Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն անընդունելի է համարել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի քննադատությունը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների որոշման առնչությամբ:
Չավուշօղլուն հիշեցրել է, թե Իսպանիայում էլ եկեղեցու վերածված մզկիթներ կան: «Եթե ասեր, թե լավ կլիներ Այա Սոֆիան չբացել որպես մզկիթ կամ արժեր պահել թանգարանի կարգավիճակը, կհարգեի այդ տեսակետը, սակայն քննադատություն չեմ ընդունում: Սա Թուրքիայի ինքնիշխանության իրավունքին վերաբերող հարց է», - ասել է թուրք նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան կառուցողական մոտեցում ունի Սուրբ Սոֆիայի հարցում:
Նախօրեին, Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կոչ էր արել անհապաղ վերանայել բյուզանդական հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը:
«Եվրախորհուրդը դատապարտում է Թուրքիայի՝ այսչափ խորհրդանշական կառույցը մզկիթի վերածելու որոշումը։ Այդ քայը անխուսափելիորեն կբորբոքի անվստահության մթնոլորտ, կրոնական համայնքների միջև պառակտումներ կհրահրի և մեծ վնաս կհասցնի երկխոսության ու համագործակցության մեր ջանքերին», - նշել էր Բորելը՝ ընդծելով, որ ԵՄ արտգործնախարարները ևս միանում են թուրքական իշխանություններին ուղղված կոչին։