Մատչելիության հղումներ

Գյումրիում անհատ տաքսու վարորդները դժգոհում են պարետի սահմանած արգելքից


Գյումրիում տաքսու անհատ վարորդները դժգոհում են պարետի սահմանած արգելքից, ըստ որի՝ մեքենայում արգելվում է վարորդի կողքին նստած ուղևորի տեղափոխումը՝ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով:

Գյումրեցի վարորդները պնդում են՝ որոշումը սխալ է, ու օրինակներ բերում.- «Հեռավորությունը, ենթադրենք, եթե ասում են, թե պետք է ուղևորը նստի մենակ հետևի նստատեղում, նույն հեռավորությունն է, ինչ որ կողքը նստած ուղևորինը, տարբերությունը ո՞րն է, հեռավորության տարբերություն չկա: Երրորդը` հիմա ձմեռ չէ, որ ապակիները լրիվ 4-ն էլ փակած լինի, որ տաքությունը դուրս չգա, վիրուսն էլ մեջը մնա: Հիմա տաք է եղանակը, շուշեքը լրիվ բաց, լրիվ օդափոխվող, ի՞նչ վիրուսի մասին է խոսքը»:

Մեկ ուրիշ վարորդ ասում է.- «Ես կգտնիմ, որ ճիշտ որոշում չէ, տարբերությունը ո՞րն է, դիմացն է նստել, թե հետևը: Էտ նույն օդը կշնչե, թթվածինը կշնչե: Նույն հեռավորությունն է, թե հետևն է նստած, թե դիմացը, տարբերությունը ես չեմ տեսնի: Ի՞նչ տարբերություն, եթե ինքը վիրուսակիր է, դիմացն է նստած, թե հետևն է նստած, կա՞ տարբերություն:

Մարդը ընտանիքով կուգա, 4 հոգով են, ըսես` մի նստի՞, կեսդ ուրիշ տաքսի նստե՞ք, կեսդ` ուրի՞շ, չես կրնա մարդկանց կիսես երկու տեղ, կուզես կողքը նստի, կուզես հետևը, կորոնավիրուսը որ եղավ, չի՞ կպնի, ես չիդեմ` ինչ ձևի կմտածեն: Կամ «Գազելի» մեջը որ իրար կողք կողքի կնստին, իրար կողքի չե՞ն նստի, էրթան, նույն բանը չէ՞»:

Վարորդները նշում էին` դիմակ, ձեռնոց ունեն, պաշտպանիչ բոլոր միջոցները կիրառում են.- «Ուղղակի խնդրում ենք պարետին էս հարցը մի հատ վերանայել, նրբանկատ մոմենտներ կան, որ պետք է ճիշտ ձևով էտ հարցին մոտենալ»:

Վարորդներից մեկն էլ նկատեց՝ խորհրդարանում պատգամավորները կողք կողքի են նստում, բայց նույնը տաքսիի մեջ արգելվում է.- «130 հոգին որ խորհրդարանի մեջը հավաքվին կը իրար գլխի, իրար կողք կողքի նստած են, նույն բանն է, ինչ վարորդի կողքը պասաժիր նստի»:

Վարորդները չտուգանվելու համար հիմնականում հրաժարվում են դիմացը նստած ուղևոր տեղափոխել: Սակայն մեր նկարահանման պահին մի վարորդ իր ծանոթին մեքենայի դիմացը նստեցրեց ու երբ նկատեց, որ նկարահանում ենք, ապակիները փակեց:

Վարորդներն ասում են՝ առանց այն էլ հազիվ են հացի փող վաստակում ու հիմա էլ ռիսկի չեն դիմում, որպեսզի ստիպված չլինեն աշխատած գումարով տուգանք վճարել։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հասմիկ Ղազինյանը պարետի որոշումը հիմնավոր է, համարում քանի որ սոցիալական հեռավորությունը հատկապես փակ տարածքներում կարող է արդյունավետ լինել վարակի դեմ պայքարի առումով.- «Խոսքը վերաբերում է սոցիալական տարածությանը, բնականաբար կողքը սոցիալական տարածությունը շատ ավելի կարճ է, քան հետևը, երկրորդը` պատկերացնո՞ւմ եք` նույն հարթության վրա վարակն ավելի հեշտ կտարածվի, քան տարբեր հարթություններ են` առաջին նստատեղերը և երկրորդ նստատեղերը: Եթե պահանջվում է, որ պետք է կողքը մարդ չնստի, ես չեմ կարծում` սա այն կապրիզն է, որ վարորդին կտա բավարարվածություն: Աշխատում ենք ամեն մեկս մեր օրվա հացը, տրվում է այդպես, շատ քիչ բան է ձեզանից պահանջում, կողքը չի պահանջվում նստել, ուրեմն պետք է չնստենք: Բացատրությունը միայն այդ է` սոցիալական տարածության հարցը` իմ կարծիքով, առավել ևս դիմակների կրումը շատ վարորդների կողմից ճիշտ չի լինում, այն ճիշտ չեն կրում վարորդները, կողքի նստածները կամ հասարակության, ազգաբնակչության այլ անդամներ, նայում են` դիմակը կզակի տակ, դիմակը քթի տակ: Այ հենց այդ մինիմալին հասցնելու ցանկությունն է, որ թույլատրելի են հետևի նստատեղերը»:

XS
SM
MD
LG