Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պնդում է՝ սուր քննադատության թիրախում հայտնված իր ամենամերձավոր զինակիցներից մեկը՝ կառավարության գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսը, որևէ սխալ չի գործել:
Ջոնսոնի մերձավոր շրջապատի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկին մեղադրում են կորոնավիրուսի համաճարակի պայմաններում երկրի տարածքում գործող կարանտինային սահմանափակումները կոպտորեն ոտնահարելու մեջ:
«Արդյո՞ք մեր կառավարությունը հանրությանը խնդրում է մի բան անել, սակայն ինքը հակառակ քայլերին է դիմում: Արդյո՞ք մեր կառավարությունը կոչ է անում երկրի քաղաքացիներին զոհողությունների գնալ՝ չլքել բնակարանները, սոցիալական հեռավորություն պահպանել, բայց այդ նույն կառավարության որոշ անդամներ ոտնահարում են սահմանված կանոնները: Այս հարցերը վերջին 48 ժամերին բավական հաճախ են հնչում: Այս հարցադրումներին ես շատ լուրջ եմ վերաբերվում, այդ իսկ պատճառով այսօր բավական երկարատև մի հանդիպում ունեցա Դոմինիկ Քամինգսի հետ և եկա հետևյալ եզրակացության՝ նրա պահվածքը պատասխանատու է եղել, օրինական և ազնիվ», - հայտարարում էր Բորիս Ջոնսոնը:
Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ Ջոնսոնի գլխավոր խորհրդականը մարտի վերջին, խախտելով երկրի տարածքում գործող տեղաշարժի խստագույն սահմանափակումները, իր քառամյա որդու ուղեկցությամբ մեկնել էր Լոնդոնից ավելի քան 400 կիլոմետր հյուսիս գտնվող Դյուրհամ քաղաք՝ ծնողներին այցելելու նպատակով: Ուղևորության պահին Քամինգսի կնոջ մոտ արդեն իսկ կորոնավիրուս է հաստատված եղել, ինքը կառավարության խորհրհրդականը ևս կորոնավիրուսի որոշ ախտանշաններ է ունեցել: Բորիս Ջոնսոնի խոսքով, սակայն, Քամինգսի այդ ուղևորությունը հայրական բնազդի վառ դրսևորում է եղել, քանի որ իր խորհրդականը չի ցանկացել որդուն առանց խնամքի թողնել:
«Թե՛ ինքը և թե՛ իր կինը կորոնավիրուսի պատճառով անկողնուն գամված լինելու հեռանկարի առջև են հայտնվել: Եվ այն պահին, երբ այլընտրանք չկար, Դոմինիկը հետևել է այն բնազդին, որ բնորոշ է ցանկացած հոր, ցանկացած ծնողի, և ես նրան դրա համար չէի վատաբանի», - հայտարարում էր Բորիս Ջոնսոնը:
Բրիտանական մամուլն ու քաղաքական շրջանակները, մինչդեռ, այս բացատրությունները չեն ընդունում՝ պնդելով, որ կատարվածը տիպիկ երեսպաշտություն է:
Ապրիլի սկզբին գրեթե նույնատիպ սկանդալն էր ծագել Շոտլանդիայում: Տեղի առողջապահական համակարգի ղեկավար Քեթրին Քալդերվուդն անտեսել էր տանը մնալու կոչերը՝ երկու անգամ այցելելով Էդինբուրգից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող իր ամառանոց: Ի տարբերություն Բորիս Ջոնսոնի խորհրդականի՝ Շոտլանդիայի առողջապահության նախարարին որևէ մեկը չպաշտպանեց, և նա ստիպված էր հրաժարական ներկայացնել: