Հայաստանի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել, վարել է հեռավար ռեժիմով:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նշել է, որ չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում:
Զեկուցվել է պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղությամբ ձեռնարկվող վերահսկողական միջոցառումների և դրանց արդյունքում՝ հանրության վարքագծի փոփոխությունների, պաշտպանիչ միջոցների կիրառման հետ կապված իրավիճակի մասին: Նշվել է, որ չնայած սահմանափակումներին՝ երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է. «Մենք առաջ ենք գնում կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության խստացման տրամաբանությամբ: Լրջագույն աշխատանք պետք է իրականացվի՝ պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման և զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով»:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին՝ ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը և դրանց ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել իրեն: