Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ. Միջանկյալ միջոց կիրառելու նման հանգամանքներ չենք հանդիպել Եվրադատարանի պատմության մեջ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) անցած շաբաթ մերժեց Հայաստանում սահմանադրական փոփոխությունները կասեցնելու մասին Սահմանադրական դատարանի նախկին նախագահի և երեք անդամների պահանջը:

Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը պահանջում էին միջանկյալ միջոց կիրառել, որը հնարավորություն կտար նրանց շարունակել պաշտոնավարումը մինչև իրենց իրավունքների վերաբերյալ դիմումի՝ Եվրադատարանի կողմից քննության ավարտը:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 12-ի թողարկման հյուրն էր Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Ի՞նչ տրամաբանությամբ էին գործում նշված պաշտոնյաները, երբ հայցում էին Եվրոպական դատարանից սառեցնել օրենքի գործողությունը: Ես որքան հասկացա՝ աննախադեպ է սա, նման նախադեպ չի եղել:

Եղիշե Կիրակոսյան. – Այո, ճիշտ եք գտնում, սա աննախադեպ է, և նման իրավիճակներ, այսինքն՝ միջանկյալ միջոց կիրառելու նման հանգամանքներ չենք հանդիպել ընդհանրապես Եվրոպական դատարանի պատմության մեջ էլ: Եվ իրականում ինչո՞ւ է դատարանը գտել, որ դա շրջանակներից դուրս է՝ նաև հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որովհետև նաև մեր դիրքորոշման մեջ էլ մենք այդ մասին ներկայացրել էինք, որ, ամեն դեպքում, դա իրոք շրջանակներից դուրս կլիներ, եթե նման միջոց բավարարվեր, որովհետև դա հաստատ Կոնվենցիայով նախատեսված դատարանի իրավասության շրջանակներից դուրս կլիներ, որովհետև նման իրավասությունով, նախ և առաջ, ուղակիորեն, կարելի է ասել, ինչ-որ տեղ ներքին գործերին միջամտելու սահմանից անցում կարող էր լինել:

Եվ կարծում եմ՝ ոչ միայն դա, այլ նաև զուտ 39-րդ կանոնի կիրառման տրամաբանությունը, որ այդ այսպես կոչված irreparable harm` այդ հասկացությունն է գործածվում կանոնի շրջանակներում, այսինքն՝ անդառնալի վնաս, որը նշանակում է, որ, կոպիտ ասած, պետք է ինչ-որ քայլ անի դատարանը, որպեսզի նման անդառնալի վնասը կանխի: Եվ սովորաբար, նորից եմ կրկնում, այդ դեպքերի 90 տոկոսը, թվեր չասեմ, բայց՝ զգալի, մեծ մասը, ճնշող մեծամասնությունը կիրառված միջանկյալ միջոցների վերաբերում են դիմումատուների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներին, մեծամասնությունը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառված միջոցների: Եվ նաև այդ ամբողջ պրակտիկան էլ հուշում էր, որ ներկայացված պահանջը լինելու է out of scope, այսինքն՝ շրջանակներից դուրս: Դա, կարծում եմ, շատ վիճելի էլ չէ:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG