Մատչելիության հղումներ

Փորձագետը քաղաքացիներին հորդորում է չթուլացնել զգոնությունը


Հանրային առողջապահության մասնագետ Վարդուհի Պետրոսյանի խոսքով, Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը, վերջին հաշվարկներով, կրկնապատկվում է 17 օրը մեկ, ինչն արագ տարածվող այս վարակի դեպքում կարելի է հաջողություն համարել։

Սակայն Պետրոսյանը շտապում է հավելել, որ իրավիճակը կվատթարանա, եթե հասարակությունն այս մարտահրավերը լուրջ չընդունի․ - «Հիվանդների քանակը մեր առողջապահության համակարգի հնարավորության սահմաններում է, բայց դա չի նշանակում, որ պետք է զգոնությունը կորցնել, քանի որ, եթե նայենք վերջին մի քանի օրերին հայտնաբերված նոր դեպքերին, կա թեթևակի աճի միտում»։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկանի խոսքով, ցանկացած երկրի Կառավարության գլխավոր նպատակն այն է, որ թույլ չտա վարակի այնպիսի տարածում, որ կորոնավիրուսով հիվանդների քանակն ավելի լինի, քան երկրի առողջապահության համակարգն ի վիճակի է պատշաճ սպասարկել ու բուժել։

Հայաստանում այս առումով իրավիճակը ներկա պահին կառավարելի է, սակայն կարող է և վատթարանալ՝ եթե հանրությունը զգոն չլինի․ - «Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ մեր բնակչությունը մի փոքր․․․ պակասում է լուրջ մոտեցումը, իմ կարծիքով։ Դրա համար մեր բոլորի ջանքերն են անհրաժեշտ, և պետք է խստորեն և մեծ ուշադրութամբ հետևել այդ կանոններին՝ հեռավորություն պահպանելը, չկուտակվելը, եթե հանրային վայրերում եք գտնվում, որտեղ հնարավոր չէ շատ հեռու իրարից գտնվել, անպայման դիմակների կրումը»։

Եթե ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 14-ին կորոնավիրուսով վարակվածներին թիվն ավելացել էր 44-ով, ապա երեկ հիվանդների թիվն ավելացել է 62-ով։ Պետրոսյանը չի բացառում, որ սա կարող է պայմանավորված լինել մարդկանց ակտիվությամբ Սուրբ Հարության տոնին․ - «Զատիկի հետ կապված, որոշակի մարդկային կուտակումներ եղել են որոշ խանութներում, և միգուցե այսօրվա ավելի բարձր թիվը որոշակի կապ ունի։ Իհարկե, դա ապացուցման կարիք ունի»։

Քանի դեռ աշխարհում չկա նոր կորոնավիրուսի պատվաստանյութ, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ դեռ վաղ է խոսել դրա մասին, Պետրոսյանն ասում է, որ ամիսներ շարունակ ողջ աշխարհը, այդ թվում նաև Հայաստանը պետք է փորձի ապրել փոփոխված վարքագծով․ - «Այդ պատճառով, եթե նույնիսկ տնտեսության որոշ օղակներ արդեն նորից սկսել են աշխատել, նույնիսկ աշխատանքի գնալիս անհրաժեշտ է պահպանել այդ կանոնները։ Եվ այստեղ անելիք ունեն և՛ անհատ քաղաքացիները, և՛ գործատերերը»։

Կորոնավիրուսի դեմ պայքարում հանրային առողջապահության մասնագետը շատ կարևոր է համարում, որ կառավարությունները հիվանդների քանակն ու մահվան դեպքերի թիվը չթաքցնեն հանրությունից։ Այս առումով Պետրոսյանը դրական է համարում Հայաստանի կառավարության մոտեցումը՝ աշխատել հնարավորինս թափանցիկ․ - «Նաև ահռելի քանակի հանրային առողջապահական միջոցառումներ են ձեռնարկվել։ Այսինքն՝ հասարակության գիտելիքների մակարդակը բարձրացնելու բազմաթիվ նյութեր են պատրաստվել, և այստեղ Առողջապահության նախարարությունը շատ էֆեկտիվ ձևով համագործակցել է տարբեր հաստատությունների հետ, այդ թվում նաև մեր Հանրային առողջապահության ֆակուլտետի մասնագետների հետ»։

Մեր հարցերին առաջնային օղակում՝ պոլիկլինիկաներում տիրող վիճակի, հիվանդանոցում վարակների տարածումը կանխող ոչ բավարար միջոցառումների և այլ խնդիրների մասին, Պետրոսյանը պատասխանեց՝ վկայակոչելով առողջապահությանը հատկացվող ֆինանսական միջոցոները․ - «Եվ ելնելով նրանից, թե մենք ինչ ռեսուրսներ ունենք այս պահին՝ պետք է հիշել, որ մոտավորապես 1,5 տոկոսը մեր համախառն ներքին արդյունքի, որպես հանրային միջոցներ, որոնք առաջացել են հարկերից, ընդամենը այդքան միջոց է տրամադրվում առողջապահության համակարգին։ Ելնելով, թե ինչքան սուղ միջոցներ են տրամադրվում մեր համակարգին՝ ԱՀԿ-ի փորձագետները նույնպես տպավորված էին, թե ինչ կարճ ժամանակում մեր երկրում ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել այս մարտահրավերին արձագանքելու համար»։

Հարցին, թե արդյոք Հայաստանում բավարար թվով մարդիկ են թեստավորվում՝ հաշվի առնելով այն երկրների դրական փորձը, որոնք կարողացել են հաղթահարել կորոնավիրուսի տարածման պիկը, Պետրոսյանը պատասխանեց․ - «Մենք ունենք ամենաքիչը 20 հազար թեստ մեկ միլիոն բնակչությանը։ Եվ ինչ է այս դեպքում մեր Առողջապահության նախարարություն անում։ Իրենք ընդլայնել են թեստավորումները՝ 600-ից 1000, նույնիսկ 1100 թեստեր։ Այսինքն՝ կարծում ենք, որ մենք այն երկրների շարքին ենք դասվում, որոնք մեծ քանակով ակտիվ թեստավորում են անում, որը պետք է որ օգնի նորից կորը հարթեցնելու խնդրում»։

XS
SM
MD
LG