Մատչելիության հղումներ

Գեղարքունիքում հուղարկավորությունների մասնակցության հետևանքով որոշ համայնքներում վարակակիրների թիվը կտրուկ աճել է


Գեղարքունիքի մարզ, 6 հունիսի, 2020թ.
Գեղարքունիքի մարզ, 6 հունիսի, 2020թ.

Անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 547-ով՝ հասնելով 12 հազար 364-ի, գրանցվել է մահվան 7 դեպք: Մահացած անձանցից 6-ն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Ընդհանուր առմամբ Հայաստանում այս հիվանդությունից մահվան դեպքերը 190-ն են, կորոնավիրուսով վարակված ևս 69 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով։

«Ընդհանուր առմամբ կատարել ենք շուրջ 66 հազար թեստավորում, երեկ օրվա ընթացքում կատարել ենք 1500 հետազոտություն»,- «Ազատությանը» փոխանցեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Վերջին օրերին արձանագրվում էին ապաքինման փոքրաթիվ դեպքեր, ինչը Առողջապահության նախարարությունը բացատրում էր այն հանգամանքով, որ ախտանշաններ չունեցող մարդիկ բուժումն արդեն շարունակում են տնային պայմաններում, սակայն 14 օրը դեռևս չէր լրացել, և դեռ արձանագրված չէր առողջացման փաստը։ Ըստ Առողջապահության նախարարության՝ երեկ արդեն 207 մարդ է առողջացել։ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ՝ այս 207-ի մեջ ներառված են նաև տանը բուժում ստացող քաղաքացիների թեստերի արդյունքները։

Կորոնավիրուսի նոր դեպքեր` Գեղարքունիքի մարզում

Կորոնավիրուսով վարակվածների նոր դեպքեր են հաստատվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում։ Պատճառը հուղարկավորություններն են։
Ըստ մարզպետ Գնել Սանոսյանի՝ Ձորագյուղից մեկ կամ երկու բնակիչ Գողթ գյուղում մասնակցել են թաղման արարողության, որտեղից էլ վարակվել են։ Օրեր անց էլ արդեն լինելով վարակակիր` նույն անձինք իրենց համայնքում են հուղարկավորության մասնակցել, ինչի հետևանքով Ձորագյուղում արդեն կա կորոնավիրուսի 63 դեպք: Այս վարակվածներից էլ ոմանք արդեն Ծովասար գյուղում մասնակցել են քառասունքի արարողության։

Ծովասարում այս պահին 14 դեպք կա, սակայն, ըստ մարզպետի, թիվը հավանաբար կավելանա.- «Թաղման արարողությունների հետ կապված ինչքան էլ մենք կարողացել ենք նվազեցնել մարդկանց մասնակցությունը, նույն ենթադրենք Ձորագյուղի նման համայնքում, որտեղ մոտ 5 հազար բնակիչ կա, ավանդաբար 1000-1500 մարդ է թաղման մասնակցում, հիմա կարող է 30-40 մարդ ընդամենը մասնակցի, շատ նեղ շրջանակով են անում, բայց երբ որ այդ մարդկանց մեջ էլ 5-10 հոգի վարակվում են, հետո դա դառնում է 50-60 կամ ավելի շատ»:

«Ազատության» հարցին` չի՞ վերահսկվել, որ այդքան մարդ է մասնակցել արարողությանը, մարզպետը պատասխանեց.- «Տեսեք, եթե չվերահսկվեր, ապա 1000-1500 մարդ կմասնակցեր, որովհետև ավանդաբար խոշոր համայնքներ են, բոլորը շատ վաղուց իրար ճանաչում են»:

Պարետի որոշմամբ այսօրվանից Ձորագյուղի մուտքն ու ելքը կսահմանափակվի։

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ այս մարզում հուղարկավորության հետևանքով կորոնավիրուսով վարակվածներ են արձանագրվում։ Մեկ այլ դեպք էլ տեղի էր ունեցել Դդմաշենում, որի հետևանքով շուրջ 100 վարակի դեպքեր և մեկ մահ էր գրանցվել, ինչպես նաև վարակը տարածվել էր մարզի մի քանի այլ համայնքներում։ Այս համայնքի մուտքն ու ելքը բացվել է։

Վարչապետը չի բացառում սահմանափակումներին վերադառնալու սցենարը

Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից բուժվում է 8 հազար 385 մարդ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց՝ եթե ծանր դեպքերն այնքան շատանան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված են լինելու վերադառնալ խիստ սահմանափակումների, սակայն դա իշխանությունների համար ցանկալի սցենար չէ.- «Կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական և սոցիալական հետևանքներով: Այսօր շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը գնացել է այդ ճանապարհով, և lockdown-ի ընթացքում, այո, թվերը բոլորովին ուրիշ են եղել: Այստեղ շատ կարևոր կոնտեքստ կա, lockdown արեցինք, ընդհուպ մեր մոտ թվերը եկավ, զրոյացավ, սա հարցի լուծո՞ւմ է, սա հարցի լուծում չի, սիրելի՛ հայրենակիցներ, որովհետև աշխարհում և նույնիսկ զրոյով երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ, և երբ մենք տոտալ lockdown-ից հետո սկսում ենք բացվել, միևնույնն է` վարակը սկսում է նորից տարածվել: Այսինքն` հավանականություն է առաջանում, որ մենք էլի կհայտնվենք նոր lockdown հայտարարելու անհրաժեշտության և պրոբլեմի առաջ: Այս պարագայում պրոբլեմն այն է, որ ունքը սարքելու տեղը մենք տալիս, աչքն էլ ենք հանում, ինչո՞ւ, որովհետև մի կողմից մենք կորոնավիրուսի հարցը չենք լուծում, մյուս կողմից մենք տնտեսական ու սոցիալական կոլապսի ենք ենթարկում երկիրը»:

Հիվանդանոցներն այս պահին ծանրաբեռնված են. ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ հիվանդանոցներն այս պահին ծանրաբեռնված են։ Իսկ մինչ այդ իշխանությունները շարունակում են հորդորել քաղաքացիներին դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն և հաճախ լվանալ ու ախտահանել ձեռքերը։
Այսօր Երևանի փողոցներում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր հենց այդ ուղերձով ակցիա անցկացնում՝ հորդորելով պահպանել հակահամաճարակային կանոնները.- «Էպիդեմիայի տարածումը բոլորիս է վնասում թե այն անձանց, ովքեր դիմակ չեն կրում, թե այն անձանց, ովքեր միգուցե դիմակ կրում են, բայց միևնույնն է` իրենց հարազատներին էլ կարող է հասնել էպիդեմիայի լուրջ տարածումը: Այս առումով խնդիր է հենց ցույց տալ, որ նաև քաղաքացիներն են միացել սրան»:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG