Եվրամիությունն արդեն մոտ 9,5 միլիարդ եվրո է հանգանակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ու դեղամիջոց ստեղծելու համար` հաղորդել է Եվրահանձնաժողովի նախագահը: «Սա հրաշալի արդյունք է», - գրել է Ուրսուլա ֆեն դեր Լեյենը Թվիթերի իր էջում, հավելելով, - «Մենք հասանք համերաշխության»:
Դրամահավաքը սկսել էր մոտ երեք շաբաթ առաջ` Եվրամիության ջանքերով: Հանգանակությանը մասնակցել են տասնյակ երկրների կառավարություններ, բարեգործական հիմնադրամներ ու գործարարներ: Եվրահանձնաժողովը հայտարարել է, թե իր նպատակն է ոչ միայն նպաստել դեղամիջոցների մշակմանը, այլև երաշխավորել, որ դրանք հասանելի դառնան բոլորին: