Մատչելիության հղումներ

Պուտինը ռուսաստանցիներին կոչ է արել ընդունել սահմանադրական փոփոխությունները` ոչ մի բառ չասելով ամենագլխավորի մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին կոչ է արել ընդունել սահմանադրական փոփոխությունները։ Նրա տեսաուղերձը հեռարձակվել է Ռուսաստանի հիմնական հեռուստաընկերություններով, իսկ տեքստը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում։

Վլադիմիր Պուտինի ելույթում ոչ մի բառ չկա այն մասին, որ սահմանադրական փոփոխությունները զրոյացնում են նրա նախագահության նախկին ժամկետները և հնարավորություն տալիս կրկին առաջադրվել նախագահի թեկնածու։

Նրա խոսքով՝ վաղը` հուլիսի 1-ը, քվեարկության գլխավոր օրն է, ռուսաստանցիներին կոչ է անում, ինչպես ինքն է ասում, ընտրել ժամանակակից կրթական ու առողջապահական, սոցիալական պաշտպանության կյանքի պայմաններ, հանրությանը հաշվետու արդյունավետ իշխանություն։

Սահմանադրական փոփոխությունները Պուտինին կրկին նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունից բացի, նաև խորհրդարանին իրավունք են տալիս նախագահի առաջարկով պաշտոնանկ անել Գերագույն դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորներին, նախագահին հնարավորություն են տալիս արգելափակել օրենքների ուժի մեջ մտնելը, նույնիսկ եթե խորհրդարանին հաջողվի հաղթահարել նախագահի վետոն, ստեղծվում է սահմանադրական նոր մարմին՝ պետական խորհուրդ։

Հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը մեկնարկել է հունիսի 25-ից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, հունիսի 30-ի առավոտվա դրությամբ ընտրողների ավելի քան 45 տոկոսը, թվերով արտահայտած՝ ավելի քան 49 միլիոն մարդ մասնակցել է քվեարկությանը։

XS
SM
MD
LG