Մատչելիության հղումներ

Թորոսյան. Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին հորդորել է գիտակցված պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ: Ըստ նախարարի` պետք է հնարավորինս սահմանափակել ոչ կենսական շփումները, քանի որ այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա:

«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն», - ֆեյսբուքյան գրառման մեջ նկատել է Թորոսյանը:

«Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը, ինչքան հնարավոր է շատ: Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների։ Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ», - գրել է նա։

Նախարարը հորդորել է` պետք է դադարեցնել նշել տարբեր ուրախ առիթներ՝ երեխայի ծնունդ, ծննդյան արարողություններ, ամուսնության տարեդարձեր և այլն, այդ թվում` տներում։

Սգո միջոցառումներին մասնակցությունը ևս, որոնք ըստ պաշտոնական տեղեկատվության, հաճախ են դառնում հիվանդությամբ վարակվելու վայրեր, ըստ նախարարի, պետք է առավելագույնս սահմանափակել, պրակտիկորեն դադարեցնել, երեկոյան չիջնել բակ, չշփվել հարևանների հետ, երեխաներին տանը պահել, դադարել սրճարաններ, ռեստորաններ այցելությունները, դուրս չգալ երեկոյան զբոսանքների, իսկ մնացած դեպքերում պետք է ճիշտ կրել դիմակ, պահպանել 1.5-2 մետր հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը։

XS
SM
MD
LG