Մատչելիության հղումներ

«Եթե հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ lockdown-ի». վարչապետ


2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քան 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ: Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում:

«Դա ունի մի շատ հետաքրքիր պատճառ, առաջինը, օրինակ, անցած տարի քաղցկեղից հունիսի 1-ի դրությամբ մահացել է 2307 մարդ, այս տարի՝ 2213, համարյան 100 մարդով պակաս: Սրա բացատրությունը հետևյալն է, որ պոտենցիալ այս տարվա քաղցկեղից մահացողների մեծ տոկոսը վարակվել է կորոնավիրուսով և կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, ինքն է դարձել մահվան պատճառ: Եթե այս վիճակագրությանը հավատանք, կստացվի, որ եթե կորոնավիրուսը չլիներ, կորոնավիրուսով վարակված քաղցկեղակիրների մի մասը կմահանար քաղցկեղից: Նույնն էլ շնչառական հիվանդությունները. անցած տարի հունիսի 1-ի դրությամբ այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարի 1062 մարդ՝ մինչև հունիսի 1-ը, այսինքն մոտավորապես 400 մարդով պակաս մարդ է մահացել: Քանի որ այս հիվանդությունն ունեցող մարդկանց մի մասը ավելի ինտենսիվ է բուժում ստացել, բուժվել է և՛ կորոնավիրուսից, և՛ այդ հիվանդության իր վիճակը լավացել է», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խնդիրը մեկն է՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների պատշաճ բուժօգնություն ցույց տալը: «Սա է կորոնավիրուսի առանցքային պրոբլեմը, որովհետև եթե, օրինակ, մյուս հիվանդությունները արձանագրվում, զարգանում են, օրինակ, դեպքերի ինչ-որ մեծ տոկոսում, իրենց տևողությունը տևում է մեկ տարի և օրինակ՝ քաղցկեղով առաջին հիվանդին սպասարկելուց մինչև մի հիվանդին սպասարկելը տևում է կես տարի, կորոնավիրուսի ժամանակ էդ ժամկետը շատ կրճատվում է, դառնում է երբեմն մեկ շաբաթ, երբեմն՝ երկու, մաքսիմում՝ մեկ ամիս: Եվ մեր հազարավոր հիվանդները, որ պիտի բուժօգնության դիմեին մեկ տարվա ընթացքում բուժօգնության են դիմում մեկ ամսվա ընթացքում», - նշեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշեց՝ եթե ծանր դեպքերն այնքան շատանան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, «ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ lockdown-ի»: «Կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական և սոցիալական հետևանքներով: Այսօր շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը գնացել է այդ ճանապարհով և lockdown- ի ընթացքում թվերն ուրիշ են եղել», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով, - «Բայց եթե lockdown արեցինք ընդհուպ մեր մոտ թվերը եկավ զրոյացավ, սա հարցի լուծո՞ւմ է, սա հարցի լուծում չի, սիրելի հայրենակիցներ, որովհետև աշխարհում և նույնիսկ զրոյով երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ, և երբ մենք տոտալ lockdown-ից հետո սկսում ենք բացվել, վարակը սկսում է նորից տարածվել: Այսինքն հավանականություն է առաջանում, որ մենք կհայտնվենք նոր lockdown հայտարարելու անհրաժեշտության և պրոբլեմի առաջ: Այս պարագայում պրոբլեմն այն է, որ ունքը սարքելու տեղը մենք տալիս աչքն էլ ենք հանում, որովհետև մի կողմից մենք կորոնավիրուսի հարցը չենք լուծում, մյուս կողմից մենք տնտեսական ու սոցիալական կոլապսի ենք ենթարկում երկիրը»:

«Եթե ստացվի այնպես, որ կորոնավիրուսով վարակված ասիմպտոմ դեպքերը շատ լինեն, դա է հարցի լուծումը», - հավելեց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG