիսի 15-ին՝ ռազմական հեղաշրջման փորձի 4-րդ տարելիցին: Սպասվում է, որ երեկոյան նախագահ Էրդողանը խոսքով կդիմի ժողովրդին:

Ուշագրավ է, որ Մնայուն հիմնադրամների պատմական կառույցների և շրջակայքի պահպանության միությունը նախկինում էլ քանիցս դիմել էր դատարան` պահանջելով չեղարկել 1934 թվականի նախարարների խորհրդի որոշումը, քանի որ Սուրբ Սոֆիայի տաճարը 15-րդ դարում այն նվաճած Մեհմեդ Ֆաթիհ սուլթանի անձնական գույքն է համարվում և, փաստորեն, ոտնահարվել է սեփականության իրավունքը: Նախորդ հայցերը դատարանի կողմից մերժվել էին՝ օրենքի հակասող դրույթների բացակայության հիմնավորմամբ:

Սուրբ Սոֆիայի տաճարը իբրև մզկիթ վերաբացելու հարցը կրկին օրակարգ եկավ, երբ մայիսի 29-ին՝ Կոստանդնուպոլսի գրավման տարելիցի կապակցությամբ տաճարում Ղուրանից հատվածներ էին ընթերցվել: Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկությամբ հարցը դրվել էր պետական խորհրդի քննարկմանը:

Միջազգային հանրությունը մտահոգություն էր հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագրի վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարը, Հունաստանի կառավարության խոսնակը, ուղղափառ քրիստոնեական աշխարհի առաջնորդները կոչ էին արել Թուրքիայի ղեկավարությանը զերծ մնալ ժողովուրդների կրոնական համերաշխությունը խաթարող քայլերից:

XS
SM
MD
LG