Նոր տիպի համաճարակի հետ կապված իրավիճակը մեր երկրում շարունակում է ահագնանալ, այս մասին պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ երեկ հաստատվել է 517 նոր դեպք, և հիմնական հարցը, ըստ նրա, այն է` ինչո՞ւ է այս ամենը մեզ հետ տեղի ունենում:
«Ես ուզում եմ արձանագրել, որ մեր հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է և այդ կանոնների պահպանման որակը, և մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսի թվերի անկման, նվազման, ընդհուպ մինչև զրոյացման»,- նշեց վարչապետը:
Ըստ նրա` Հայաստանում օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի ու մակարդակի չի հասել: «Ըստ էության, մենք գործ ունենք կանոնների պահպանման հետ կապված վարչարարության կոշտության պակասության հետ: Եվ այս ամեն ինչը նաև սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ եթե վարունգի, պոմիդորի կամ որևէ այլ վաճառքի կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ ըստ ամենայնի երկրի վարչապետը որոշել է պոմիդորի, կամ կանաչիի, կամ, չգիտեմ, կոշիկի առևտրի մենաշնորհ հաստատել: Եվ այս ամենի արդյունքում ստանում ենք այս վիճակը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հորդորեց վաճառքով զբաղվողներին խստորեն պահպանել պարետատան կանոնները: «Մենք այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ` կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պաշտպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների` զուգորդելով դրանք պարետային ժամով և այդպես շարունակ, երկիրը ենթարկելով նոր տնտեսական և սոցիալական ցնցումների, կամ մենք միասին իրար հետ համագործակցելով` կառավարություն, քաղաքացիներ, հասարակական հատված, հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արձանագրում արդյունքներ»,- հայտարարեց երկրի վարչապետը: