Մատչելիության հղումներ

«Քաղում ենք ու թափում»․ ծաղիկ աճեցնողները մեծ վնասներ են կրում


Արարատի մարզի Գեղանիստ գյուղով անցնող ճանապարհի երկու կողմերին գտնվող ծաղկի խանութները պարապուրդի են մատնված, օրերով հաճախորդի երես չեն տեսնում։

Տիկին Ագնեսսան ասում է՝ խանութը փակել էր, մեռելոցին մի քանի ծաղիկ վաճառելու հույսով է վերջերս բացել, բայց առևտրի փոխարեն դեռ միայն թառամած ու չորացած ծաղիկներն է թափում՝ հստակ չպատկերացնելով, թե սրա վերջն ինչ է լինելու.- «Այ էսի երևի մի 25 հազար դրամ ես հիմա թափում եմ»:

Խանութը անցած տարի է բացել, պարտքեր արել, ապառիկով կահավորել ու անհամբեր սպասում էր ծաղկի վաճառքի համար բարենպաստ շրջանին՝ տոներով ու հիշատակների օրերով հարուստ գարնանը, սակայն ասում է` համավարակի պատճառով այսօր թե՛ ինքը, թե՛ համագյուղացիները ծանր վիճակում են հայտնվել.- «Ե՛վ ջերմոցների վիճակն է շատ վատ, առևտուր չկա, բերքը եղել է, առևտուր չկա, և՛ խանութների վիճակը: Ես չեմ կարա ասեմ` ես էսքան ծաղիկ եմ թափել, բերեք, իմ փողը տվեք, մարդիկ են զոհվում, էսօր էլ մահ ունենք, հիմա ես չգիտեմ` դե թող իմ դժբախտությունն էլ ծաղիկը թափելու, վերցնելու մեջ լինի»:

Գեղանիստում շատերն են կապված ծաղկի բիզնեսի հետ. գյուղացիների մի մասը ջերմոցներ ունեն, ծաղիկ աճեցնելու գաղտնիքները սերնդեսերունդ են փոխանցում։ Զրույցին միացած Գայանե Մարկոսյանը տիկին Ագնեսսայի հարևանուհին է, նա էլ ջերմոց ունի.- «Գոյատևում ենք, ոչ թե ապրում ենք, եթե էստեղ առևտուր չկա, բնական է` ջերմոցում էլ չկա ոչ մի բան, քաղած է, եթե առիթ չկա, ուրախություն չկա, ծնունդ չկա, ո՞վ է առնում: Հիմա էլ մարդիկ փող չունեն արդեն, մի խոսքով` չգիտենք, կարող է պատահի, որ էս սեզոնի վերջում երկու հարևանով կռվենք, ես իրեն ծաղիկի փողը չկարենամ տամ, ինքն էլ ինձ չկարենա զիջի»:

Տիկին Գայանեն ուղեկցում է իրենց ջերմոց, ասում է՝ ծաղիկները քաղել են, սակայն իրենցից մշտապես գնող և շուկայում վերավաճառողները չկան, շուկան փակ է, հույսը պատահական գնորդների վրա է, նրանք էլ այժմ շատ հազվադեպ են գալիս, ոչ ուրախ առիթների համար.- «Էս արդեն 2 ամիս է` քաղում ենք էս սիրուն ծաղիկները, թափում ենք, օրվա սկի հացի փող չի գալիս, բայց բնական է` չենք կարա անտեսենք, պարարտանյութն առնում ենք, սրսկման համար թունաքիմիկատներն առնում ենք, որովհետև եթե չմշակենք, հետագան չենք ունենա»:

Տիկին Գայանեի խոսքով` իրենք հիմա շատ բարդ վիճակում են հայտնվել։ Ձմռանը ջերմոցը պահելու համար ամսական մեկ միլիոն դրամից ավելի գազ են սպառել, վարկ են վերցրել` այդ գումարը վճարելու համար՝ գարնանն իրենց վարկը փակելու հույսով, սակայն հիմա ծաղիկը քաղում են ու թափում.- «Ամենածաղկուն ժամանակն է, որ գազը չէինք վառում, որ պիտի մի քիչ մենք կարողանայինք թեթևանայինք, ասենք` ծախեինք, պետության վարկերը տայինք, հիմա լրիվ ընկել ենք հորը, կարելի է ասել, չենք կարում էտտեղից դուրս գանք, ի՞նչ ենք անելու, չգիտեմ»:

Տիկին Գայանեն կարծում է` այս իրավիճակում վարկային արձակուրդները չպետք է երկու ամսով սահմանափակվեն։ Իրենց հիմնական վաճառքի սեզոնն արդեն անցնում է, սպասված գումարը չեն ստանալու.- «Հիմա իրենք ասում են` վարկը սառեցրել են, վարկային արձակուրդ է, հաշիվները չենք մուծում, բայց եթե գա մայիսի 17-ը, մեկ ա` մենք էլի չենք կարալու մուծենք, հունիսի 17-ին էլ չենք կարալու մուծենք, որովհետև ժողովուրդը մինչև արթնանա, մինչև էս բույսը վաճառվի, խելքի գան մարդիկ, ոնց որ ասած, որովհետև մարդիկ էսօր հացի փող չունեն, ո՞ւր մնաց թե ծաղիկի ու մեկելի, ճիշտը խոսենք, առաջնայինը սնունդը չի՞, նոր մնացած բաները: Մի քիչ էլ գումարով աջակցեն, էլի տալու ենք, անտոկոս վարկեր տրամադրեն, էտ ա հարցը: Հա էտ մի միլիոնը, մի միլիոնի գազ ենք մենք վառել»:

Անժիկ Հակոբյանը վարդեր է աճեցնում, նույն խնդիրն էլ իրենց մոտ է.- «Շատ ենք չարչարվել, ամբողջ ձմեռ վառել ենք գազը, էն որ ճղես, թափես գազի փողը: Հիմա եկել է վարկերի վախտը, հա ճիշտ ա, ինչ-որ ասում են` արձակուրդ են տվել, բայց նենց չլինի, որ կոլոլվի իրար վրա, չկարենանք, ամառն էլ լավ չի ծախվում, մեր ծախելու վախտը հիմա էր»:

Հարսին՝ Անահիտին է կանչում.- «Հա, ասենք` էս 2 ամիսը ասում են` մի մուծեք, բայց վերջը պետք է մուծենք չէ՞, բայց ո՞նց մուծենք»:

Կառավարության առաջարկած արտոնյալ պայմաններով մեկ միլիոն դրամ վարկն իրենց վիճակը դժվար թեթևացնի։ Գեղանիստի մեկ այլ բնակիչ՝ Վիկտորյա Հակոբյանն արդեն դիմել է կառավարության արտոնյալ վարկը ստանալու համար։ Սակայն ասում է՝ գլոբալ առումով 1 միլիոն դրամը հարցը չի լուծի.- «Ճիշտ է` քիչ է, բայց դե ի՞նչ անենք: Եղածով պետք ա գոնե բույսերիս կեսը փոխեմ, որ էս աշունը կարողանամ...էտ մի միլիոնը ոչ մի բան ա, չի լուծում, հնարավոր չի լուծի, հիմա կոպիտ եմ ասում, բայց ոչ մի բան ա»:

Ամենամեծ խնդիրը իրենց վարկերի ժամկետներն ու սպառած գազի ու էլեկտրաէներգիայի համար վճարելն է.- «Դե գոնե գազը զեղչ անեն էլի, ենթադրենք` վառել ենք մի միլիոն, գոնե ասեն` 500-ը վճարեք, կամ գոնե ինչ-որ որոշակի գումար դնեն, ասենք... մինչև ամառ մենք չենք կարենալու էսի վճարենք»:

«Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Պողոս Գևորգյանն ասում է՝ Հայաստանի մոտ 1200 հեկտար ջերմատների 40 տոկոսը ծաղիկ է աճեցնում, ամենաբարդը հիմա հենց նրանց վիճակն է, ծաղիկն առաջին անհրաժեշտության ապրանք չէ, շուտ է փչանում, աճեցնելն էլ մեծ գումարների հետ է կապված.- «Կատաստրոֆիկ վիճակի մեջ են, ո՞նց պիտի դուրս գանք սրա տակից, չգիտեմ, ես ուզում եմ գյուղնախարարին հանդիպեմ, էկոնոմիկայի զամն է... բայց էտ շենքը մտնել չի լինում, փակ է շենքը, չես կարա մտնես, զանգում եմ հեռախոսներին, պատասխանող չկա, որ մեկի հետ կապի մեջ մտնեմ, ասեմ` ո՞նց անենք: Պարետը ո՞ր մեկով զբաղվի: Պետք է իրենց ընդառաջ գնալ, հետո այս ջերմոցները Հայաստանի գյուղատնտեսության զարգացման կարևոր ճյուղերից է, որովհետև ինքը թանկ պրոդուկտ է»:

XS
SM
MD
LG