Մատչելիության հղումներ

Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունները ստացել են քվեների գրեթե 78 տոկոսը


Ռուսաստանում մեկ շաբաթ տևած քվեարկությունից հետո ԿԸՀ աշխատակիցը հաշվում է քվեաթերթիկները, 1-ը հուլիսի, 2020թ.
Ռուսաստանում մեկ շաբաթ տևած քվեարկությունից հետո ԿԸՀ աշխատակիցը հաշվում է քվեաթերթիկները, 1-ը հուլիսի, 2020թ.

Ռուսաստանում հուլիսի 1-ին ավարտվել է Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունը, որն ընթանում էր մեկ շաբաթ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո, քվեարկած ռուսաստանցիների գրեթե 78 տոկոսը պաշտպանել է Վլադիմիր Պուտինի առաջարկած և ավելի վաղ խորհրդարանի կողմից հավանության արժանացած փոփոխությունները: 21 տոկոսից մի փոքր ավելին դեմ է քվեարկել: Փոփոխությունների կողմնակիցների ամենամեծ թիվը Չեչնիայում է, այնտեղ Սահմանադրության փոփոխությունները հավանության են արժանացրել քվեարկության մասնակիցների գրեթե 98 տոկոսը: Մասնակցությունը կազմել է ավելի քան 95 տոկոս:

Մոսկվայի Ռամենկի շրջանի ընտրատեղամասերից մեկում քվեարկությունը չեղարկվել է, արձանագրվել են նաև այլ խախտումներ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովայի խոսքով՝ դրանք որևէ կերպ չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։

Կրեմլում Սահմանադրության փոփոխությունների քվեարկության արդյունքները հաղթանակ են համարում, լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ դե ֆակտո երեկ կայացել է նախագահ Պուտինին վստահելու հանրաքվե։

Հիշեցնենք՝ սահմանադրական փոփոխությունները զրոյացնում են Պուտինի պաշտոնավարման բոլոր չորս ժամկետները և նրան թույլ են տալիս մասնակցել նախագահական ընտրություններին 2024 և 2030 թվականներին։

Երեկ Մոսկվայի Պուշկինի հրապարակում հավաքվել էին ընդդիմադիր ակտիվիստները, նրանք բողոքում էին Պուտինի իշխանությունը գրեթե հավերժացնող փոփոխությունների դեմ: Ակտիվիստների թիվը, սակայն, այնքան քիչ էր, որ ոստիկանությունը նույնիսկ չէր միջամտել։

«Գոլոս» շարժման հայտարարության համաձայն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ժողովրդի ինքնիշխանության տապալման աննախադեպ փորձ էր:

Հայտարարությունում, մասնավորապես, նշված է․ «Կեղծվել են քաղաքացիների քվեարկության արդյունքները, իրականում չեն համապատասխանում Ռուսաստանի ԿԸՀ-ի կողմից հնչեցված արդյունքները՝ ոչ մասնակցության, ոչ «այո» քվեարկածների, ոչ էլ «ոչ» քվեարկածների վերաբերյալ»:

Շարժման ակտիվիստները հետևել են քվեարկության ընթացքին 42 շրջաններում։ Նրանք ընթացակարգում բազմաթիվ խախտումներ են արձանագրել։

Երեկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մեկնաբանել էր ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ալեքսեյ Նավալնին, ով կոչ էր անում բոյկոտել հանրաքվեն:

Նավալնին իր կողմնակիցներին հորդորել էր չընկճվել և շարունակել պայքարը։ Պայքարի երեք հիմնական միջոց կա, ըստ նրա, առաջինը՝ վերջնականապես տապալել Պուտինի ռեյտինգը։

«Այսօր բնակչության 50 տոկոսը դեռ աջակցում է Պուտինին, մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի այդ մարդկանց հետ՝ այդ 50 տոկոսը հնարավորինս նվազեցնելու համար: Երկրորդը՝ պետք է ակտիվ մասնակցել սեպտեմբերին կայանալիք տեղական ընտրություններին, օգտագործելով խելացի քվեարկություն ռազմավարությունը: Եվ երրորդը՝ հիմնականը՝ պետք է փողոց դուրս գալ», - ասել է Ալեքսեյ Նավալնին:

Նավալնու խոսքով՝ Պուտինն ու նրա թիմակիցները ամենից շատ վախենում են փողոցային բողոքի ակցիաներից, և եթե մի քանի հարյուր հազար, միլիոնավոր մարդիկ դուրս գան փողոց, իշխանությունները ոչինչ չեն կարողանա անել։

XS
SM
MD
LG