Մատչելիության հղումներ

Կորոնավիրուս է հաստատվել Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի 3 աշխատակցի մոտ, որոնցից մեկը հղի է


Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում 2600 աշխատողներից 3-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, նրանցից մեկը հղի է։ Այսօր ևս ջերմություն ունեցող աշխատակիցներ են եղել, որոնք մեկուսացվել ու թեստավորվել են։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանն» ասաց, որ համապատասխան մարմիններն այսօր մոտ երկու տասնյակ կոնտակտավոր անձանց մեկուսացրել են և անհրաժեշտության դեպքում նմուշառում կանեն։

Ֆաբրիկայի վարակված հղի աշխատակցին տեղափոխել են Երևան, մյուսը գտնվում է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում, երրորդ հիվանդը բուժում է ստանում տնային պայմաններում՝ պոլիկլինիկայի բժիշկների հսկողության տակ։

«Նորմալ են: Ունեցել են ուղղակի թույլ ջերմություն և հենց էդ ձևով են հայտնաբերվել մեր պոլիկլինիկական օղակի կողմից: Արդեն կլինեն բժիշկների հսկողության տակ: Մենք մեր մարզի քաղաքացիներից ունենք նաև ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ», - փոխանցեց մարզպետը:

Ապրիլի վերջին վերագործարկված կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանն ասաց, որ կատարում են պարետատան բոլոր հրահանգները՝ ախտահանում տարածքներն ու աշխատողներին ֆաբրիկա հասցնող ավտոբուսները, աշխատողները դիմակ են կրում, արտադրամաս մտնելիս նրանց պարտադիր ջեմաչափում են. – «Բնական ա, ոնց որ ամբողջ աշխարհն ա, ամբողջ հանրապետությունը, մարդիկ վարակվում են: Եվ վարակված ա, տուն ենք ուղարկելու,դրա կոնտակտներին էլ պետք ա մեկուսացնեն: Մնացածը, իմ կարծիքով, կաշխատեն: Եթե չեն ուզենա աշխատեն, կամ կառավարությունը կորոշի, որ ոչ մեկը չպիտի աշխատի, չենք աշխատի»:

Նա հավելեց, որ աշխատողները ուզում են շարունակել աշխատանքը:

Լոռու մարզում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի 96 դեպք, որից 61-ն արդեն առողջացել են: Մեկը, որ ուներ ուղեկցող հիվանդություն, մահացել է։

Վանաձորում կորոնավիրուս է հաստատվել նաև Լոռու մարզպետի հարազատների մոտ։ Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ նրանց առողջական վիճակն արդեն բարելավվել է. – «Ունեմ հարազատներից վարակվածներ, որոնք տարիքով բավականին մեծ են: Առողջական վիճակը մի ընթացքում եղել է ծանր, բայց այս պահի դրությամբ ունենք բարելավում: Իրենք շատ զգուշավոր են եղել, հավանաբար թաղամասային խանութից առևտուր անելու միջոցով, գուցե բռնակի կամ թղթադրամների միջոցով...»

Կորոնավիրուսով հիվանդ են նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ընտանիքի անդամները։ Նրանք գրեթե առողջացել են, իսկ աշխատակազմի ղեկավարը ինքնամեկուսացած է, որևէ ախտանշան, Անդրեյ Ղուկասյանի փոխանցմամբ, չունի։

Վերջին օրերին համացանցում լուսանկարներ հայտնվեցին մարզի սրբատեղիներից ու հանգստի գոտիներից, որտեղ մարդկանց մեծ կուտակումներ են եղել հատկապես շաբաթ-կիրակի օրերին։ Մարզպետն ասաց, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում այդ վայրերում։ Պարետի որոշմամբ անգամ արգելվել է մուտքը որոշ սրբավայրեր. – «Պարետի որոշումով Սուրբ Հովհաննես մուտքը փակված է մինչև այսօրվա ավարտը: Դրանից հետո, ըստ իրավիճակի, էլի կարող են լինել սահմանափակումներ: Դենդրոպարկում են եղել որոշակի սահմանափակումներ հանգստյան օրերին: Նաև հսկողություն է սահմավել Հաղպատ և Սանահին վանական համալիրների մոտ: Աշխատանքային օրերին հավանաբար կուտակումներ չենք ունենա, բայց ոչ աշխատանային օրերին, եթե կարիք լինի, նորից սահմանափակումներ կլինեն»:

XS
SM
MD
LG