Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտ 5,6 միլիոն է, ավելի քան 350 հազար մարդ դարձել է այս հիվանդության զոհ, բուժվածների թիվը մոտենում է 2,3 միլիոնին, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Համաճարակի կենտրոնն այժմ գտնվում է ամերիկյան աշխարհամասում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հատկապես անհանգստացած է Բրազիլիայում տիրող իրավիճակով և խորհուրդ չի տալիս Լատինական Ամերիկայի երկրներին թուլացնել սահմանափակումները:
Միացյալ Նահանգներում Covid-19-ով նոր վարակվածների և այս հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերն աստիճանաբար նվազում են: Նյու Յորքի բորսան վերսկսել է աշխատանքը ոչ ամբողջ ծավալով՝ միայն մեկ քառորդով:
Որոշ երկրներ շարունակում են թուլացնել կորոնավիրուսային համավարակի հետ կապված կարանտինային միջոցառումները:
Այսօրվանից Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի բնակիչները կկարողանան առանց սահմանափակումների տեղաշարժվել այս երեք երկրներում:
Հարավային Կորեայում 2 միլիոն 400 հազար աշակերտ կվերադառնա դպրոց: Երկիրը խիստ կարանտին չի սահմանել, բայց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցներից մեկը դպրոցների փակումն էր: Աշակերտները պետք է ավելի վաղ վերադառնային դասերի, բայց դա տեղի չունեցավ Սեուլի գիշերային ակումբներում նոր դեպքերի պատճառով: Երկրի իշխանությունները կրթական հաստատություններին հանձնարարել են չափել աշակերտների ջերմությունը և դասարաններում սոցիալական հեռավորություն պահպանել:
Տաջիկստանում էլ կորոնավիրուսի հետ կապված արգելվել են հարսանիքները:
Մայիսի 27-ից Իսպանիայում տասնօրյա սուգ է սկսվում՝ ի հիշատակ համաճարակի զոհերի:
Եվրամիությունը 9,5 միլիարդ եվրո է հանգանակել՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն առաջին անգամ նշել է համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից մահացած բժիշկների թիվը` 101 մարդ: Ոչ պաշտոնական «Հիշատակի ցուցակում», այդուհանդերձ, նրանց թիվը եռակի շատ է:
Մեծ Բրիտանիայում հրաժարական է ներկայացրել Շոտլանդիայի հարցերով նախարար Դագլաս Ռոսը, քանի որ նրա ընտրողները դատապարտում են վարչապետի խորհրդական Դոմինիկ Քամինգսի պահվածքը, ով ոչ միայն խախտել է կառավարության սահմանափակումները, այլև նույնիսկ ներողություն չի խնդրել դրա համար: Քամինգսի հետ կապված սկանդալը հանգեցրել է վիճաբանությունների Պահպանողական կուսակցությունում և վարչապետ Բորիս Ջոնսոնի վարկանիշի անկմանը:
Այս ֆոնին, Նիդերլանդների վարչապետի պահվածքն օրինակելի է թվում: Մահացել է Մարկ Ռյուտեի 96-ամյա մայրը, որին որդին չէր տեսել մարտի 20-ից, երբ սահմանվել էր ծերանոցներ այցելելու արգելքը: