Մատչելիության հղումներ

Վանաձորում հանրային տրանսպորտը վերագործարկվեց, մանկապարտեզները՝ ոչ


Այսօր Վանաձորում երկարատև դադարից հետո վերագործարկված քաղաքային տրանսպորտում դիմակներ գրեթե բոլորն էին կրում։

Ավելի քան երկու ամիս հիմնականում տաքսիներով տեղափոխված վանաձորցիներն ուրախ էին, տրանսպորտի վերագործարկման հետ իրենց ծախսերը նվազել են։

Բայց երթուղային տաքսիները թերբեռնված էին աշխատում։ Վարորդները դժգոհ էին՝ մի քանի ուղևորով քաղաքի մի ծայրից մյուսն են հասնում։

Այսօր Վանաձորում զգալիորեն մեծացել էր շարժը։ Դա նաև շուկայի հարևանությամբ ամեն օր աշխատող կարգավար Սմբատ Դավթյանն էր զգացել։ Ասաց, որ անգամ դիմակ կրող քաղաքացիներն են ավելացել․ - «Նկատելի ա, որ ժողովուրդը շատ են, մեքենաները շատ են։ Ժողովուրդը ոնց որ արդեն ենթարկվում են, բոլորն էլ արդեն օրենիք համաձայն էդ դնչկալներով, ձեռնոցներով․․․»

Ինչ վերաբերում է նախադպրոցական հիմնարկներին, ապա այսօր Վանաձորում որևէ համայնքային ենթակայության մանկապարտեզ չի բացվել։ Ծնողները կա՛մ խուսափում են, կա՛մ էլ աշխատող չեն։ Պարետի պայմանն է՝ մանկապարտեզ կարող են հաճախել միայն աշխատող ծնողներ ունեցող երեխաները։

Երեկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն «Ազատությանն» ասել էր, որ մի քանի օր կպահանջվի մանկապարտեզների տարածքներն ախտահանելու և համապատասխան պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու համար․ - «Ովքեր հնարավորություն չունեն տանը թողնելու երեխաներին, նրանք կբերեն։ Կարծում եմ, շատ չեն լինի»։

Այսօր դեռ երեխաներին մանկապարտեզ բերելու ցանկություն ունեցող ծնողների վերջնական ցուցակները չունեն, բայց համայնքային մանկապարտեզներից «Ազատությանն» ասացին, որ հատուկենտ են ծնողները, որոնք ցանկություն են հայտնել մանկապարտեզ տանել երեխաներին։ Այս պայմաններում դեռևս հայտնի չէ՝ մինչև հունիս կբացվե՞ն մանկապարտեզները, թե՞ ոչ։

Մարզկենտրոնից 50 կմ հեռու՝ Ալավերդի համայնքում ևս որևէ մանկապարտեզ այսօր չի բացվել։ Բոլոր 9 մանկապարտեզների աշխատող ծնողները խուսափել են և նշել, որ առայժմ կսպասեն՝ տեսնելու ինչպես է զարգանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։

Պետական հիմնարկներից մեկի աշխատող Հասմիկ Շահինյանը, ով մանկապարտեզի տարիքի երեխաներ ունի, ասաց, թե պարետի առաջադրած պայմաններին համաձայն չէ։ Երեխաներին առայժմ տատիկի խնամքին կթողնի․ - «Չեմ կարծում, որ 3-4 տարեկան երեխան կկարողանա էդ պայմաններում մնալ։ Դիմակը կրելը նրա համար շատ դժվար կլինի․․․ ո՞նց կհամոզենք էրեխուն, որ ինքը էդ սոցիալական հեռավորությունը պահի, ես ուրիշ ճաշիկ տանեմ, մի ուրիշ ծնող մի ուրիշ ճաշիկ տանի․․․ Հնարավոր չի»։

Նշենք, որ Լոռու մարզում մինչև օրս կորոնավիրուս է հաստատվել 54 մարդու մոտ։ Նրանցից 29-ն արդեն առողջացել են։ Տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում 25 հիվանդ։

XS
SM
MD
LG