Միջազգային հանրությունը վրդովված է Սուրբ Սոֆիայի հռչակավոր տաճարը մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների որոշման առնչությամբ:
ՅՈւՆԵՍԿՕ-ն հիշեցրել է՝ վեցերորդ դարում կառուցված Սուրբ Սոֆիան համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված է որպես թանգարան, և սա իրավական մի շարք պարտավորություններ է ենթադրում: Հունաստանի նախագահը, վարչապետը, արտաքին գործերի և մշակույթի նախարարները Թուրքիայի ղեկավարության որոշումը քաղաքակիրթ ողջ աշխարհին ուղղված սադրանք են որակել և զգուշացրել հնարավոր հետևանքների մասին: Ռուս ուղղափառ եկեղեցու խոսնակը ցավով է արձանագրել, որ այս քայլը ավելի կխորացնի հակասությունները կողմերի միջև:
Եվրամիությունից ևս բացասական կարծիքներ են հնչել: Մասնավորապես, Ավստրիայի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, թե այս որոշումը Թուրքիային հեռացնում է Եվրոպայից: ԱՄՆ Պետքարտուղարությունը հիասթափությամբ է արձագանքել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու որոշմանը: Արտաքին գերատեսչության խոսնակը հույս է հայտնել, որ Թուրքիայի կառավարությունը հաստատակամ կլինի կառույցը բոլոր այցելուների համար հասանելի և բաց պահելու հարցում:
Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել հարգանքով վերաբերվել իրենց որոշմանը:
«Իհարկե, մենք ըմբռնումով ենք մոտենում միջազգային հանրության տեսակետներին այս հարցի շուրջ։ Այդուհանդերձ, այս կառույցի տնօրինումը Թուրքիայի ինքնիշխանության իրավունքի հարցն է: Նոր կարգավորմամբ Այա Սոֆիան պաշտամունքի համար բացելու որոշումը բխում է այդ իրավունքից», - ասել է Էրդողանը:
Միևնույն ժամանակ նա հավաստիացրել է՝ Այա Սոֆիան մյուս մզկիթների նման բաց կլինի տեղացիների և օտարների, մուսուլմանների և ոչ մուսուլմանների առաջ:
Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը նախօրեին պատմական որոշում ընդունեց՝ չեղարկելով 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն բյուզանդական ճարտարապետության գլուխգործոցը համարվող տաճարը թանգարանի կարգավիճակ ստացավ: Նախագահ Էրդողանը անմիջապես ստորագրեց համապատասխան հրամանագիրը և 86 տարի անց Այա Սոֆիան կրկին մզկիթ դարձավ:
Թուրքիայում հավատացյալները մեծ ցնծությամբ ընդունեցին Ստամբուլի գրավման խորհրդանիշը համարվող կառույցը մզկիթի վերածելու որոշումը: Վճռի հրապարակումից հետո նրանք հավաքվել էին տաճարի տարածքում, աղոթքի գորգեր փռել՝ գոհության ձայն բարձրացնելով առ երկինք:
Նախագահ Էրդողանը երեկ հայտարարեց, որ առաջին ուրբաթօրյա նամազը այստեղ կկայանա հուլիսի 24-ին: Թուրքական մամուլում արդեն քննարկվում են տաճարի կարգավիճակի փոփոխության հետ կապված միջոցառումները։
«Հյուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ, հավանական է, որ մուսուլմանական աղոթքի ընթացքում Սուրբ Սոֆիայի պատերի քրիստոնեական հրաշագեղ սրբապատկերներն ու խճանկարները ստվերվեն հատուկ լուսավորության միջոցով: Դիտարկվում է նաև վարագույրով դրանք փակելու տարբերակը: Մյուս մզկիթների պես հատակին աղոթքի գորգ կփռվի: Կառույցը կհարմարեցվի նաև զբոսաշրջիկների այցելությանը: Նախատեսվում է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի նմանությամբ այն կլինի և՛ պաշտամունքի վայր, և՛ կպահպանի թանգարանային բնույթը: Իսկ այսօր Այա Սոֆիայի մզկիթը փակ է: