Մատչելիության հղումներ

«Իմ քայլի» և ԲՀԿ -ի մի շարք պատգամավորներ վարակված են, ԼՀԿ-ն դեռ վարակակիր չունի


Ազգային ժողովի մոտ մեկ տասնյակ պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով։ Նրանց մի մասը հանրությանը տեղեկացրել է վարակված լինելու մասին, մյուսը մասը նախընտրում է պարզապես չխոսել այդ թեմայով։

Ընդ որում, վարակակիրներ կան ինչպես իշխող «Իմ քայլում», այնպես էլ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանում» (ԲՀԿ)։

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյան, արխիվ
ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյան, արխիվ

Դեռևս հունիսի 23-ին, կորոնավիրուսով վարակված լինելու մասին ֆեյսբույքան իր էջում տեղեկացրեց Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Այսօր «Ազատության» հետ զրույցում Էնֆիաջյանն ասաց, որ արդեն 4-րդ օրն է ջերմում է, բայց լավ լուրն այն է, որ թոքաբորբ չի զարգացել, բուժումը տանն է ստանում։ ԱԺ փոխնախագահն ասում է, որ մշտապես պահպանել է հակահամաճարակային բոլոր կանոնները, և պատկերացում չունի, թե ինչպե՞ս և ումի՞ց կարող էր վարակվել։

«Կարծում եմ, որ պետք է չափազանց ուշադիր լինել, զգույշ լինել, որովհետև ինքը անտեսանելի մի բան է, որը չես կարող պատկերացնել՝ որտեղից կարող է վարակակիր դառնաս և ի վերջո տարածող կարող ես դառնալ: Դրա համար պետք է պահպանես բոլոր տեսակի միջոցներն ու միջոցառումները», - ասաց Էնֆիաջյանը՝ նշելով՝ ինքը պահպանել է բոլոր կանոնները. «Ընդ որում, աշխատասենյակում ես միշտ կրել եմ դիմակ»:

Ազգային ժողովի փոխնախագահն ասաց, որ իրենից բացի ևս ԲՀԿ մի քանի պատգամավորներ վարակվել են, սակայն չցանկացավ նրանց առողջական վիճակի մասին խոսել։

Նշենք, որ մամուլը գրել էր, թե Վահե Էնֆիաջյանից բացի, ԲՀԿ-ից վարակված են Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Կարինե Պողոսյանը, Արթուր Գրիգորյանը, Ջանիբեկ Հայրապետյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյան, արխիվ
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյան, արխիվ

Մեզ հաջողվեց խոսել միայն ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ: Նա հաստատեց կորոնավիրուսով վարակված լինելու փաստը, ասաց, որ ինքնամեկուսացել է, որևէ նշան չունի, և ևս մեկ թեստ է հանձնել։ Թե կոնկրետ քանի պատգամավոր է ԲՀԿ-ից այս պահին վարակված՝ խմբակցության քարտուղարը վստահեցրեց, որ տեղեկություն չունի, նաև տեղյակ չէր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի առողջական վիճակի մասին։

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյան, արխիվ
ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյան, արխիվ

Ի դեպ, լուրեր էին տարածվել, թե վարակված է նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով հրաժարվում է դիմակ կրել և ոստիկանության կողմից մի քանի անգամ տուգանվել է։

Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դեռևս իր վարակված լինելու փաստը հաստատված չէ, թեստ չի հանձնել, բայց 2 օր է թուլություն է զգում և այդ իսկ պատճառով ինքնամեկուսացել է։

«Հիմա պարզապես շատ թույլ եմ ինձ զգում, բայց ո՛չ ջերմում եմ, ո՛չ հազ ունեմ, պարզապես թույլ եմ ֆիզիկապես», - ասաց Պետրոսյանը:

«Ազատության» հարցին՝ շփվե՞լ է վարակված գործընկերների հետ, պատգամավորը պատասխանեց. «Դե շփվել եմ մի քանի օր առաջ, բայց հիմա չգիտեմ»:

Հարցին էլ, թե չի՞ պատրաստվում թեստ հանձնել, Գևորգ Պետրոսյանը արձագանքեց. «Երկուշաբթի կհանձնեմ»:

Հիշեցնենք, որ այս շաբաթ խորհրդարանում 2019 -ի բյուջեի հաշվետվության ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, որ Գագիկ Ծառուկյանին աջակցելու նպատակով ԲՀԿ -ի կողմից կազմակերպված ցույցերից հետո են ԲՀԿ-ականները սկսել հերթով հիվանդանալ: Մինչդեռ Գևորգ Պետրոսյանը հակադարձում է՝ իրենց բողոքի ակցիան 2 շաբաթ առաջ է եղել, այնպես որ, դժվար թե այն կապ ունենա իրենց պատգամավորների վարակվելու հանգամանքի հետ։ Ըստ Պետրոսյանի, Փաշինյանը պարզապես փորձում է իր այդ հայտարարությամբ կանխել հնարավոր ցույցերի անցկացումը։

«Տեսանք ձեր արած հանրահավաքը, կես միլիոն դոլար ծախսում եք՝ 200 հոգի մարդ եք կարում հավաքեք: Հիմա էլ ամաչում են ասեն, որ կորոնավիրուսով հիվանդացել են ու հերթով հիվանդանում են», - ասել է վարչապետը:

«Ինքը վախենում է ցույցերից, ու ինքը դրանով ուզում է սանձի ցույցի դուրս եկողների ցանկությունը, բայց ինքը թող խոսա իրա սեփական միտինգների մասին, որ անում էր մարտ ամսին և ասում էր՝ «կորոնավիրուսն ում շունն է, տնական օղով և պնցետով կմաքրենք»: Ինքը պարզապես ահաբեկված է ցուցերից, այնպես որ խորհուրդ կտայի, որ ինքը գնար վախ չափողի մոտ», - ասաց Պետրոսյանը:

«Իմ քայլի» պատգամավոր Հակ Գևորգյան, արխիվ
«Իմ քայլի» պատգամավոր Հակ Գևորգյան, արխիվ

Ինչ վերաբերում է իշխող «Իմ քայլին», ապա այստեղ էլ մոտ մեկ տասնյակ վարակակիր պատգամավորներ կան։ Նրանցից Հայկ Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ վարակը հաստատվել է 7 պատգամավորի մոտ։ Գևորգյանը պատմում է, որ հունիսի 24 -ին որոշ նշաններ է ունեցել, Ազգային ժողովի նիստից անմիջապես հետո թեստավորվել է և հաջորդ օրը վիրուսը հաստատվել է։ Պատգամավորը ենթադրում է, որ ամենայն հավանականությամբ հենց խորհրդարանում էլ վարակվել է։ Առաջին երկու օրերին ջերմել է, այժմ իրեն լավ է զգում, գրեթե նշաններ չկան։

«Ազատության» հարցին՝ ենթադրո՞ւմ է, թե ումի՞ց կամ որտե՞ղ է վարակվել, Գևորգյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ Ազգային ժողովում է եղել կամ որևէ հանդիպման ժամանակ, որովհետև նույն օրերին Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ ևս դրական թեստ են ունեցել»:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ

Այս պահի դրությամբ «Լուսավոր Հայաստանը» միակ խմբակցությունն է, որ վարակակիր պատգամավոր չունի։ «Ազատության» հետ զրույցում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ խորհրդարանում վարակված փորձագետ, օգնական, գործավար ունեն, ովքեր նշաններ ունենալուց հետո արագ մեկուսացվել են, բայց խմբակցության բոլոր պատգամավորները առողջ են։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկում չվարակվելու համար, Մարուքյանը պատասխանեց. «Վիտամին D, C բոլորը խմում են գրեթե, և դիմակ կրել, ախտահանել ձեռքերը, սոցիալական հեռավորություն պահպանել, բայց ինչպես փորձը ցույց է տալիս, դա չի փրկում»:

Առայժմ պարզ չէ՝ արդյոք Ազգային ժողովի ղեկավարությունը որոշ քայլեր նախատեսում է խորհրդարանում վարակի լայնածավալ տարածումը կանխելու համար։ Ամեն դեպքում, Ազգային ժողովի նախագահի խորհրդական Վահան Կոստանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը հեռավար նիստեր անցկացնելու հնարավորություն չի տալիս։

ԱԺ հակահամաճարակային միջոցառումների ղեկավարման շտաբի պետ Գարիկ Մուշեղյան, արխիվ
ԱԺ հակահամաճարակային միջոցառումների ղեկավարման շտաբի պետ Գարիկ Մուշեղյան, արխիվ

Հավելենք, որ Ազգային ժողովում ստեղծված հակահամաճարակային միջոցառումների ղեկավարման շտաբի պետ Գարիկ Մուշեղյանն «Ազատությանը» տեղեկացրեց՝ խորհրդարանը շաբաթը մի քանի անգամ ախտահանում են, իսկ պատգամավորներին ու աշխատակազմին ջերմաչափում և նոր միայն թույլ են տալիս խորհրդարանի շենք մուտք գործել։

«Դա խիստ Ազգային ժողովի նախագահի և աշխատակազմի ղեկավարի ցուցումն է մեր շտաբին: Մենք հետևում ենք դրան, ջերմող անձանց՝ կլինի պատգամավոր կամ աշխատակից, ոչ ոք ներս չի մտնում», - ասաց Մուշեղյանը:

XS
SM
MD
LG