Արդեն մի քանի օր շարունակ ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում մայրաքաղաքում՝ պարետատան սահմանած պահանջների կատարմանը հետևելու համար։
Ինչպես հրահանգել էր վարչապետ Փաշինյանը, ոստիկանները ստուգայցեր՝ ռեյդեր են իրականացնում պարզելու՝ արդյոք քաղաքացիները կրում են դիմակներ մեքենաներում ու հանրային տրանսպորտում։ Իսկ փողոցներում ստուգվում է քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը։
Այդուհանդերձ, մոտակայքում ոստիկանական խմբերի առկայությունը ոչ բոլորին է զգոնացնում, Երևանի թաղամասերից մեկում բանկերի դիմաց մեծ հերթեր էին, քաղաքացիները սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնին չէին հետևում։
Հավաքվածները կուտակումների համար բանկի աշխատակիցներին էին մեղադրում: «Ես ասելու բան չունեմ, իրանք են դանդաղ աշխատում, թող մի քիչ արագացնեն իրանց աշխատանքը», - ասաց նրանցից մեկը:
Հարևանությամբ գործող մեկ այլ բանկի դիմաց հավաքված քաղաքացիներն էլ միմյանցից սոցիալական հեռավորություն չպահպանելը կիզիչ արևով էին պայմանավորում: «Բա ո՞ւր գնանք, արև ա, չենք կարա հեռավորություն պահպանենք, որ ժամերով հերթ են կանգնացնում, մենք ի՞նչ մեղավոր ենք», - նշեց քաղաքացիներից մեկը:
Պարետատան պահանջով բաց տարածքում գտնվող քաղաքացիները պարտավոր են իրենց մոտ դիմակ ունենալ, փակ տարածքներ մտնելիս էլ կրել դրանք: Այսօր «Ազատությանը» հանդիպած քաղաքացիները հիմնականում պահպանում էին այս պահանջները։
Անցորդներից մեկը թեև զբոսնելիս դիմակ չէր կրում, բայց վստահեցրեց՝ առանց պաշտպանվելու շփումների մեջ չի մտնում:
Առավոտյան հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, «Ազատության» հարցմանը մասնակցած քաղաքացիները հիմնականում համակարծիք էին՝ այս լուրը թերահավատներին կստիպի լուրջ վերաբերվել ողջ աշխարհում տարածված կորոնավիրուսին, այդուհանդերձ, այլ տեսակետ ունեցողներ էլ կային։