Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատում կորոնավիրուսի բռնկում է. 22 տարեց վարակակիր է, ենթադրվում է, որ կովիդը ծերանոց մուտք է գործել աշխատակիցների միջոցով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանի տեղեկացմամբ. - «46 մարդու թեստավորում է իրականացվել, թեստավորման համար հիմք է հանդիսացել այն, որ աշխատակիցներից 2-ի մոտ ջերմության բարձրացում է նկատվել»:
Ըստ նրա` վարակակիրները ախտանշան չունեն, լավ են զգում. - «Քանի որ տարեցներից որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն նկատվել, նրանք չեն հոսպիտալացվել, այլ մեկուսացվել են հենց հաստատության ներսում»:
Թիվ մեկ տուն ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանի պնդմամբ՝ վարակակիր 22 ծերերից տասը ջերմում են և բուժում ստանում. - «Ամբողջությամբ առանձնացրել ենք, բոլոր աշխատակիցները համապատասխան հագուստն, ամեն ինչը ստացել են, իրականացնում ենք գրեթե նույն խնամքն, ինչ հիվանդանոցում: Մեզ կցվել է վարակաբան»:
Այս ծերանոցում 200 տարեց է խնամվում, երեկ թեստավորվել են բոլորը, պատասխանի սպասում են վաղը: Վարակի 22 դեպք հաստատվել է ընդամենը 46 թեստավորվածներից: Ինտերնատի տնօրենն ասաց` այս պահին էլ 5 հոգի ջերմում է: Դրականն, ըստ նրա, այն է, որ բարդացած դեպքեր չկան, ճիշտ է` տարեցներից որևէ մեկը ռենտգեն կամ կամ համակարգչային տոմոգրաֆիա հետազոտություն չի անցել. կովիդ- թոքաբորբ հաճախ զարգանում է թեթև կամ նույնիսկ առանց ախտանշանի:
«Որևիցե մեկի մոտ վատթարացում գնա առողջության, բնականաբար անպայման կտեղափոխենք: Մեկ հոգի է ընդամենը ծանր տարել այս ընթացքում, որի մոտ արդեն դրական տենդենցը կա, ջերմությունը 37.6 է», - փոխանցեց Վահան Զուրաբյանը:
Սոցապնախարարության ենթակայությամբ գործող տուն ինտերնատներից վարակի բռնկում նաև Նորքի ծերանոցում էր գրանցվել: Պաշտոնական տվյալով` տարեցներից երկուսը մահացել էին կովիդի հետևանքով: Նախարարարության մամլո խոսնակն ասաց՝ ևս 8 հոգի քրոնիկ հիվանդություններով և կովիդով մահացել են վերջին երկու ամսում, այժմ, ասաց, Նորքի ինտերնատում իրավիճակը հանգիստ է, ծերերը նույնիսկ սկսել են միասին ճաշել:
«Իրավիճակը հանգիստ է այնքան, որ արդեն երկու շաբաթ է, որ սկսել է գործել նաև խոհանոցը, և ինչպես գիտեք, սրանից առաջ մենք պատրաստի սնունդ էինք մատակարարում տարեցներին», - նշեց Սոնա Մարտիրոսյանը:
Հավանաբար հենց ռեստորանային սնունդն է փորձանք դարձել Աղավնաձորում խնամվող տարեցների համար: Հիշեցնենք` հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունը թուլացնելու համար Սոցապնախարարությունը այստեղ այսպես ասած՝ մեկուսավայր է հիմնել, որտեղ տեղափոխվում են այլևս մասնագիտական բուժման կարիք չունեցող կովիդով տարեցներ: Բազմաթիվ այլ քրոնիկ հիվանդություններով 14 հոգի է խնամվում Աղավնաձորում, և նրանցից 8-ը երեկվանից տառապում են փորլուծությամբ ու փսխում են: «Աղավնաձորի ղեկավարությունը դիմել է Շտապօգնության ծառայությանը, ովքեր եկել են, առաջին բուժօգնությունը ցուցաբերել են և հասկացել են, որ հոսպիտալացման կարիք չկա», - ասաց նախարարության մամլո խոսնակը:
Խնամող անձնակազմից էլ մարդիկ կան նույն ախտանշաններով, այսինքն` ստամոքսի խանգարումը որպես կովիդի հետևանք չի դիտարկվում: Տեսչական մարմիններն ու ոստիկանությունը այս գործով այժմ զբաղվում են, ջրի և սննդի նմուշները տարվել են փորձաքննության։
Ի դեպ, Աղավնաձորի խնամքի տան տարեցներին սնունդ է մատակարարում երևանյան ռեստորաններից մեկը։ Մթերքը մինչև Կոտայքի մարզ հասնելը մեկ ժամանոց արևային ճանապարհ է անցնում։ Ստամոքսի զանգվածային խանգարումից հետո այժմ Սոցապը քննարկում է մատակարարին փոխելու հարցը: