Հայաստանի խոշորագույն տեքստիլ ձեռնարկության՝ «Գլորիայի» վարակակիր աշխատակիցների թիվը հասավ 133-ի, «Ազատությանը» հայտնեց Լոռու մարզպետը։ Տնօրեն Բագրատ Դարբինյանի պնդմամբ` որևէ մեկն այս պահին հիվանդանոցում չէ։ Բացի ջերմող փոխտնօրենից, մյուսներն ախտանշաններ չունեն։
Վարակակիրներից մեկը հղի է։ Տնօրենն ասում է՝ անգամ նա ախտանշան չունի, հիվանդանոցից տուն են ուղարկել.- «Սաղը նստած իրանց տանը` չիպսով տելեվիզր են նայում, ոչ մեկը ոչ մի սիմպտոմ չունի, այդ թվում նաև այդ հղի կինը, տուն են ուղարկել, ասել են` գնա, դու վարակված էլ չես, եսիմ ինչ ա: Oֆիցիալ ասում եմ` հանրապետության ամբողջ ազգաբնակչությանը թեստ անեն, 80 տոկոսի մեջ էտ վիրուսը կա, որովհետև դա արդեն ամբողջ մթնոլորտում տարածված է, ո՞նց կարա չլինի»:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանն» ասաց՝ «Գլորիայի» աշխատակիցների շրջանում թեստերն արվել են պատահականության սկզբունքով։ Միայն երեկ արված 70 թեստից 54-ը դրական են եղել։ Ենթադրվում է, որ բոլոր աշխատակիցները կա՛մ արդեն վարակակիր են, կա՛մ կոնտակտավոր, ուստի պարետի որոշմամբ երեք օրով աշխատանքը դադարեցրած ֆաբրիկան վաղը չի վերագործարկվի։ Եվս 14 օրով երկարաձգվել է ֆաբրիկան փակելու ժամկետը, որի ընթացքում բոլոր 2 հազար 600 աշխատողները պետք է ինքնամեկուսանան՝ անկախ ախտանշաններից։
Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն «Ազատությանն» ասաց.- «14 օր չենք աշխատելու, դրանից հետո էլ կտեսնենք, հենց որ վերջին կորոնավիրուսով վարակվածը կբուժվի Հայաստանում, նոր մենք կսկսենք աշխատել...Չէ ոչ մեկը չկա հիվանդանոցում, ջերմություն ունի մեկը, ոնց հանրապետության բնակչության 80 տոկոսը, բոլորը տանն են, հիվանդանոցում չկան:
Չերկարձգվեր էլ, մենք էինք որոշելու երկարաձգենք, հավես չունենք, դառել ենք քննարկման թեման «Գլորիան»: Դե պատվիրատուները վերջ, արդեն դադարեցնում են, գերմանացին հենա գրել ա, որ լուրերով լսեցինք, որ այդքան վարակված կա, շնորհակալություն, հետ ուղարկեք: Մենք պատրաստվում ենք հետ ուղարկածը, էն մյուսները նստեցին իրանց սամալյոտը, հետ գնացին, հիմա չգիտեմ` ինչքան կմնա»:
Բագրատ Դարբինյանը ևս այսօր թեստ է հանձնել, թեև նա նույնպես ախտանշաններ չունի.- «Շատ ընտիր, երեկ 40 րոպե վազել եմ տրինաժորի վրա, ոչ մի բան, ընտիր շնչառությունս, գիտակցությունս, ջերմություն էլ չկա»:
Աշխատակիցներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, ասաց՝ իրենց ընտանիքի անդամներից երեքը «Գլորիայում» են աշխատում։ Երկուսի մոտ հաստատվել է վիրուսը, իր մոտ բացասական է եղել արդյունքը։ Ասում է՝ բժիշկների հորդորով մեկուսացել են, բայց բոլորն էլ իրենց լավ են զգում, որևէ ախտանշան չունեն։ Աշխատակցի պնդմամբ` առանց ախտանշանների են նաև իրենց արտադրամասի մյուս բոլոր վարակակիրները։ Ասաց՝ մտահոգ են միայն, որ դարձյալ նստելու են տանը առանց աշխատավարձի։
Հայաստանում արտակարգ դրություն հաստատելուց հետո՝ մարտի 25-ից ֆաբրիկան ավելի քան մեկ ամիս փակ էր։ Այդ ընթացքում մոտ 2600 աշխատակիցները չեն վարձատրվել։ Սահմանափակումների թուլացումից և աշխատակիցների բողոքի ակցիաներից հետո պարետը թույլատրեց վերաբացել ֆաբրիկան։ Ընդամենը մեկ ամիս անց աշխատակիցների շրջանում արձանագրվեցին վարակման առաջին երեք դեպքերը, ինչից հետո ամեն օր վարակակիրների թիվն ավելանում է տասնյակներով։
Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը 220 է, նրանցից 64-ն առողջացել են, մեկը՝ մահացել, փոխանցում են մարզպետարանից։