Ամերիկայի Միացյալ Նահանգներում սևոմորթ կասկածյալ Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող չորս ոստիկաններն այսօր առաջին անգամ կբերվեն Մինեապոլիսի դատարան:
Սպանությունը դարձել է ամերիկյան հարյուրավոր քաղաքներում բողոքի լայնածավալ ակցիաների առիթ:
Մինեապոլիսում, Փորթլենդում, Սան Դիեգոյում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Ֆենիքսում, Սիեթլում և մեծ ու փոքր այլ քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր, բախումներ իրավապահների հետ:
Այդ ընթացքում նաև տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, խանութների և գրասենյակների հրկիզումներ ու թալան:
Ֆլոյդը մահացել է այն բանից հետո, երբ սպիտակամորթ ոստիկան Դերեք Շովինը ծունկը մի քանի րոպե պահել է նրա կոկորդին, ինչի հետևանքով կեղծ թղթադրամով ապրանք գնելու մեջ կասկածվող 46-ամյա սևամորթ տղամարդը խեղդվել է:
Բողոքի ակցիաները, կազմակերպիչների համոզմամբ, պետք է վերածվեն Ամերիկայում ամբողջ արդարադատության համակարգը բարեփոխելու հզոր շարժման:
Դերեք Շովինը մեղադրվում է երկրորդ աստիճանի սպանության մեջ, ինչը ենթադրում է մինչև 40 տարվա ազատազրկում:
Չի բացառվում, որ դատավարության ընթացքում մեղադրանքը կվերաորակվի առաջին աստիճանի սպանության, ինչը Մինեսոտայի նահանգի օրենքներով կենթադրի առավելագույն պատժաչափ՝ տվյալ դեպքում ցմահ ազատազրկում, քանի որ Մինեսոտայում մահապատիժը չեղարկվել է:
Մնացած երեք ոստիկաններին՝ Թոմաս Լեյնին, Ալեքսադր Քենգին և Տու Տաոյին մեղադրում են սպանությանն օժանդակելու մեջ:
Մայրաքաղաք Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ գտնվող փողոցի մի հատված քաղաքի իշխանություններն անվանել են Black Lives Matter` «Սևամորթների կյանքն արժեք ունի»:
Դա սևամորթների իրավունքների պաշտպանության շարժում է, որի նպատակն է վերջ տալ բերման ենթարկվողների ու մասնավորապես սևամորթ կասկածյալների նկատմամբ ոստիկանների բիրտ վերաբերմունքին:
Քաղաքական վերլուծաբանների համոզմամբ՝ այս իրադարձությունները չափազանց անբարենպաստ են աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին պատրաստվող Դոնալդ Թրամփի համար, որի դիրքորոշումը և մեկնաբանությունները Ֆլոյդի սպանության կապակցությամբ վրդովմունք են առաջացրել ոչ միայն սևամորթ, այլև սպիտակամորթ ամերիկացիների շրջանում:
Այս օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Ամերիկայում, այլև մոլորակի բոլոր մայրցամաքների մի քանի տասնյակ երկրներում: