Մատչելիության հղումներ

«Ես չունեմ ապրանք թափելու». «Մեյմանդարի» վաճառողները դեմ էին շուկան 1 օրով փակելու որոշմանը


Արմավիրի մարզի «Մեյմանդար» կոչվող շուկայում այսօր լարված իրավիճակ էր։ Բազմաթիվ վաճառողներ, չպահպանելով սոցիալական հեռավորություն, բողոքի ակցիա էին իրականացնում՝ թույլ չտալով, որպեսզի ոստիկանները 24 ժամով փակեն շուկան, որտեղ մի շարք խախտումներ էին արձանագրվել։

«Մարդ աշխատե, արաղ է ստեղծել, միլիոններով գազին փող է տվել, էսօր եկել, ապրանքը բերել, ասում ա` բերեք, թափենք էս ապրանքը, դուք գնացեք, մեռեք: Մեռնողի համար ի՞նչ տարբերություն` սոված է մեռել, թե կուշտ է մեռել: Եթե պիտի ախտահանվի բազարը, բազարի կեսը տանում են մի կողմ, մի կողմից ախտահանելով գալիս են, իսկ եթե Արտաշատի բազարի համար ճանապարհ են հարթում, էտի հարցի մյուս կողմն է»,- ասաց նրանցից մեկը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Ազատությանը» փոխանցեցին՝ մայիսի 30-ին իրականացված ստուգայցի ընթացում հայտնաբերել են, որ շուկայում չի իրականացվել ջերմաչափում, չեն եղել դիմակների և ձեռնոցների համար փակ աղբամաններ, չի պահվել սոցիալական հեռավորություն, մարդիկ դիմակները թերի են կրել։ Մայիսի 31-ին պարետը շուկան 24 ժամով փակելու որոշում է կայացրել, որպեսզի տարածքը ախտահանվի։

Բողոքի ակցիա իրականացնողները պնդում էին՝ իրենք համաձայն են, որ շուկան ախտահանվի, բայց առանց այն փակելու.- «Այո, ես միշտ դիմակ դրել եմ, միշտ, մյուսներն էլ»:

«Ոչ մեկն էլ իրավունք չունի գա, ասի` դուրս արի, կարան փոխհատուցեն, թող բերեն փոխհատուցեն, ես չունեմ ապրանք թափելու, զբաղվեք ձեր առօրյայով, իրանք տաք աթոռի վրա նստած` չեն գիտակցում` ինչ են անում»,- ասում էր վաճառողներից մյուսը:

Որպեսզի գյուղմթերքը չփչանա, պարետատունը որոշում կայացրեց, որ վաճառողները կարող են աշխատել վաղը` մինչև տասը, դրանից հետո շուկան մեկ օրով կփակվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո անդրադարձավ առևտրի շուկաների փակման որոշումներին.- «Գալիս են փաստարկներ, որ օրինակ` այս վայրում առևտուրը դադարեցնելու դեպքում առևտուր անողների գնած մթերքը կփչանա, և նրանք տնտեսական վնասներ կկրեն, և այստեղ փաստարկների շարքը սկսում է աշխատել: Եվ, ըստ էության, մենք գործ ունենք կանոնների պահպանման հետ կապված վարչարարության կոշտության պակասության հետ: Եվ այս ամեն ինչը նաև սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ եթե, ենթադրենք, վարունգի, պոմիդորի կամ որևէ այլ վաճառքի կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ ըստ ամենայնի երկրի վարչապետը որոշել է պոմիդորի, կամ կանաչիի, կամ, չգիտեմ, կոշիկի առևտրի մենաշնորհ հաստատել: Եվ այս ամենի արդյունքում ստանում ենք այս իրավիճակը: Եթե որևէ մեկը սննդամթերք է վաճառում կամ կազմակերպում է սննդամթերքի վաճառք, ուրեմն նախապես պիտի մտածի, որ այդ վաճառքը պիտի կազմակերպի պարետատան սահմանած կանոններով, որպեսզի խուսափի մթերքի վաճառքը հետագայում արգելելու և դրա փչանալու տնտեսական վնասներից և բիզնես ռիսկերից: Պետք է հսկողությունը համաճարակային կանոնների նկատմամբ կատարվի ամենախիստ ձևով, ամենաչոր կերպով, հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, հաշվի չառնելով ոչ մի փաստարկ, հաշվի չառնելով ոչ մի զգացմունքային պահ, և սա է եղել իմ հրահանգը իրավապահ մարմիններից, և ես խստորեն հետևելու եմ այդ հրահանգի իրականացմանը, իսկ այդ հրահանգի չիրականացումը կամ անորակ իրականացումը բերելու է իր հետ կոնկրետ հետևանքների: Եվ այս առումով մենք ընդամենը օրեր ունենք, 1, 2, 3 օր ունենք, որպեսզի երկրում այս առումով որակական իրավիճակ փոխենք»:

Տեսչական մարմիններն այսօր շարունակում էին ստուգումներ իրականցնել և պատժամիջոցներ կիրառել տնտեսվարողների նկատմամբ։ Արձանագրված հիմնական խախտումների մասին խոսեց ՍԱՏՄ ներկայացուցիչը.- «Դիմակների թերի կրումը, ձեռնոցների ընդհանրապես չօգտագործելը, որոշ տեղեր նաև ախտահանիչների բացակայությունը, հիմնականում նման խախտումների պարագայում մենք ներկայացնում ենք զեկուցագրի տեքսով տվյալ կազմակերպության տվյալները պարետին, որի հետևանքով պարետը կայացնում է համապատասխան որոշում»:

Հենց այս խախտումների պատճառով այսօր ևս կասեցվեցին մի քանի տնտեսվարողի գործունեություն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG