«Արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից», - պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուշացման պատճառը երկակի է. հարազատներն իրենք մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումը առողջապահական համակարգին, և տեղեկատվությունը ստացվել է ուշացումով, և ռեակցիան էլ եղել է ուշացումով: Դրա պատճառով մենք արձանագրել ենք այսպիսի առաջին մահը», - ասաց վարչապետը:
Փաշինյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, որ սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին՝ նշելով, - «Մեր առողջապահական համակարգը այսօր այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում»:
«Ուզում եմ արձանագրել, որ երկու մահվան դեպք ենք ունեցել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց ինքը գտնվել է ընդհանուր բաժանմունքում՝ վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով», - հավելեց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց՝ քննարկումների արդյունքում հասկացան, որ տոտալ lockdown-ը չի բերելու ցանկալի արդյունքների. «Դա ցանկալի որոշում չէ ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր, բայց առավել ևս այն պատճառով, որ մենք համոզված ենք, և մեր վերջին օրերի իրականության մոնիտորինգը ցույց է տալիս, որ այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է մեզ բերել ցանկալի արդյունքների»:
Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ անկախ ամեն ինչից հասել ենք կրիտիկական վիճակի:
«Արդեն քայլում ենք դժոխքի միջով: Սրա լուծումը, գոնե միջնաժամկետ, կարող է լինել միայն մի բան, երբ իսկապես համընդհանուր հակահամաճարակային շարժում սկսվի Հայաստանի Հանրապետությունում, և մեզնից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով, որ այդ հիվանդանոցային տեղերի բացակայության և սակավության պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը», - ասաց Նիկոլ Փաշինյանը: