Մատչելիության հղումներ

Ալվինա Գյուլումյան. Հարցը բավականին լրջությամբ է դրված եղել, ՄԻԵԴ-ում որոշակի քննարկումների տեղիք է տվել


Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը պնդում է, որ եթե անգամ համարեն, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում մյուս դատավորների լիազորությունները դադարել են, սակայն դա իրեն չի վերաբերում:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» շրջանակներում Ալվինա Գյուլումյանը նշեց, որ իրենք ՄԻԵԴ են դիմել ԱԺ որոշման կասեցման համար մինչև հարցի լուծումը: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայում բազմաթիվ են այն դեպքերը, երբ որ նույնիսկ սահմանադրական փոփոխությունների ուժով է որևէ իրավունքի խախտում տեղի ունեցել, ապա Եվրոպական դատարանը դա համարել է որպես իրավունքի խախտում», - նկատեց Ալվինա Գյուլումյանը, ում լիազորությունները, ըստ հունիսի 26-ից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների, դադարեցվել են ՍԴ դատավորի պաշտոնում: Նրա հետ միասին դադարեցվել են նաև Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը այլևս ՍԴ նախագահ չէ:

«Մենք բերեցինք փաստարկներ, որոնք հարգվելու դեպքում իսկապես հետագայում միգուցե մեր իրավունքի խախտումը ճանաչվելու և Վոլկովի գործի օրինակով մեզ աշխատանքում վերականգնելու պահանջը բավարարելու դեպքում՝ Եվրոպական դատարանի կողմից նման պահանջ բավարարելու դեպքում պետք չէր լինի որոշ գործընթացներ այսպես ասած` հետ տալ ժամանակի մեջ, և որը կարող էր ավելի ծանր հետևանքներ առաջացնել: Մեր նպատակը ընդամենը դա էր: Դատարանը դեռևս պատրաստ չէր այդ քայլն անելու, չնայած ասեմ, որ եթե դա լիներ միանշանակ մերժելու, ապա այսպես ասած` պատասխանատու կամ հերթապահ դատավորը, որը որպես կանոն այս հարցերը լուծում է, միանձնյա դա կլուծեր, նույնիսկ պալատի նախագահը կարող էր միանձնյա լուծել, բայց ոչ մեկը, ոչ մյուսն այս հարցում չգնացին դրան, այլ դա փոխանցեցին պալատին, որպեսզի պալատը` 7 դատավորից բաղկացած, որոշում կայացնի, ինչը վկայում է այն մասին, որ հարցը բավականին լրջությամբ է դրված եղել, և հենց Եվրոպական դատարանում դա որոշակի քննարկումների տեղիք է տվել, այնպես միանշանակ չի եղել մերժումը», - ասաց նա:

Միաժամանակ Ալվինա Գյուլումյանը նկատեց` միտում չի տեսնում նրա մեջ, որ տվյալ դեպքում ձևավորել է սովորական պալատ, որում չկան այն դատավորները, ովքեր իր հետ միասին աշխատել են այս կառույցում, դա արվում է զուտ նրա համար, «որպեսզի կաշկանդվածություն չլինի»:

Իսկ հարցին` այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որ պահանջել էին Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք անդամները, չի՞ նշանակում, որ հայցը ևս չի բավարարվի, Գյուլումյանը պատասխանեց. - «Ոչ, չի կարող նշանակել, մենք, ընդամենը ասելով, որ միջանկյալ միջոց կիրառեն, նպատակ ենք ունեցել, որպեսզի հետո այսպես ասած վերականգնում տեղի չունենա, հետո գործընթացներ տեղի չունենան, չգնան ընտրություններ, նոր դատավորներ նշանակեն, որոնք ստիպված 1-2 տարի հետո նորից պաշտոնից դուրս կգան, բայց դատարանը գտավ, որ այստեղ չվերականգնվող իրավունք չկա, ասինքն` միշտ էլ հնարավոր է այդ իրավունքները վերականգնել»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG