Մատչելիության հղումներ

Հանրայինի անդրադարձը ռուսաստանյան քվեարկությանը սուր բանավեճ է հարուցել


Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ցուցադրած տեսանյութից հետո հայաստանյան որոշ փոքրաթիվ ընդդիմադիր ուժերի կողմից բարձրացրած աղմուկը ընդամենը ի ցույց է դնում նախկինում իշխանության մաս կազմած այդ ուժերի աշխարհայացքը, թե Հայաստանը խեղճ, ամուլ օբյեկտ է, որին տարբեր երկրներ պետք է պատժեն. «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդան Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան

Ռուբինյանը «շատ բարձր մակարդակի վրա գտնվող» բնութագրեց հայ-ռուսական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ. - «Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան, չեն լինելու, և ոչ ոք չի հրահրում, չի էլ կարող հրահրել Հայաստանում հակառուսական օրակարգեր: Իսկ ինչ վերաբերում է այն փոքր ընդդիմադիր շրջանակներին Հայաստանի, որոնք արդեն երկու տարի, հեղափոխությունից անմիջապես հետո պարբերաբար գուժում են հայ-ամերիկյան, հայ-եվրոպական, հայ-ռուսական, հայ-չինական, հայ-իրանական հարաբերությունների տապալում, կամ գուժում են, որ նշածս երկրները պիտի մեզ պատժեն և այլն և այլն, սա ցույց է տալիս այս ուժերի աշխարհահայացքը, ըստ որի Հայաստանը մի խեղճ, ամուլ օբյեկտ է, կրավորական օբյեկտ է, որին ուղղակի պետք է պատժեն ով հասնի: Ես կարծում եմ, սա մերժելի աշխարհահայացք է: Հայ-ռուսական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում, դրանք շարունակում են զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»:

Ռուսաստանում սահմանդրական փոփոխությունների` յոթ օր տևած հանրաքվեի վերջին օրը՝ հուլիսի 1-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը եթեր հեռարձակեց տեսանյութ, ուր ներկայացված էին փոփոխություններին կողմ և դեմ կարծիքներ, ներառյալ Ռուսաստանի նախագահն Պուտինի և Կրեմլի սուր քննադատ Նավալնու խոսքերը։ 3 րոպե 7 վայրկյան տևողությամբ տեսանյութում Նավալնուն հատվածը 28 վայրկյան է։

Այս հանգամանքը առաջացրեց ռուսաստանյան պետական Россия հեռուստաընկերության հաղորդավար, Կրեմլի խոսնակը համարվող Վլադիմիր Սոլովյովի անթաքույց զայրույթը, թե Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ինչպես է համարձակվել եթեր տրամադրել Ալեքսեյ Նավալնուն, թեև օրեր առաջ նույնը արել էր Россия-1-ը։

Ըստ Կոռուպցիայի դեմ պայքարի ռուսաստանյան հիմնադրամի, Իտալիայում մոտ տասը միլիոն եվրո արժողությամբ վիլլա ունեցող Սոլովյովի այս խոսքերին երեկ անդրադարձել է Նավալնին՝ հիշեցնելով, որ նացիստ լինելու մեջ իրեն մեղադրող Սոլովյովը ֆաշիստական Իտալիայի առաջնորդ Մուսոլինիին գովերգող մի ամբողջ ֆիլմ է հեղինակել։

Բորիս Նավասարդյան
Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասրդյանը որոշակի խնդիրներ է տեսնում, քանի որ տեսանյութը հեռարձակվեց, երբ Ռուսաստանում քվեարկությունը դեռ շարունակվում էր. – «Ավելի նպատակահարմար կլիներ, որ այդ պահին լիներ զուտ իրադարձային լուսաբանում, այլ ոչ թե այնպիսի բովանդակություն, որը մասամբ արդեն ամփոփում է տեղի ունեցածը: Այդ ամփոփումը կարող էր ավելի ուշ լիներ և էլի ներառեր իր մեջ տարբեր կարծիքներ: Ինչ վերաբերում է նրան, որ որպես հիմնական ընդդիմախոս այնտեղ ներկայացվեց Նավալնին, այստեղ էլ, կարծում եմ, պետք է հաշվի առնվեր առաջին հերթին Հանրային հեռուստառադիոընկերության լսարանի շահերը»:

Թե Սոլովյովը ինչպես է տեղեկացել հայերեն տեսանյութի մասին, հայտնի չէ: Փոխարենը նրա խոսքերի տեսանյութը սոցցանցերի հայկական հատվածում սկսեցին տարածել հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Օրինակ, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը, ով թավշյա հեղափոխությանը նախորդած շրջանում հանրապետական Կարեն Կարապետյանի կառավարությունում գլխավորում էր գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ժամեր անց թեման շարունակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում հայաստանյան իրավապահները մեղադրում են ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ։

«Հայաստանում տեղի է ունենում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացում, որոնք մեր երկրում ակտիվորեն իրագործվում են հակահայկական և հակապետական ուժերի ակտիվ ջանքերով», - մասնավորապես գրել է Ծառուկյանը՝ խոստանալով անել ամեն ինչ այդ սադրանքները կանխելու համար։

Արման Աբովյան
Արման Աբովյան

Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ով, խորհրդարանի կայքէջի համաձայն, 1999-2001թթ. աշխատել է ԱՄՆ Խաղաղության կորպուսում, իսկ 2001-2013թթ.՝ 12 տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում, Ֆեյսբուքի իր էջում հանրայինի տեսանյութը «խայտառակ հակապետական քայլ» որակելով՝ նշում է, թե «արդեն շատ երկար ժամանակ Հայաստանում փորձեր են արվում մարդկանց մոտ գրգռել հակառուսական տրամադրություններ, [ինչը] խիստ ձեռնտու է թուրք-ադրբեջանական տանդեմին: Իսկ եթե սրան գումարենք Արևմուտքի հավերժ պայքարը Ռուսաստանի դեմ, ապա պատկերը դառնում է առավել քան հասկանալի»։

Աբովյանը հավելեց. - «Հաշվի առնելով Նավալնու քաղաքական անցյալը և իր վերաբերմունքն առհասարակ Հայաստանին, հայերին` տարօրինակ է տեսնել հակահայկական նացիստին պետական հայկական կանալով... Նավալնին ֆաշիստ է, և ֆաշիստին տրամարդվելով որոշակի մի հարթակ` մենք փաստացի ցույց ենք տալիս մեր վերաբերմունքը բոլոր այն ընթացքներին որոնք տեղի են ունենում»:

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ, անկախությունից գրեթե երեսուն տարի անց էլ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը պատկերացնում են որպես վասալային մի երկիր. – «Նրանք ըստ էության զուրկ են քաղաքական որևէ բովանդակությունից, նրանք միայն գերի են իրենց պատկերացումներին, ըստ որի Հայաստանը կարող է միայն ստորաքարշ վասալի կարգավիճակում գոյատևել... Գոնե այս վերջին տարիներին նրանց դավանած փիլիսոփայությունը հենց դա է եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG