Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով՝ հասնելով 1401-ի, գրանցվել է մահվան ևս երկու դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 29-ով և հասել 609-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 13 հազար 929 է:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքում գրում է՝ մահացել են 88 և 65 տարեկան կանայք, որոնք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 768 մարդ:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 24-ի: