Մատչելիության հղումներ

«Լոքդաունի» սցենարը, ըստ պատգամավորների, մի շարք խնդիրների կհանգեցնի


Եթե Հայաստանը ստիպված լինի դարձյալ տնտեսական խիստ սահմանափակումների գնալ, ապա դա ընտրություն կլինի վատի և վատագույնի միջև, կարծում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ նկատելով, որ այդ սցենարն այժմ քիչ հավանական է։

Բաբկեն Թունյան
Բաբկեն Թունյան

Վարչապետը, երեկ սահմանափակումներին վերադառնալու հնարավորությանն անդրադառնալով, նշել էր՝ քննարկում են մի քանի սցենարներ ու հաշվարկում դրանց ֆինանսական բեռը։

«Հիմա ընդհանուր լոքդաունի սցենարը ամենա ոչ ցանկալին է և իմ կարծիքով` ոչ այնքան հավանական է, և բնականաբար պետք է մտքում նաև դա ունենալ` հույս ունենալով, որ բանը դրան չի հասնի: Երբ մենք ասում ենք` իսկ Հայաստանը դրան պատրա՞ստ է, եթե Աստված մի արասցե, նման իրավիճակի հասնենք, ու անհրաժեշտություն լինի ևս մեկ անգամ ավելի խիստ ամեն ինչ փակել, դա պետք է դիտարկել որպես ընտրություն վատի ու վատագույնի միջև: Ասենք մենք պետք է նայենք` եթե չանենք, այդ ժամանակ ինչ տեղի կունենա նույն առողջապահության առումով, հետո ինքն էլ իր հերթին կտարածվի տնտեսության մեջ: Եվ պետք է այդ երկուսի միջև ընտրություն կատարենք, թե որ դեպքում մենք ավելի քիչ տուժած դուրս կգանք: Որովհետև եթե դա չարվի, ապա կարող է առողջապահական վիճակն այնպիսի կատաստրոֆիկ տեմպերով զարգանա, որ հետո ստիպված լինենք միևնույն լոքդաունին գնալ, բայց արդեն ավելի ուշ ու վատ հետևանքներով: Սա ես խոսում եմ տեսական սցենարի մասին»,- ասաց Թունյանը:

Արտակ Մանուկյան, Տաթևիկ Հայրապետյան
Արտակ Մանուկյան, Տաթևիկ Հայրապետյան

Պատգամավոր Արտակ Մանուկյանի խոսքով` ընդհանուր հաշվարկներ կան, թե խիստ սահմանափակումների դեպքում տնտեսությունը միջինում որքան է կորցնում.- «Ինչ կարժենան նմանատիպ մոտեցումները, պետք է ասեմ, որ այս կորոնավիրուսի պայմաններում, ըստ էության, գիտելիքը ձևավորվում է շատ գրեթե բոլոր երկրների մոտ համաչափ և շատ դանդաղ, որովհետև այն, ինչ որ երեկ ընդունելի էր, կարող է վաղը չէ մյուս օրը ընդունելի չլինել, այն գնահատականը, որ կար երեկ, կարող է վաղը չէ մյուս օրը կտրուկ փոխվի, բայց սովորաբար մեր նմանատիպ երկրների համար մեկ շաբաթ էկոնոմիկ լոքդաունն արժենում է մոտավորապես ՀՆԱ-ի 1.3-1.5 տոկոսի չափով ցուցանիշ: Հիմա դա արդյո՞ք ամբողջովին տրամաբանական կամ համադրելի է Հայաստանը, այստեղ էլ շատ գործոններ կան` ինչքան է տուրիզմի տեսակարար կշիռը և այլն, բայց մոտավորապես միջինում գնահատականը սա է»:

Գայանե Աբրահամյան
Գայանե Աբրահամյան


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հավելում է՝ անկախ ամեն ինչից պետության համար առաջնայինը մարդկանց առողջությունն է.- «Առաջնային է հանրային առողջությունը, և ամեն ինչ պետք է անել հանրային առողջությունը հնարավորինս պահելու և առողջապահական համակարգը կոլապսի չենթարկելու համար, իսկ այստեղ իսկապես շատ կարևոր է այդ փոխգործակցությունը` կառավարություն և հանրություն: Եվ շատ կարևոր է այս տեղեկատվական տեռորին վերջ տալը»:

Սերգեյ Բագրատյան
Սերգեյ Բագրատյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ևս կոշտ սահմանափակումներին վերադառնալն այսօրվա պայմաններում հավանական չի համարում, թեև ի սկզբանե ռեստորանները բացելու որոշումը, ասում է, սխալ էր, սակայն հույս ունի, որ վերջին օրերին քաղաքացիների վարքագծի փոփոխությունը մեկ շաբաթ անց կհանգեցնի վարակվածների թվի նվազմանը, և տնտեսությունը լրացուցիչ ցնցումների չեն ենթարկի.- «Ես կարծում եմ` կառավարությունը չի գնա. ցանկացած բիզնես ինքը ցնցումներ չի սիրում, ցանկացած բիզնես շատ դժվար կանգնում է, և արդեն նոր սկիզբը մեր կորուստներով է սկսվում: Հիմա եթե մի անգամ դա կարող է դիմանալ, երկրորդ անգամ արդյո՞ք կդիմանա: Ինքը շատ խնդրահարույց է: Այսինքն` ես ավելի շատ կդիտարկեմ, որ նախազգուշական միջոցներն ավելացնենք, մենք ավելի ուշադիր լինենք, ավելի զգույշ լինենք, քան նորից ռեստարտներ մտնենք և դժվարություններ ստեղծենք, կարա քարուքանդ լինի»:

Էդմոն Մարուքյան, Գևորգ Գորգիսյան
Էդմոն Մարուքյան, Գևորգ Գորգիսյան


Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է՝ Հայաստանի քաղաքացիները կարգապահ են, սակայն կառավարությունը, տնտեսական սահմանափակումներ դնելով, նրանց սոցիալական հարցերի հետ մենակ է թողել: Այժմ ըստ Մարուքյանի՝ նոր սահմանափակումների համար գումար է անհրաժեշտ.- «Կարո՞ղ ենք էլի փակել կամ ո՞չ, կարող ենք, եթե բոլորին փող տանք, եթե բոլորին փող չտանք, չենք կարող: Ունե՞նք փող, ես շարունակում եմ պնդել, որ այո, ունենք փող, ունենք վարկ վերցրած փող Covid-ի դեմ պայքարի համար: Եթե մարդկանց փող չտվեցինք փակելով, մարդիկ տանը չեն մնալու, ոնց որ և դա եղել է, մարդիկ անհնազանդություն են ցուցաբերում, երբ դու իրեն չես աջակցում, որ ինքը տանը հանգիստ նստի և ապրի: Երբ որ ինքը տանը նստած է, դու ասել ես` տանը նստի, փող չես տալիս, մեկ էլ գազի մարդը, չգիտեմ լույսի մարդը գալիս է, անջատում է, այդ մարդը ո՞նց կարող է տանը մնալ, այդ մարդը դուրս է գալու, վերջ, դուրս է գալիս, հիմա էլ ասում են` մեր ժողովուրդը կարգապահություն չունի, մի հատ տեսնեիք` Գերմանիայում ինչ կարգապահ էին: Գերմանիայում կարգապահ էին, որովհետև բոլորին տրվել է փող»:

XS
SM
MD
LG