Կառավարությունը այսօր որոշեց կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ևս 30 օրով երկարաձգել մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը՝ այն սահմանելով մինչև մայիսի 14-ը, ժամը 17:00-ն:
Նախագծի զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցրեց՝ նախագիծը իրավաչափության հետ կապված որևէ խնդիր չունի:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ նախատեսում է, որ եթե այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, շարունակում են պահպանվել, կառավարությունն իրավունք ունի կրկին երկարաձգել արտակարգ դրության ժամկետը», - ասաց Բադասյանը:
Նախագծով ուժը կորցրած է ճանաչվում ԶԼՄ սահմանափակումներին վերաբերող գլուխը։
«Եթե հետագայում մոնիտորինգը ցույց կտա, որ այսպես կոչված ֆեյքային նորությունները լայն ծավալում կստանան, մենք, կառավարության որոշմամբ, կարող ենք վերադառնալ և կիրառել նույն սահմանափակումները», - նշեց արդարադատության նախարարը:
Հաջորդ փոփոխությամբ՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կայանատեղիների տեղական տուրքը չվճարելու և Ճանապարհային ոստիկանության վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթներով արգելանք չի կիրառվի, տեղեկացրեց նախարարը:
«Ժամանակահատվածի ավարտից հետո արգելանքները, բնականաբար, սովորական կարգով կիրառման ենթակա կլինեն», - ընդգծեց Ռուստամ Բադասյանը:
Այս նախագիծը ենթադրում է նաև սեփականության իրավունքի սահմանափակումներ՝ ոչ կամավորության հիմքով: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովող միջոցառումներ կիրառելու նպատակների համար: Օրինակ՝ հիվանդներին կամ ռիսկային խմբում գինվող անձանց որևէ տարածքում տեղակայելու անհրաժեշտություն», - ասաց նախարարը:
Կառավարությունը այսօրվա որոշմամբ հաստատեց նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, համաձայն որի՝ գործադիրը 50 տոկոսով կփոխհատուցի որոշ սպառողների փետրվարի գազի և էլեկտրաէներգիայի վճարները:
«Հայաստանում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա: Մենք ուզում ենք նաև էնպիսի քաղաքականություն վարել, որ այդ կուլտուրային որևէ ձևով չվնասենք, որովհետև դա շատ կարևոր է, այդ պատճառով 50 տոկոսով ենք փոխհատուցում ծախսերը», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: