Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցավ 25 հազարը, թեստերի շուրջ 35 տոկոսն է դրական


Անցած օրվա ընթացքում 482 հոգու մոտ հաստատվել է Covid-19-ը, սա 1398 թեստերի արդյունքներն են։ Այսինքն` կորոնավիրուսը հաստատվել է թեստավորվածների մոտ 35 տոկոսի մոտ, հիմնականում վարակվածության նման ցուցանիշ էր արձանագրվում նաև նախորդ շաբաթվա ընթացքում։

Վարակակիրների ընդհանուր թիվն այսպիսով հասավ 25 հազար 127-ի։ Առողջացածներն այս անգամ քիչ են՝ 181 մարդ։ Մեկ օրում 7 մարդ է մահացել, մահերի ընդհանուր թիվը 433 է։ Կորոնավիրուսով վարակված 4 անձ էլ երեկ մահացել է այլ պատճառներով, ընդհանուր առմամբ՝ 143 մարդ։ Փաստացի այս պահին բուժում է ստանում 11 հազար 254 քաղաքացի:

Ինչպես պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529-ը` ծանր, 1739-ն էլ թոքաբորբ ունեն:

Առողջպահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ մի քանի տասնյակ մարդ այս պահին սպասում է հոսպիտալացման. - «Այսօր ժամը 9-ի դրությամբ տանը ունենք 21 քաղաքացի, և այլ բժշկական կենտրոններում` դրանք տրիաժ կենտրոններն են, որտեղ ախտորոշումը եղել է կորոնավիրուսի, և իրենք պետք է տեղափոխվեն արդեն վերապրոֆիլավորված հիվանդանոց, նրանց թիվն էլ 72 է, և ընդհանուր թիվը 93 քաղաքացի այս պահին սպասում է հոսպիտալացման»:

Հարցին, թե եղե՞լ է դեպք, որ չկարողանան բոլորին նույն օրը տեղավորել, քանի որ դուրս գրվողների թիվը քիչ է եղել, մուտք գործել հնարավոր չի եղել, Նիկողոսյանը պատասխանեց. - «Վերջին օրերին ոչ, դինամիկան պահպանվում է, տանը դեպքեր չենք ունեցել, որ մնացել են, աշխատում ենք բոլոր պացիենտների հետքերով գնալ և բոլորին տեղավորել հիվանդանոց»:

Չնայած աճող թվերին՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հիմնական հիվանդանոցներից «Նորք» ինֆեկցիոնի վարակաբան Նաիրա Ստեփանյանը Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» շրջանակներում հայտնեց, որ վերջին 3 օրերի ընթացքում իրենց կլինիկայում «համեմատաբար թեթևացած հոսք» է արձանագրվել. - «Իհարկե, մենք կարող ենք ավելի վստահ խոսել երկուշաբթի, երեքշաբթի օրերից հետո, որովհետև, որպես կանոն, երկուշաբթի և երեքշաբթի օրերն են լինում շատ ծանր, և եթե երկուշաբթի և երեքշաբթի ևս լինի դանդաղ հոսք, քիչ հոսք, էդ դեպքում կարող ենք ասել, որ մենք գնում ենք դեպի նվազման»:

Առողջապահության նախարարի խոսնակը դժվարանում է խոսել հոսքի թեթևացման մասին, 18 բուժհաստատություն է այսօր սպասարկում Covid-19-ով վարակվածներին, և տարբեր հիվանդանոցներում տարբեր պատկեր է. - «Նույն տեմպով առաջ ենք գնում, և դեռ գնահատականներ տալու համար շատ վաղ է: Եթե կարիք չլիներ, բնականաբար նման ծավալի մահճակալներ չէին լինի թե մարզերում, թե Երևանում»:

Կորոնավիրուսով հիվանդներին բուժօգնություն տրամադրող Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանից տեղեկացանք, որ շարժի ընդհանուր փոփոխություն այստեղ չեն նկատում. - «Օրական ենթադրենք միջինը դուրս ենք գրում 20 պացիենտի առողջացումով, և 20-25 տեղ է ազատվում, 20-25 տեղն էլ լրացնում ենք այլ պացիենտներով, որոնք արդեն մեզ տալիս է տրիաժի կենտրոնը` նախարարության համապատասխան կենտրոնը, որը բաշխում է հիվանդներին: Հետևաբար մենք շարժի ընդհանուր փոփոխություն չենք զգալու, որովհետև չենք ընդունում առաջնային չնմուշառված հիվանդների»:

Այսօր համացանցում շրջանառվում են կոնկրետ դեղերի անուններ, որոնք գործածվում են Covid-19-ը բուժելու համար։ Ամենատարածվածը դեքսամետազոնն է։ Բժիշկներից տեղեկանում ենք, որ Հայաստանում այս դեղամիջոցը կիրառվում է, սակայն բացառապես բժշկի ցուցումով։ Զգուշացնում են բոլորին՝ վտանգավոր է կիրառումը տնային պայմաններում. - «Դա պրոֆիլակտիկ և ընդհանրապես առանց ցուցումների նշանակելու դեպքում մարդիկ կարող են հայտնվել շատ ավելի լուրջ խնդիրների առաջ»:

«Դա կոնկրետ լուծման մեկ մասնիկ է, որը առանձին մոնոթերապիայով կամ առավել ևս ինքնագլուխ հիվանդները տանը ստանան, միայն կարող է վնասել հիվանդին և ոչ մի օգուտ չբերել: Պետք է բուժումը գրի կոնկրետ կոմպոտենտ բժիշկ», - ասաց Կարեն Պողոսյանը:

Բժիշկներն իրենց հերթին նկատում են՝ այսօր վարքագծային կանոնների խախտումը շատ է բարդացնում ամիսներով հիվանդանոցում անցկացնող, հարազատների հետ շփումից զրկված բուժաշխատողների վիճակը։ Սակայն ինչպես ասացին «Ազատության» հետ զրույցում, աշխատում են ամբողջ ուժով ու պատասխանատվությամբ:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG