Մատչելիության հղումներ

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 2,5 միլիոն դեպք


Կորոնավիրուսով ախտահարվածին փոխադրում են Բրուքլինի հիվանդանոց, Նյու Յորք, ԱՄՆ
Կորոնավիրուսով ախտահարվածին փոխադրում են Բրուքլինի հիվանդանոց, Նյու Յորք, ԱՄՆ

Ողբերգական վիճակագրությամբ առաջինը ԱՄՆ է

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, ապրիլի 21-ին, Երևանի ժամանակով 16:00-ի դրությամբ աշխարհում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտեցել է 2,5 միլիոնի:

COVID-19 հիվանդության զոհ է դարձել ավելի քան 170 հազար մարդ: Ապաքինվել է շուրջ 660 հազար հիվանդ:

Վարակվածության և մահացության վիճակագրությամբ առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ արձանագրվել է ախտահարման ավելի քան 780 հազար դեպք, մահացել է ավելի քան 42 հազար 300 հիվանդ:

Թրամփ. «Մարդիկ պետք է ընդունեն, որ արագ եմ գործել»

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Սպիտակ տունը ժամանակին չկայացներ խիստ վճիռներ՝ այսօր իրավիճակն էլ ավելի ծանր կլիներ:

Թրամփին քննադատել են կարանտինն ուշ սահմանելու համար, մասնավորապես նշելով, որ անհրաժեշտ էր արգելքներ հայտարարել մարտ ամսից առաջ:

Թրամփը երեկ ասել է, որ Սպիտակ տան վճիռների ցուցակում մեծ նշանակություն ունի Չինաստանից և Եվրոպայից մարդկանց մուտքն Ամերիկա միառժամանակ արգելելու հրամանագիրը:

«Ես Չինաստանից և Եվրոպայից արգելեցի Ամերիկա գալ դեռ մարտ ամսից առաջ, այնպես որ մարդիկ պետք է ընդունեն, որ ես շատ արագ եմ գործել, դժվար էր դա անել, բայց արել եմ», - ասել է Թրամփը:

Երեկ ԱՄՆ նախագահը՝ չմանրամասնելով, ասել է նաև, թե մտադիր է գործադիր հրամանագրով միառժամանակ արգելել ներգաղթյալների մուտքը երկիր:

«Կարանտինի թուլացումը համավարակի ավարտ չէ»

Աշխարհի մեծ թվով երկրներում սկսում են թուլացնել կարանտինի ռեժիմը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այդ կապակցությամբ նախազգուշացնում է, որ արգելքներից հարկ է հրաժարվել շատ դանդաղ և զգուշավոր եղանակով:

«Այսօր ցանկանում ենք վերահաստատել, որ արգելքների թուլացումը բնավ չի նշանակում համավարակի ավարտ որևէ երկրում: Դրա համար անհրաժեշտ են մարդկանց, համայնքների և կառավարությունների տքնաջան աշխատանքը, պետությունները պետք է շարունակեն զսպել և վերահսկել այս մահացու վիրուսը», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Նրա փոխանցմամբ, թուլացումը կարող է օգնել տվյալ երկրին մեղմել վիճակը, բայց համավարակի դադարեցում ինքնին չի ապահովի:

Պետությունները պարտավոր են հնարավորինս արագ բացահայտել ախտահարումը, մեկուսացնել հիվանդին, բուժել նրան և հսկողության տակ վերցնել բոլոր նրանց, ովքեր շփվել են հիվանդի հետ:

ԱՀԿ ղեկավարը միջազգային հանրությանը զգոնության կոչ է արել, ասելով, որ աշխարհում շատ մարդիկ դեռևս չեն հասկանում, թե որքան մահացու է նոր կորոնավիրուսը:

Արձագանքելով Վաշինգտոնի քննադատությանն առ այն, որ կազմակերպությունը դանդաղ է գործել և արժանահավատ տեղեկատվություն ժամանակին չի տրամադրել, Թեդրոս Գեբրեյեսուսը ասել է, որ կազմակերպությունը ոչ մի ինֆորմացիա երբեք չի թաքցրել և մշտական կապի մեջ է եղել բոլորի, այդ թվում՝ ամերիկացի մասնագետների հետ:

«Յուրաքանչյուր կյանքն է անգին»

«Նույնիսկ գերհարուստ և գերզարգացած պետություններն են անակնկալի եկել: Հավատացեք, վատագույնը դեռ առջևում է», - զգուշացրել է Գեբրեյեսուսը և վերստին ընդգծել համատեղ ջանքերով վիրուսի դեմ պայքարելու կարևորությունը:

«Եկեք վերջ տանք այս ողբերգությանը, հարյուր հազարավոր զոհեր են, դա լուրջ բան է, յուրաքանչյուր կյանքն է անգին, եկեք ասենք՝ բա՛վ է», - հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

XS
SM
MD
LG