Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը «մեծ հաճույքով» կստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները


ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը մեծ հաճույքով կստորագրի Ազգային ժողովում ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, եթե նախագահը նաև որոշի չուղարկել այն Սահմանադրական դատարան։

ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը մեծ հաճույքով կստորագրի Ազգային ժողովում ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, եթե նախագահը 21-օրյա ժամկետում նաև որոշի չուղարկել այն Սահմանադրական դատարան։

Օրենքներն ԱԺ-ում ընդունվելուն պես՝ 9 օր առաջ, նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին տեղեկացրեց, որ ՍԴ դատավորների թափուր տեղերում առաջադրումների հերթականությունը, նաև պաշտոնաթող դատավորների կենսաթոշակի հարցը կարգավորող օրենքները չի ստորագրելու, բայց չհստակեցրեց՝ դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: Նախագահը ևս 12 օր ունի որոշում կայացնելու համար։

Արարատ Միրզոյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, թե պայմանավորվածություն, որ Արմեն Սարգսյանը չի դիմի ՍԴ, չունեն:

Սահմանադրությունը նախագահին 21-օրյա ժամկետ է տալիս օրենքը ստորագրելու ու հրապարակելու կամ նույն ժամկետում օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու համար։ Եթե չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի խոսնակն է հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում օրենքը. – «Կստորագրեմ մեծ հաճույքով, երբ որ իմ համար օրենսդրորեն, իրավական առումով Ազգային ժողովի նախագահի համար կբացվի ստորագրելու հնարավորության ժամկետը»:

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպած Արմեն Սարգսյանը երեկ խոսել է նաև ԱԺ-ում ՍԴ դատավորների ընտրության կարգից՝ կարծիք հայտնելով, որ նրանց պետք է ոչ թե առաջադրել, այլ ուղիղ նշանակել: Մինչդեռ ԱԺ նախագահը գործող կարգավորումները, որոնց համաձայն՝ վերջին խոսքը՝ ընտրությունը Ազգային ժողովինն է, հաջողված է համարում։ Մինչև Վահե Գրիգորյանի ընտրությունը թե' նախկին, թե' գործող խորհրդարանները նախագահի ներկայացրած թեկնածուներին ամիսներ շարունակ չէին ընտրում ՍԴ դատավորի պաշտոնում։

«Հանրապետության նախագահի ֆունկցիան էստեղ ձևական է, կներեք ինձ այս արտահայտության համար... Պատկերացրեք, ես Հանրապետության նախագահ եմ, որը չի ուզում տա այն թեկնածուին, որին Ազգային ժողովն ուզում է, և դա շարունակվում է անվերջ: Ընդհուպ մինչև որ Սահմանադրական դատարանի գործունեությունը կանգնի, որովհետև թեկնածուները չեն բավարարում: Եվ եթե ինձ հարցնելու լինեք, լուծման ճանապարհը շատ պարզ է. Հանրապետության նախագահը իրեն հասանելիք երեք Սահմանադրական դատարանի անդամին պետք է նշանակի: Եվ ապագայում Բարձրագույն դատական խորհուրդը... երեք հոգու էլ իրենք պիտի նշանակեն: Երեք հոգի էլ Ազգային ժողովը, երեք հոգի էլ Կառավարությունը: Բայց ոչ թե... այսօր Սահմանադրական դատարանի դատավոր նշանակում է միայն մեկ ինստիտուտ` Ազգային ժողովը»:

Արարատ Միրզոյան. – «Ինչ որ առաջարկում է Հանրապետության նախագահը, ենթադրում է նորից Սահմանադրության փոփոխություններ: Գիտեք, որ կա և գործում է Սահմանադրության հնարավոր փոփոխությունները, առաջարկները մշակող, քննարկող հանձնաժողով, և կարծում եմ, որ Հանրապետության նախագահը թերևս պաշտոնապես կամ բանավոր դիմի հանձնաժողովին: Ինչպիսին կլինի վերջնարդյունքում հանձնաժողովի առաջարկը, Աստված գիտի»:

«Ազատության» հարցին, թե ինչպես է վերաբերում ՍԴ դատավորներին ընտրելու փոխարեն նշանակելու մասին Հանրապետության նախագահի առաջարկին, Միրզոյանն արձագանքեց. – «Ես կարծում եմ, գործող մեխանիզմը բավականին հաջող է»:

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ազատության» եթերում կարծիք հայտնեց, որ կանդրադառնան նախագահի դիտարկումներին. – «Նախագահը կիսվում ա իր վերջին երկու տարվա ընթացքում փորձով և փորձում էր ներկայացնել այն խնդիրները, որոնց բախվել է իր լիազորությունները իրականացնելիս, որը հանձնաժողովը, բնականաբար, լսեց, մենք ներկա ենք եղել և այդ հարցին կանդրադառնանք»:

ԱԺ-ի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, մասնագիտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը ևս կարծում է, որ նախագահի հայտարարությունը նրա փորձով էր պայմանավորված, բայցև չի բացառում, որ նախագահը ՍԴ-ի անդամի առաջիկա ընտրության հետ կապված մտավախություն ունի։ Սիմոնյանի խոսքով, հրապարակայնորեն իր կարծիքը հայտնելուց բացի, Հանրապետության նախագահը խորհրդատվական ձայնի իրավունքով ներկայացուցիչ ունի հանձնաժողովում, այդպես էլ կարող է տեսակետը քննարկման առարկա դարձնել. – «Կարծում եմ, ինքը իր կարծիքը հիմնավորեց իր բերած օրինակով, երբ որ նախկինում մի քանի անգամ թեկնածու առաջադրեց, բայց Ազգային ժողովը մերժեց, և ստիպված ներկայացրեց էն թեկնածուին, ով որ վայելում էր քաղաքական մեծամասնության համակրանքը: Կարծում եմ, սա էր հիմնական պատճառը, որ նա այդ միտքը արտահայտեց: Չի էլ բացառվում, որ առաջիկա ընտրությունների հետ կապված ևս էդպիսի մտավախություն ունենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG