Մատչելիության հղումներ

Վարակաբանը կորոնավիրուսի դեպքերի աճը պայմանավորում է մարդկանց պահվածքով


Եթե վերջին վեց օրերի ընթացքում Հայաստանում բացահայտվել է միջինում օրական չորս տասնյակից ավելի դեպք, ապա այսօր կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը հասել է 62-ի:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է վերջին 1 շաբաթվա վիճակագրությունը և ընդգծել՝ կա աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4 տոկոսի սահմաններում:

«Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատանվում է 700-800-ի սահմաններում», - գրել է նախարարը և զգուշացրել՝ բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ, զգոնությունը կորցնել չի կարելի։

Մարտի 1-ից ի վեր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1401 դեպք, երեկ ևս երկու մարդ է մահացել, այսպիսով մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 24-ի։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, մեկ օրվա ընթացքում հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 29-ով և հասել 609-ի։

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ մահացածները 65 և 88 տարեկան էին, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: 24 մահացածների մեջ ամենաերիտասարդը 55 տարեկան էր, ամենատարեցը՝ 93։

Թորոսյանը մտահոգիչ է համարում որոշ երևանյան և մարզային բուժաշխատողների շրջանում արձանագրվասծ դեպքերը՝ կոչ անելով բուժաշխատողներին անպայման կիրառել պաշտպանական միջոցներ, որպեսզի «առաջինը իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների»:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, վարակաբան Հասմիկ Ղազինյանն «Ազատության» հետ զրույցում դեպքերի աճը պայմանավորում է մարդկանց վարքագծով՝ շատերը չեն պահպանում սոցիալական հեռավորությունը, փողոց կամ գնումների են դուրս գալիս առանց պաշտպանիչ միջոցների, նկատում է բժիշկը։

«Այն, ինչ որ արվում է առաջնագծում, իսկ մեր բուժաշխատողները, բժիշկները առաջնագծում անում են հերոսություններ, և իրենք հերոս են, բայց թիկունքը կարծես թե չի պաշտպանում առաջնագծի աշխատողների ձեռքբերումները: Նոր դեպքերի գրանցումը և աճը, այնուամենայնիվ, ես մի անգամ էլ եմ ասել, շարունակում եմ ասել՝ շատ կապված է ժողովրդի պահվածքից և ժողովրդի ըմբռնումից», - ասաց Ղազինյանը:

Վարակաբանը շեշտում է՝ հատկապես փակ տարածքներում պետք է պահպանվեն անվտանգության կանոնները, բայց եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում, որ թվերը էլի կաճեն:

«Ես նորից եմ ասում՝ եթե դրսում գտնվելով, մարդիկ պահպանեն սոցիալական տարածությունը, իրար հետ հանդիպումից առաջ անպայման դիմակների կրումը, սա դեռ աճի ռիսկ չէ: Աճի ռիսկը փակ տարածություններում, հասարակական վայրերում և հենց գնումների ժամանակ այդ բոլոր խանգարումներն են, այո, կաճի, բնականաբար: Ցավում եմ, որ որքան գնալով ես հասկանում եմ, որ մի տեսակ մենք ըմբռնումով չենք մոտենում այն ինֆեկցիային, որը ներկայումս գործում է մեզ մոտ, և առաջնագծի այդ բժիշկներին, կարծում եմ, այսպիսի պահվածքով մենք դեռ երկար ժամանակ կպահենք լարված վիճակում», - նշեց Հասմիկ Ղազինյանը:

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ Գեորգի Կանտարիան, որն այժմ բուժում է Երևանի հյուրանոցներից մեկում տեղավորված 100 հիվանդների, քաղաքացիներին հորդորում է մնալ տանը՝ նվազագույնի հասցնելով շփումները, պահպանելով անվտանգության կանոնները։

«Նախ ես մի հատ այսպիսի բան ցույց տամ, ինչն ամենակարևորն է և մեր մոտ նույնիսկ բուժաշխատողների զոննայի մասն է, սակայն այսպես՝ ախտահանիր ձեռքերդ՝ կարևոր հարցն է, որը պետք է պահպանվի, ամենուրեք մենք կպցրել ենք նմանատիպ գրածներ: Ինչ վերաբերում է մարդկանց շարժին, գուցե ճիշտ է, ես չեմ տեսնում դա, բայց կարծում եմ, որ պատճառը նա է, որ մարդիկ մի քիչ լուրջ չեն վերաբերվում, մտածում են, որ դա ուղղակի սուտ ինֆորմացիա է, անլուրջ ինֆորմացիա է, որը ուզում եմ հավատացնեմ մարդկանց, որ իրոք դա կա, և իրենց օգնությունը նույնպես պետք է: Միայն բժիշկների օգնությունը քիչ է», - ասաց Գեորգի Կանտարիան:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 768 մարդ: Մինչ օրս թեստավորվել է 13 հազար 929 մարդ։

XS
SM
MD
LG