Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որը վաղվանից կմտնի ուժի մեջ:
Այդ փոփոխությունները Պուտինին տալիս են մինչև 2036 թվականը նախագահելու հնարավորություն:
Պուտինը փաթեթը վավերացրել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 25-ից հուլիսի 1-ը տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները:
Կրեմլը գովեստով է խոսել հանրաքվեի մասին: Ըստ պաշտոնական տվյալների, ռուսաստանցիների շուրջ 78 տոկոսը հավանություն է տվել մայր օրենքի ավելի քան 200 լրացումներին:
Կրեմլը «Վլադիմիր Պուտինի նկատմամբ ժողովրդի վստահության հաղթական հանրաքվե» է անվանել ԿԸՀ-ի հրապարակած արդյունքը:
Ըստ Կրեմլի, Սահմանադրության փոփոխություններն անհրաժեշտ են երկրի կայունությունը և անվտանգությունը երաշխավորելու համար:
Մինչդեռ, նախագահի ընդդիմախոսների փոխանցմամբ, 67-ամյա Պուտինն ամեն ինչ անում է ցկյանս իշխելու համար: