Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ առաջին անգամ հրապարակավ հայտարարեց, որ չի բացառում իր մասնակցությունը 2024 թվականի նախագահական ընտրություններին:
«Եթե ժողովուրդն ընդունի սահմանադրական փոփոխությունները, ես չեմ բացառում իմ առաջադրումը: Դեռ չեմ որոշել, ժամանակը ցույց կտա», - երեկ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հերթական ֆիլմի շրջանակում տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահը:
Ռուսաստանում հուլիսի 1-ին անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Սահմանադրական փոփոխությունները զրոյացնելու են գործող նախագահի բոլոր չորս ժամկետները, և Պուտինը 2024-ի, այնուհետև նաև 2030-ի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն է ստանալու:
Երեկ Պուտինը փաստորեն հայտարարել է, որ չի բացառում իր մասնակցությունը չորս տարի հետո կայանալիք ընտրություններին:
Գործող Սահմանադրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ չի կարող ընտրվել նույն անձը երկու անգամից ավելի անընդմեջ: Սահմանադրության այս կետի պատճառով Վլադիմիր Պուտինը 2008-ին իշխանությունը չորս տարով հանձնել էր Դմիտրի Մեդվեդևին, ով Պուտինին վարչապետ էր առաջադրել, իսկ երեք տարի անց էլ՝ 2011-ին, հայտարարել, թե ինչպես և պայմանավորվել են, առաջարկում է, որ 2012-ի նախագահական ընտրություններին իշխող կուսակցությունն առաջադրի վարչապետ Պուտինի թեկնածությունը: Իսկ մինչ այդ, հիշեցնենք, Մեդվեդևը նաև նախաձեռնել էր սահմանադրական փոփոխություններ և նախագահության ժամկետը չորս տարուց դարձրել վեց տարի: Պուտինը 2012-ին երրորդ անգամ՝ արդեն վեց տարով, նախագահ ընտրվեց, հետո էլ՝ 2018-ին:
Ռուսաստանյան ընդդիմությունն ի սկզբանե հայտարարում էր, որ այս տարի առաջարկված սահմանադրական փոփոխությունների միակ նպատակն է երկարաձգել Պուտինի իշխանությունը:
Մոսկվայի իշխանությունները համաճարակի պատրվակով թույլ չեն տվել ընդդիմությանը հունիսի 27-ին անցկացնել հակապուտինյան բողոքի հավաք, սակայն համացանցում իսկական արշավ է սկսվել պուտինյան սահմանադրական փոփոխությունների դեմ:
Այդուամենայնիվ, բոլորն են համոզված, որ հունիսի 25-ից մեկնարկող էլեկտրոնային, իսկ հուլիսի 1-ին՝ արդեն օֆլայն հանրաքվեին իշխանությունները կգրանցեն իրենց համար ցանկալի արդյունքը, և հուլիսի 2-ին Պուտինն արդեն մինչև 2036 թվականը Ռուսաստանը ղեկավարելու սահմանադրական իրավունք կունենա:
Իր երեկվա հարցազրույցում Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ եթե ռուսաստանցիները չընդունեն սահմանադրական փոփոխությունների փաթեթը, երկու տարի անց պաշտոնյաները իշխանության բոլոր օղակներում աշխատելու փոխարեն կսկսեն իր ժառանգորդին փնտրել:
Այսօր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գրել է. - «Ես ժառանգորդ այսօր չեմ տեսնում»:
Իսկ ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էր հայտարարել, թե դեռ մեծ հարց է՝ կգնա՞ Պուտինը մյուս ընտրություններին, թե՞ ոչ:
Երեկ Ռուսաստանի նախագահը փաստորեն այս հարցին պատասխանել է, ու թեև ասել է, որ դեռ չի որոշել, սակայն չի բացառում իր մասնակցությունը, Մոսկվայում գրեթե բոլորը համոզված են՝ Պուտինի համար սա արդեն վաղուց որոշված հարց է:
Այսօր, երբ Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի, էներգակիրների ցածր գների, արևմտյան պատժամիջոցների պատճառով ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է ստեղծվել, իշխանությունների, այդ թվում՝ նախագահի վարկանիշն անկում է արձանագրում ամեն ամիս: Կրեմլը Պուտինի վարկանիշը բարձրացնելու և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին լավ արդյունք ստանալու համար երեկ ցուցադրել է նախագահին գովաբանող հերթական ֆիլմը: Ֆիլմում, մասնավորապես, պատմում են, թե Պուտինն է փրկել Ռուսաստանը փլուզումից, փրկել երկիրը չեչեն ահաբեկիչներից, որ նա միշտ հասարակ մարդկանց կողքին է, երբ հրդեհ է կամ ջրհեղեղ է, գալիս է, տեղում շփվում է մարդկանց հետ, օգնում նրանց: «Շարքային մարդկանց շրջանում ինձ լավ եմ զգում, որովհետև ես էլ նման բանվորական հասարակ ընտանիքից եմ», - ֆիլմում ասում է Ռուսաստանի նախագահը:
Ուկրաինայի հետ հարաբերություններից խոսելով՝ Պուտինը մասնավորապես ասում է. - «Ղրիմը միշտ Ռուսաստանի մասն է եղել, նույնիսկ՝ իրավական տեսանկյունից»:
Ի դեպ, առանց հիշատակելու, թե որ հանրապետության մասին է խոսքը, ֆիլմի վերջում Պուտինը դժգոհում է. - «Որոշ սովետական հանրապետություններ իրենց տարածքներն ավելացրել են ռուսական հողերի շնորհիվ, և եթե ազնիվ լինեին, Սովետական Միության կազմից դուրս գալուց առաջ պետք է հրաժարվեին ռուսական հողերից»:
Հավելենք՝ Մոսկվայում ռուսական տարածքների մասին խոսելիս այս համատեքստում նշում են ոչ միայն Ղրիմը և Ուկրաինայի արևելքը, այլ նաև, օրինակ, Ղազախստանի զգալի մասը:
Ֆիլմում կան կադրեր Երևանից, երբ անցած տարի հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովից հետո՝ արդեն կեսգիշերին, Երևանից մեկնելուց առաջ այցելել էր Ռուսաստանի դեսպանություն: